Democracy

Ռազմավարական հայեցակարգը ժողովրդագրական ոլորտում

 

  • Ոլորտում տիրող իրավիճակը

Հայաստանի ու հայության ժողովրդագրական վիճակը և հիմնախնդիրները

  • Հայաստանի ժողովրդագրական ներկա վիճակը գնահատվում է որպես համաղետային: ՀՀ-ում տևաբար շարունակվում է պետական քաղաքականությամբ խրախուսվող զանգվածային արտագաղթը, առկա է ծնելիության անկում, բնակչության ծերացում, բնակչության ծայրահեղ կենտրոնացում մայրաքաղաքում: Նույն երևույթներով բնորոշվող աղետալի վիճակ է տիրում Արցախում, ուր նաև անմարդաբնակ են թողնվում ազատագրված տարածքները: Ջավախքում տարիներ շարունակ տարվում է հայաթափման և ուծացման քաղաքականություն: Սփյուռքը արագ տեմպերով ուծացման է ենթարկվում:
  • Համաձայն պաշտոնական տվյալների` ՀՀ բնակչության թիվը ներկայումս կազմում է ավելի քան 3,2 մլն մարդ: Իրականում, հիմնվելով լուրջ ժողովրդագրագետների արժանահավատ տվյալների և գնահատումների, ինչպես նաև ընթացող գործընթացների դիտարկումների վրա, կարելի է վստահությամբ ենթադրել, որ հայկական բարձրավանդակի որակապես հայաբնակ մնացած հատվածում (ՀՀ, Արցախ և Ջավախք) ներկայումս բնակվում է մոտ 2,2 մլն, լավագույն պարագայում 2,5 մլն մարդ, մինչդեռ 1989 թ. նշյալ տարածքում բնակվում էր 3,85-4 մլն մարդ: Անցնող 20-23 տարիներին Հայաստանի հայաբնակ տարածքի բնակչությունը (գերազանցապես հայեր) փաստորեն պակասել է մոտ 40 տոկոսով:
  • Հայաստանի բնակչության թվի աղետալի նվազումը պայմանավորվում է մեծամասշտաբ զանգվածային արտագաղթով: Անցնող երկու տասնամյակների ընթացքում արտագաղթել է ավելի քան 1,5 մլն մարդ: Արտագաղթում են բնակչության գրեթե բոլոր շերտերը` գյուղաբնակներ և քաղաքաբնակներ, երիտասարդներ ու միջին տարիքի մարդիկ, կանայք և ավելի մեծ թվով` տղամարդիկ, ամբողջ ընտանիքներ, գործազուրկներ, բայց նաև` աշխատանքով ապահովվածներ, սոցիալապես անապահով բայց նաև` ապահովված քաղաքացիներ, կրթական տարբեր մակարդակ ունեցող մարդիկ:
  • Տղամարդկանց ավելի մեծ թվով արտագաղթի պատճառով խախտվել է բնակչության սեռային հավասարակշռությունը:
  • Բնական աճի իմաստով ևս իրավիճակը բնութագրվում է որպես աղետալի կամ աղետալիին շատ մոտ: Անցնող երկու տասնամյակներում արձանագրվել է չնչին բնական աճ: Բնակչության թիվը սոսկ կայուն պահելու համար պտղաբերության տարիքում գտնվող կանանց և երեխաների հարաբերակցության գործակիցը պետք է լինի 2,1, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում այս գործակիցը 1,36 է: Առավել մտահոգիչ է մայրաքաղաքից հեռու գտնվող գյուղերում ծնունդների թվի անկումը: Ընդհանրապես` ամուրի մնացած երիտասարդների թիվն ավելացել է, ամուսնության տարիքը՝ բարձրացել:
  • Հաջորդ տարիներին և տասնամյակներին Հայաստանին սպառնում է բնական աճի առումով ներկայինից էլ վատ, ծայր աստիճան սպառնալից իրավիճակ: Վերջին տարիներին իրենց կյանքի պտղաբերության, սերնդագործության շրջանն էին ապրում 1980-ական թվականներին ծնվածները: Այդ սերունդը թվով ամենամեծաքանակներից էր Խորհրդային Հայաստանի պատմության ընթացքում ծնվածների համեմատ (տարեկան մինչև000 երեխա): Եթե, կոպիտ հաշվարկով 80 հազարանոց սերունդը ծնում էր տարեկան ոչ ավելի քան 40 հազար երեխա, կարելի է պատկերացնել, թե որքան երեխա կծնի 1990-ականների սերունդը, տասնամյակ` որի ընթացքում հայտնի պատճառներով երկրում նոր ծնվածների թիվը տատանվել է տարեկան 30-40 հազարի միջև:
  • Ծնելիության ցածր մակարդակի և արտագաղթի բարձր տեմպերի պայմաններում բնակչության տարիքային պատկերը նույնպես խիստ անհանգստացնող է. 18-30 տարեկանները կազմում են բնակչության շուրջ 20%-ը (ի համեմատություն` հարևան Իրանում այս թիվն անցնում է 60%-ը): Մասնավորապես, գյուղական բնակավայրերում, այդ թվում` սահմանամերձ շրջաններում բնակչության ճնշող մեծամասնությունը ծերեր են: Իսկ սեզոնային արտագաղթի (խոպան) շրջանում գյուղերում գրեթե բացակայում են երիտասարդ և միջին տարիքի տղամարդիկ:
  • Պաշտոնական տվյալներով ՀՀ բնակչության 1/3-ը, իսկ իրականում` մոտավորապես կեսը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում:
  • Վարվող նորգաղութային տնտեսական քաղաքականության հետևանքով հավանական է, որ շուտով բախվենք էկոլոգիական գաղթի (պետության ներսում վերաբնակեցումներ և արտագաղթ)` երկրի որոշ շրջանների ամայացման, բնակչության դեպի այլ բնակավայրեր ներհոսքի և արտահոսքի դեպի արտերկիր: Էկոլոգիական արտագաղթի պատճառ կարող են դառնալ բնակավայրերին կից կամ բնակավայրերի հաշվին վերջին տարիներին ահագնացող տեմպերով բացվող մետաղական և այլ հանքավայրերը: Առանձնակի մտահոգիչ են տարբեր մարզերում Ռուսաստանի թելադրանքով սկսված ուրանի հետախուզական աշխատանքները:
  • Արտագաղթի և բնական աճի ներկա միտումների շարունակման պարագայում, կարելի է առանց չափազանցության կանխատեսել, թե առավելագույնը 2-3 տասնամյակից (շատ հավանաբար ավելի շուտ), ներկայիս Հայաստանի (ՀՀ, Արցախ և Ջավախք) բնակչության թիվը կհատի 1 միլիոնի շեմը, իհարկե` դեպի ներքև: Երկիրն անկարող կլինի դիմագրավելու իր անվտանգությանն սպառնացող անխտիր բոլոր մարտահրավերներին, Հայաստան երկիրը, պետությունը և հայ ազգը կկանգնեն վերացման շեմին:  Դրան կնպաստի նաև ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրը:
  • Հայաստանում ժողովրդագրական սուր հետընթացին զուգահեռ, հարևան երկրները արձանագրում են աճի բարձր տեմպեր: Ըստ տարբեր կանխատեսումների` 2050 թվականին Թուրքիան կունենա ավելի քան 100 մլն բնակիչ (թեկուզ և 20-35 տոկոսով` քրդեր), Իրանը ևս` շուրջ 100 մլն, որից նվազագունը 30-40 տոկոսը Հայաստանի հարևանությամբ ապրող ադրբեջանցի թուրքեր): Ըստ կանխատեսումների` Ադրբեջանը 2050 թվականին կունենա 10-12 մլն բնակիչ:
  • Պատկերը նունքան աղետալի է սփյուռքում: Սփյուռքահայության շրջանառվող 7 մլն թիվը պարզապես առասպել է. նախաեղեռնյան և ետեղեռնյան տարիներին ԱՄՆ, ինչպես նաև  ետեղեռնյան տարիներին Ֆրանսիա գաղթած հայերից սերած բազմահարյուր հազարավոր սերունդներն, օրինակ, ջախջախիչ մեծամասնությամբ ուծացված են:  Պատկերը նույնն է մինչ ԽՍՀՄ փլուզումը միութենական հանրապետություններում բնակվող հայերի պարագայում: Վերջին տասնամյակներում առկա է հայապահպանման առումով շատ ավելի կայուն Միջին Արևելյան երկրներից զանգվածային արտագաղթ դեպի արևմուտք, որտեղ ուծացումը արագ տեմպերով է ընթանում: Վերջին քսանամյակում Հայաստանից արտագաղթած զանգվածները ցուցաբերում են նոր երկրներում արագ տեմպերով ամբողջությամբ տեղայնանալու հակում: Առավելագույնը երկու սերունդ, և սփյուռքահայությունից կմնան կղզյակներ:
  • Արցախի ազատագրված տարածքներն արդեն շուրջ քսան տարի շարունակ չեն վերաբնակեցվել և այժմ էլ վերաբնակեցման ծրագրերը գրեթե կասեցված են:
  • 2013 թ. նախագահական ընտրություններից հետո, որի ընթացքում ժողովրդի կամքի նկատմամբ հերթական բռնացման միջոցով վարչախումբը վերարտադրվեց ի դեմս գործող նախագահի, իսկ քաղաքական դաշտն ու նրա տիտղոսակիր ընդդիմությունը վերջնականապես անգործունակ դարձան, ժողովրդին պատած հուսահատությունը հարուցել է արտագաղթի նոր ալիք, որն իր տեմպերով ու ծավալներով համեմատելի է 1990-ականների առաջին տարիների զանգվածային արտագաղթին:

          Պատճառները/գործոնները և դերակատարները

  • Հայաստանում տիրող ժողովրդագրական իրավիճակի և միտումների հիմնական պատճառը երկրում հաստատված նորգաղութային կեղեքումն է, որը, մասնավորապես, արտահայտվում է հետևյալ անմիջական դրսևորումներով.
  • հայրենիքում հայ մարդն ինքն իր և երկրի տերը չէ, ոտնահարված են նրա ազգային ու մարդկային ազատությունն ու արժանապատվությունը, իսկ արդարությունը խորը ճգնաժամի մեջ է,
  • փոքրաթիվ իշխող խավի արժեհամակարգը, հոգևոր-մշակութային, կրթական և բարոյական մակարդակն զգալի չափով ցածր են ժողովրդի միջին վիճակագրական համապատասխան պարամետրներից, ինչը նվաստացուցիչ է ժողովրդի համար,
  • այդ փոքրաթիվ խավի կողմից իր ձեռքում տնտեսության և տնտեսական լծակների կենտրոնացում (մենաշնորհացում և օրիգոպոլացում) և այդ իրադրությունն անխախտ պահելու համար վարվող տնտեսական քաղաքականություն, որոնք ծնել են սոցիալական խոր անարդարության վիճակ և առաջացրել խիստ բևեռացվածություն, արգելափակել են տնտեսական առաջընթացի ուղիները և ժողովրդի մեծամասնության համար ստեղծել սոցիալ-տնտեսական անելանելի դժվարություններ,
  • ավտորիտար քաղաքական ռեժիմ, իրավունքի ոտնահարմամբ և օրենքի ոչ-հավասար գործադրմամբ հատկանշվող պետական կառավարման համակարգ,
  • հակամշակութային վիճակ, կրթական մակարդակի, քաղաքակրթական մակարդակի և հոգևոր արժեքների անկում,
  • Հայաստանի քաղաքացիների` քաղաքացիական գիտակցության և հանրային կյանքին մասնակցելու անբավարար աստիճան,
  • համաշխարհային գործընթացները, այդ թվում` նորազատականությունն ու գլոբալացումը, որոնք խրախուսում են սոցիալական բևեռացվածությունը, խանգարում են մարդու ազգային և կոլեկտիվ իրավունքների գիտակցմանն ու հանուն դրանց իրականացման ինքնակազմակերպմանը, համաշխարհային ֆինանսական ինստիտուտներից կախվածության մեջ են գցում ժողովուրդներին ու պետություններին, պարտադրում են իրենց արժեքներն ու քաղաքականությունները` նպաստելով ազգային ինքնագիտակցության կորստին ու մշակութային համահարթեցմանը,
  • նշյալ պատճառներով ժողովրդի կարևոր հատվածի մոտ Հայաստանում իրենց և իրենց երեխաների համար հեռանկար չտեսնելու համոզումի գոյացում և ամրացում,
  • այս բոլորի հետևանքով` բարոյահոգեբանական մթնոլորտի ահավոր անկում, հույսի և հավատի կորուստ:
    • Բացի նշված անմիջական պատճառներից, ժողովրդագրական ճգնաժամը հետևանք է ավելի խորքային և էական պատճառի` Հայ մարդու և հայության գոյութենական ճգնաժամի` պայմանավորված հայկական պետականության բազմադարյա բացակայությամբ և օտարի լծի ու դրանցից բխող` անպաշտպանվածության զգացումով ու համոզվածությամբ, ինչը շարունակվում է իներցիայով և խոչընդոտում է հայ ազգի` որպես քաղաքական հանրության կայացմանը և արդիական ձևաչափով նրա ազգային արժեհամակարգի վերահաստատմանը:

Բացի ինքնըստինքյան արտագաղթի հոգեբանության աղբյուր լինելուց, գոյութենական ճգնաժամը նաև ահագնացնում է վերոնշյալ անմիջական պատճառների առաջացրած բացասական ժողովրդագրական հետևանքները:

  • Սփյուռքում տիրող ժողովրդագրական իրավիճակի և միտումների պատճառները հետևյալներն են.
  • ուծացման առաջնորդող առարկայական անխուսափելի գործոնները,
  • Հայաստանում ստեղծված իրավիճակը, որն սփյուռքահայերի շրջանում արգելակում է հայրենադարձության ձգտումը, ինչպես նաև ընդհանրապես թուլացնում իրենց կյանքի իմաստը հայկականության կենսագործմամբ պայմանավորելու վճռականությունը, գիտակցությունը կամ հակվածությունը,
  • սփյուռքահայության շրջանում հայկականությունը նորովի իմաստավորելու և ուծացման գործընթացները դանդաղեցնելու առումով` սփյուռքահայ լիդերների ցուցաբերած անտարբերությունն ու ապիկարությունը:

 

  • Եզրակացություն

Հայաստանի և հայության ժողովրդագրական վիճակն աղետալի է: Այդ վիճակն առաջացել է Հայաստանում հաստատված նորգաղութային կեղեքիչ կառավարումն ու պետականության հազարամյա կորստի, օտար իշխողների կողմից դարավոր հալածանքների ու ցեղասպանության պատճառով:

Հայությունը հայտնվել է գոյութենական ճգնաժամի մեջ, որի հաղթահարումը և հակառակ գործընթացի հարուցումը օրվա հրամայականն է:

 

  • Նպատակները
    • Հայաստանի և հայության ժողովրդագրական վիճակի շեշտակի և արմատական բարելավման հարաճուն գործընթացի ապահովում:
    • Հայկական գործոնի հզորացում:

 

  • Սկզբունքները
    • Հայապահպանություն:
    • Համահայկականություն:
    • Հայակենտրոնություն և հայաստանակենտրոնություն:
    • Ազգայինի գերակայություն:

 

  • Խնդիրները

          Հիմնական խնդիրը

  • Հետևյալ առանցքների շուրջ նպատակի իրագործման ազգային ռազմավարական ծրագրի մշակում և կատարում.
  • Հայության համախմբում և ներգրավում,
  • Հայաստանում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգևոր-մշակութային և բարոյահոգեբանական անտանելի իրավիճակի շրջադարձային փոփոխում ու արմատական բարելավում, այնուհետև` Հայաստանի վերածում համայն հայության կյանքի ու գործունեության համակարգման կենտրոնի և փարոսի,
  • զանգվածային հայրենադարձության և ծնելիության շեշտակի աճման ապահովում,
  • Հայ ազգի` որպես ժամանակակից քաղաքական հանրության կայացում և արդիական ձևաչափով նրա ազգային արժեհամակարգի վերահաստատում,
  • Սփյուռքում տիրող ուծացման գործընթացների կասեցում և հակառակ գործընթացների հարուցում,
  • Հայ ժողովրդի` պատմականորեն ձևավորված հոգևոր-մշակութային բազմազանությունը որպես օբյեկտիվ իրողություն և զարգացման հնարավորություն դիտելով` դրա հաշվառմամբ ձեռնամուխ լինել Հայաստանակենտրոն “Հայոց աշխարհ” ցանցային համակարգի ձևավորում:

Մյուս (ընթացիկ) խնդիրները

  • Առկա ժողովրդագրական իրավիճակը ծնող առաջնային պայմանների վերացում (Տնտեսական ռեսուրսների և լծակների կենտրոնացման և մենաշնորհացման վերացում, մանր և միջին ձեռնարկատիրության դեմ ուղղված հարկային քաղաքականության վերացում, արտասահմանում աշխատողների` իրենց հարազատներին ուղարկած արտարժույթային փոխանցումների օգտագործմամբ ներմուծումների քաղաքականության դադարեցում, աշխատատեղերի ստեղծումը խթանող քաղաքականություն, գյուղատնտեսական քաղաքականության հեղաշրջում, կաշառակերության դեմ իսկական պայքար, բնության հոշոտման քաղաքականության դադարեցում, պետական վերահսկողության և կարգավորման հաստատում, Ժողովրդավարության և իրավունքի գերակայության, օրենքի հավասար կիրառման հաստատում և այլն):
  • Առողջ և զարգացող պետության նախադրյալների հաստատում և կայացում (երկրի կայունությունն ու համասեռ զարգացումն ապահովող պետա-իրավական համակարգ, սոցիալական արդարություն, չբևեռացվածություն, քաղաքացիների` տնտեսական և քաղաքական մասնակցություն, բոլորի համար աշխատատեղեր և նյութական բարեկեցություն, հոգևոր-մշակութային ինքնաիրացման պայմաններ, կրթական, առողջապահական որակյալ մակարդակ, նորամուծական տնտեսություն, առողջ էկոլոգիա և այլն):
  • Մասնակցային քաղաքացիական գիտակցության հաստատում և ամրապնդում (ընտանիքի արժեքը փայփայելով և սնելով մեկտեղ` կլանային կամ այլ ներփակ և իրենից դուրս գտնվող միջավայրին հակադրվող մտածողության ապաքաջալերում, քաղաքացիական գիտակցության, համայնքային կյանքում ներգրավման և ակտիվության խթանում, ուժեղ քաղաքացիական հասարակության ձևավորում, որն ի վիճակի է վերահսկել պետական քաղաքականությունները և հանրային օրակարգ ձևավորել):
  • Տարածքային ապակենտրոնացում և տարաբնակեցում. Հայաստանի և հայ ազգի ռազմավարական շահերի իրացման նպատակների ու խնդիրների, ինչպես նաև աշխարհաքաղաքական, աշխարհագրական, կլիմայական, տնտեսական, մշակութային և այլ գործոնների ու պարամետրների հաշվառմամբ “Հայաստանի օպտիմալ բնակեցման և դրա ենթակառույցի ձևավորման ծրագրի” մշակում և իրականացում: Այդ ծրագրի համաձայն` տարաբնակեցումը խթանող բազմակողմանի, այդ թվում` տնտեսական, հատկապես հարկային ու ներդրումային հատուկ քաղաքականության մշակում և իրականացում, քաղաքական, տնտեսական և հասարակական կենսագործունեության ոլորտների տարածքային ապակենտրոնացում (օրինակ, երկրի քաղաքական և վարչական կենտրոն` Երևան, արդյունաբերական կենտրոններ` Հրազդան և այլք, գյուղատնտեսական հետազոտության կենտրոններ` Արարատյան դաշտ և Արցախ, մշակութային կենտրոն` Գյումրի, զբոսաշրջության կենտրոններ` Լոռի/Տավուշ և Արցախ, գիտահետազոտական կենտրոններ` Գյումրի և Գեղարքունիք, և այլն):
  • Ծնելիության խթանում` բնակչության բնական վերարտադրության կտրուկ աճի նպատակադրման քաղաքականության մշակման և իրականացման միջոցով, այդ նպատակով առնվազն իրականացնելով հետևյալ միջոցառումները.

Ընդհանուր միջոցառումներ

  • Բնակչության բնական վերարտադրության կտրուկ աճի նպատակադրումը (նվազագույնը 3,1 երեխա/կին գործակցով) սահմանել որպես ազգային գերակայություն և այն արտացոլել Սահմանադրության, օրենսդրության ու ռազմավարական փաստաթղթերի մեջ` դրա ապահովման իրավական ու քաղաքական-ծրագրային մեխանիզմների նախատեսմամբ:
  • Անչափահաս երեխա ունեցող միայնակ կանանց և 3 ու ավելի երեխա ունեցող ընտանիքներին տրամադրել հարկային, աշխատանքային, բնակարանային և այլ սոցիալական արտոնություններ:
  • Ամբողջությամբ պետության հաշվին ապահովել մոր և մանկան առողջության պահպանումը:
  • Ամբողջությամբ ձևափոխել պետական և մասնավոր լրատվական դաշտը` այն ուղղորդելով դեպի ընտանեկան արժեքներ:
  • Հայաստանում տղամարդկանց պակասի և տասնյակ հազարավոր վերարտադրողական տարիքի չամուսնացած կանանց առկայության հաշվառմամբ` ֆինանսական և տեղեկատվական միջոցներով պետականորեն խրախուսել ընտանիք կազմող անձանց:
  • Ստեղծել ”Մայրություն և մանկություն” համազգային հիմնադրամ: Բանկային հաշիվ բացել յուրաքանչյուր նորածին հայի համար:
  • 3-5, 6-8 և 8-ից ավել երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներին պետության, ինչպես նաև ”Մայրություն և մանկություն” համազգային հիմնադրամի միջոցների հաշվին օժանդակելու համար կազմել և կատարել համապատասխան ծրագրեր:

Հատուկ միջոցառումներ

  • Ծնելիության խրախուսման ծրագրերը կազմել և իրականացնել հետևյալ սկզբունքների համաձայն.
  • վճարել ոչ թե ծննդաբերության, այլ երեխային պահելու և մեծացնելու համար, որպես ծրագրի նպատակ սահմանելով երեխաների մեծացման ու դաստիարակման պետական մոտեցումը, ոչ թե “ծննդաբերումը”,
  • հիմնականում շեշտը դնել ոչ թե նպաստների վճարման, այլ հասարակական բարիքների անվճար մատակարարման վրա. մանկապարտեզներ, դպրոցներ, տրանսպորտ, ուշադրություն դարձնելով նաև արտադպրոցական կրթության երաշխավորման վրա. սպորտ, մշակույթ, զանազան խմբակներ և այլն, ապահովելով սնունդը, տրանսպորտը և համապատասխան հանդերձանքը,
  • երեխաների դաստիրակությունը սահմանել որպես պետական գերակայություն, առավելապես զբաղեցնել երեխաների ժամանակը պետության ծրագրերով և դրանց հաշվին (պետության վրա վերցնել երեխաների խնամքի, ոչ թե ծննդաբերման խրախուսման բեռը),
  • առավել հաշվենկատ լինել երեխային ծննդաբերելու դրամական հատուցումների հարցում` հատուցումների որոշակի մասը պահեստավորելով որպես երեխայի անվանական հաշիվ, որը երեխան կստանա չափահաս դառնալուց հետո, ոչ թե տալ ծնողներին, զսպել փողի համար երեխա ունենալու, կամ հատուցումների հաշվին սոցիալական սանդղակը (կարգավիճակը) փոխելու ձգտումները,
  • խրախուսել բազմազավակության կարգավիճակը` բացառելով ֆինանսական պրոբլեմների պատճառով շատ երեխա ունենալ ցանկացող ընտանիքների հրաժարումը այդ նպատակից` նրանց համար ստեղծելով բազմազավակության կարգավիճակի խրախուսման և ապահովման ծրագրերի, այդ թվում` առողջարանային բուժման, հանգստյան տներից և ամառային ճամբարներից օգտվելու, պետական ֆինանսավորման համակարգ,
  • պետականորեն խրախուսել և ֆինանսավորել որդեգրումը, ներառյալ` օտարերկրյա պետությունների քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող հայ երեխաների որդեգրման ծախսերը,
  • ծննդաբերության խրախուսման պետական ծրագրում ռեսուրսների առավել արդյունավետ և նպատակային օգտագործման համար նախատեսել բնակչության բաժանում ըստ խմբերի (նվազագույն ծննդաբերության` 2 երեխա, միջին ծննդաբերության` 3 երեխա և բարձր ծննդաբերության` 4-5 երեխա)` տարբերակելով մոտեցումները,
  • միջին ծննդաբերությունը քարոզչական դաշտում դիտել իբրև հասարակական նորմ, պարտք, սովորական երևույթ, միաժամանակ տրամադրելով նվազ ծննդաբերության խմբի համեմատ ավելի մեծ ֆինանսական աջակցություն, իսկ բարձր ծննդաբերության խմբի վրա կենտրոնացնել ֆինանսական և քարոզչական ամբողջ ներուժը` բազմազավակությունը ներկայացնելով ոչ թե որպես անապահով խավի գոյատևման հնարավորություն, այլ սովորական կենսապայմաններ ունեցող ընտանիքի համար ստանդարտ կենսակերպ բնորոշող նորմալ երևույթ,
  • կոշտ քաղաքականություն վարել երեխաներին ապօրինի աշխատանքի և մուրացկանության մեջ ներգրավման, հակասոցիալական վարք դրսևորող ընտանիքների դեմ, հստակեցնել ծնողական իրավունքներից զրկելու և որդեգրման օրենսդրությունը,
  • մանկատնային գործը կազմակերպել առավելապես ընտանեկան մանկատների միջոցով:

Քաղաքաշինական ոլորտի բարեփոխման միջոցառումներ

  • Երիտասարդ ընտանիքների համար բնակարանային շինարարության ծրագրով ապառիկ վճարմամբ նրանց տրամադրել բնակարաններ` յուրաքանչյուր երեխայի ծննդի դեպքում որոշակի չափաբաժնով նվազեցնելով վճարվող գումարի չափը, իսկ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին պետության հաշվին հատկացնել բնակարան կամ ամբողջությամբ մարել այդ ընտանիքի պարտքը, եթե 6-րդ երեխան ծնվել է բնակարան ձեռք բերելուց հետո:
  • Քաղաքաշինական նորմերը սահմանել երեխաների կարիքների հաշվառմամբ` նախատեսելով բակի և խաղահրապարակի պարտադիր առկայություն, ավտոտնակների և երթևեկության առանձնացում դրանցից ու երեխաների շարժի այլ վայրերից, կանաչ տարածքների նորմատիվներ, մանկապարտեզների և դպրոցների բնակության վայրին հնարավորինս մոտ տեղաբաշխում և այլն:

Կենսաթոշակային ապահովման ոլորտի բարեփոխման միջոցառումներ

  • Տարանջատել “Կենսաթոշակային և Զբաղվածության Հիմնադրամը”` ստեղծելով “Կենսաթոշակային Հիմնադրամ” և “Զբաղվածության Հիմնադրամ”:
  • “Կենսաթոշակային Հիմնադրամը” արմատապես բարեփոխել` հավասարացնելով թոշակառուներին և երեխաներին` նրանց համար սահմանելով “խնամառու”-ի ընդհանուր կարգավիճակ:
  • Աշխատողների սոցիալական վճարների հաշվին թոշակներ (նպաստներ) վճարել ոչ միայն թոշակառուներին, այլև երեխաներին (վճարել ծնողներին երեխաների համար):
  • Ընդհանուր` ծերության պետական կենսաթոշակային վճարումները իրականացնել ոչ թե ըստ աշխատողների կատարած վճարների գումարի, այլ երեխաների քանակի:

Կանանց զբաղվածության ոլորտի բարեփոխման միջոցառումներ

  • Կանանց զբաղվածության խնդիրները լուծելու նպատակով օրենսդրորեն` ըստ տնտեսության ոլորտների, սահմանել աշխատող անձնակազմի մեջ ամուսնացած և երեխաներ ունեցող կանանց նվազագույն տեսակարար կշիռը և միաժամանակ սահմանափակել այդ կանանց աշխատանքային օրը` հասցնելով օրական 4 ժամի և շաբաթական 20 ժամի` վճարելով լրիվ աշխատաժամանակի համար սահմանված աշխատավարձի 70 տոկոսը:
  • տնային տնտեսուհիների համար սահմանել աշխատանքային թոշակ` երեխաներին պահելու համար (տնային տնտեսուհիների աշխատանքը համարել զբաղվածություն և ապահովագրական ստաժ):
    • Ընտանիքի գաղափարի վերագնահատում. ընտանիքի արժեքի գիտակցմանը բարձրացմանը, ընտանեկան կապերի ամրապնդմանը, ընտանիքի հասարակական նշանակությանն ու դերի մեծացմանն ուղղված քաղաքականության մշակում և իրականացում: Ընդսմին` այս ամենը պետք է արվի հասարակության ներսում քաղաքացու դերի կարևորման ու ընտանիքների միջև համերաշխության մթնոլորտի ձևավորման պայմաններում:
    • Էթնիկական ներգաղթի (հայրենադարձության) խթանում և կազմակերպում, այդ նպատակով իրականացնելով հետևյալ միջոցառումները.
  • Հայրենադարձությունը (տարեկան առնվազն հիսուն հազար արտերկրահայ) սահմանել որպես ազգային գերակայություն` այն արտացոլելով Սահմանադրության, օրենսդրության ու ռազմավարական փաստաթղթերի մեջ` հայրենադարձության ապահովման իրավական ու քաղաքական-ծրագրային մեխանիզմների նախատեսմամբ:
  • Կազմել հայության համալիր ժողովրդագրական քարտեզ` ներառելով համայն հայության ներուժի որակական ու քանակական բոլոր բաղադրիչների, ինչպես նաև, արտերկրահայության` հայրենադարձության հակվածության ու դրա դինամիկայի բոլոր հնարավոր պարամետրները:
  • Կազմել և իրականացնել հայրենադարձության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ազգային ծրագրեր` հայրենադարձների օպտիմալ թվի, երկրի զարգացման համար մասնագիտական առաջնահերթ պահանջների, ներգաղթողների մասնագիտական և մարդկային ներուժի ու սոցիալական պարամետրների, ինչպես նաև գաղթօճախների ֆիզիկական գոյության սպառնալիքի ու ուծացման հավանականության հաշվառմամբ:
  • Հայրենադարձության ազգային ծրագրերի ֆինանսավորման (ի հավելում պետական բյուջեի միջոցների) նպատակով ստեղծել Հայրենադարձության Համահայկական Հիմնադրամ:
  • Սփյուռքահայ գաղթօջախներում կազմակերպել հայ ինքնության պահպանման, վերածնման և հայրենադարձության քարոզչություն:
  • Ստեղծվելիք “Յուրացման նախարարության” համակարգմամբ կազմակերպել հայրենադարձների տեղափոխումը, կեցությամբ ապահովումը, քաղաքացիության շնորհումը, լեզվի ուսուցումը, մասնագիտական վերապատրաստումը, բնակեցումը, մինչև աշխատանքով ապահովելը գոյատևման և ապա` աշխատանքով ապահովման և համարկման այլ խնդիրների լուծումը:
  • Իրենց միջոցներով ներգաղթող և ամբողջությամբ կամ մասամբ համարկվող հայրենադարձողների, ինչպես նաև ոչ մշտական բնակության ռեժիմով հայրենադարձողների համար ստեղծել հայրենադարձության և առավելագույն համարկման ճկուն մեխանիզմներ:
  • «Հայաստանի օպտիմալ բնակեցման և դրա ենթակառույցի ձևավորման ծրագրի» հիման վրա նախանշել հայրենադարձների բնակեցման վայրերը, կառուցապատել և համապատասխան ենթակառուցվածքներով սարքավորել դրանց բնակարանային համալիրը:
  • Հայրենադարձների համարկման ծրագրերի միջոցով խթանել հայության մշակութային բազմազանության դրական գործոնների ներուժը (արևմտահայերենի և դրանով ձևավորվող մշակութային հարստության` որպես ազգային ժառանգության պահպանում և զարգացում, Պատմական Հայաստանի տարբեր հատվածներին բնորոշ մշակութային հարուստ բազմազանությունը կրող մշակութային տարրերի հայտնաբերում, ամրակայում, պահպանում և զարգացում):
  • Նրբանկատ մոտեցումով նվազեցնել հայրենաբնակ հայության ու հայրենադարձ արտերկրահայության, ինչպես նաև տարբեր գաղթօջախներից հայրենադարձ արտերկրահայերի միջև առկա աշխարհընկալումային, մշակութային և այլ տարբերություններից առաջացող իրարամերժ ու օտարացնող դրսևորումները և ընդհանրական Հայոց աշխարհընկալման ու մշակույթի տիրույթում մեղմել և հարթեցնել այդ տարբերությունները:
    • Ծնելիության խթանման և ներգաղթի հաշվառմամբ` ժողովրդագրական անցման, ապա նաև` ժողովրդագրական պայթյունի նպատակադրում և դրա ապահովման քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական, գաղափարաքարոզչական, գիտական, կրթական և մշակութային միջոցառումների իրականացում, դրա միջոցով` տարածաշրջանում հայության տեսակարար կշռի կտրուկ աճի շնորհիվ հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքական, տնտեսական և անվտանգային ներուժի հզորացում, ինչպես նաև տարածաշրջանում հայանպաստ անվտանգության հարացույցի ձևավորում:
    • Պատմական Հայաստանի` ՀՀ-ի սահմաններից դուրս գտնվող տարածքներից հայերի ներգաղթի արգելակման, այդ տարածքներում բնակվող հայերի համար ազգային ինքնության վերածնման ու համախմբման, ազգային խնդիրների լուծմանը նրանց համարկվելու քաղաքական, տնտեսական, իրավական, դիվանագիտական, գաղափարաքարոզչական, կրթական և մշակութային հնարավորությունների ստեղծում և դրա միջոցով` հայահպանության խթանում, ազգային ներուժի հզորացում, ազգային իղձերի ու նպատակների իրականացման մարդկային բաղադրիչի զարգացում:
    • Սփյուռքահայության բոլոր, առաջին հերթին` մտավոր և նյութական հնարավորությունների, դեպի Հայաստան ուղղորդման և օպտիմալ օգտագործման կազմակերպում («Ոսկե Հիմնադրամ»-ի հաստատում` աշխարհով մեկ սփռված և հաջողության հասած հայազգի ներկայացուցիչների ոլորտ առ ոլորտ բացահայտում, հաշվառում և ուղղորդում` պետական կառավարման համակարգի կողմից, հատկապես ստեղծվելիք “Յուրացման նախարարության” միջոցով):
    • Սփյուռքի հայապահպանում և ազգային ինքնության վերածնում, այդ թվում` ծպտյալ և ուծացած հայության ինքնության ամբողջական վերականգնում և հայկական կյանքի մեջ արտերկրում բնակվող հայության համարկում ու ազգային նպատակների իրականացման մեջ նրանց ներգրավում (Հայաստանի հետ կապերի վերաիմաստավորում, հայկականության գիտակցության վերագնահատում, գաղթօջախների կրթական և մշակութային կարիքների ապահովման էական օժանդակություն, Հայաստանի իրական պատկերի ու հիմնախնդիրների մասին իրազեկում` մասնավորապես երիտասարդների շրջանում, Հայաստանի զարգացմանը մասնակից լինելու հնարավորությունների և կարևորության ներկայացում, ինչպես նաև ազգային ինքնության վերածնման նպատակադրում և դրան հասնելու քաղաքական, գաղափարաքարոզչական, գիտական, կրթական և մշակութային միջոցառումների իրականացում): Դրա միձոցով` Սփյուռքահայության ուծացման սանձում, հայության պահանջատիրական կենսունակության մեծացում, Հայաստանի հզորացմանը, ինչպես նաև ուծացմանը հակընթաց գործընթացի զարգացում:
    • Ազգային նպատակների իրագործմանը համայն հայության հնարավորինս ներգրավման նպատակադրում և դրան հասնելու քաղաքական, գաղափարաքարոզչական, գիտական, կրթական և մշակութային միջոցառումների իրականացում:
    • Օտարերկրյա պետություններից Հայաստան ներգաղթելու ցանկություն ունեցող ազգությամբ ոչ հայերի նկատմամբ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան` փակ սահմանների քաղաքականության մշակում և իրականացում, ազգային անվտանգությանը, Հայաստանում հայերի տեսակարար կշռի նվազեցմանը միտված սպառնալիքների չեզոքացման իրավական և գործառութային մեխանիզմների ձևավորում:

Ռազմավարական հայեցակարգի “Ժողովրդագրական ոլորտ”

Փետրվարի 28-ին Նախախորհրդարանի գրասենյակում տեղի ունեցավ հանրային քննարկում-ներկայացում:
«Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Ժողովրդագրական ոլորտը» թեմայով:

Միջոցառումը նվիրված է Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման Ռազմավարական հայեցակարգի նախագծի հանրային ներկայացման և քննարկումների շարքի հերթական՝ ժողովրդագրական ոլորտին։

Համազգային հարցերի ոլորտի ժողովրդագրական մասը – Հրանուշ Խառատյան

Համազգային հարցերի ոլորտի ժողովրդագրական մասը – Հարց պատասխան

 

Որքա՞ն է Հայաստանի բնակչության թիվը – Հրանուշ Խառատյան