Diaspora

Ռազմավարական հայեցակարգը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ոլորտում

 

  • Իրավիճակ, մարտահրավերներ և հեռանկարներ

 

  • Սփյուռքների ուժն ու խոցելիությունը, հայրենադարձության հրամայականը

Ցանկացած պետության կամ ժողովրդի համար արտասահմանում բնակվող և տվյալ երկրի հետ կապերը պահպանող որոշակի թվով համաքաղաքացիների կամ հայրենակիցների առկայությունը` հայրենաբնակների հետ օպտիմալ կամ տրամաբանական համամասնության սահմաններում, առավելություն է: Նույնիսկ ներկա «փոքրացած» աշխարհում, որտեղ իրարից հեռու գտնվող աշխարհագրական շրջաններ վիրտուալ իմաստով պոտեցել են միմիանց, արտերկրաբնակ հայրենակիցները/համաքաղաքացիները տվյալ երկրի ներկայությունն են ապահովում արտասահմանում, ներկայացնում են նրա շահերը պաշտպանելու և նրան բազում ծառայություններ մատուցելու ներուժ, ինչպես նաև նպաստում գաղափարների, գիտելիքների, մշակույթների և կենսակերպերի փոխանակմանը:

Մյուս կողմից սակայն, ցանկացած սփյուռքի համար օրինաչափ է ուծացման գործընթացը: Իրենց էթնիկ-մշակութային տարածքից դուրս, հատկապես ոչ-կոմպակտ պայմաններում մշտական բնակություն հաստատած էթնիկական խմբերի կամ զանգվածների սերունդներին` միջին կամ երկար ժամանակի վրա, որպես կանոն, սպառնում է ուծացումը:

Սփյուռքների ներքին կազմակերպվածությունը և մայր երկրների կողմից նրանց նկատմամբ ցուցաբերված հոգածու քաղաքականությունը կարող են նպաստել նրանց երկարատևությանը: Նմանապես, նոր, «ցանցային հասարակությունը» կամ «աշխարհը» նոր հնարավորություններ է բացում մի կողմից հայրենիքի ու հայրենաբնակների և մյուս կողմից արտերկրաբնակների միջև օրգանական կապերի վիրտուալ առումով պահպանման առջև: Այդ իրողությունները սակայն անկարող են մշտապես կասեցնելու ուծացման գործընթացը:

Նախ հայոց ցեղասպանության և հայրենազրկման, ապա` ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ-ից, ԼՂՀ-ից և Ջավախքից զանգվածային արտագաղթի պատճառով, հայրենաբնակների և արտերկրաբնակների միջև հայ  ժողովրդի թվաքանակի բաշխումը ներկայացնում է օպտիմալից չափազանց հեռու և արտառոց պատկեր: Մի կողմից երկրի և ազգի շահերի պաշտպանության և հետապնդման համար ներկա քանակով արտերկրահայության առկայությունն անհրաժեշտ չէ, իսկ մյուս կողմից այդ հսկա հատվածը մշտապես ենթարկվում է ուծացման մաշեցնող գործընթացին:

Հայ ժողովրդի արտերկրաբնակ մեծամասնության ուծացումը կանխելու հիմնական միջոցն է նրանց մեծ զանգվածներով հայրենադարձությունը:

Իր հերթին, արտագաղթի և ծնելիության ցածր մակարդակի պատճառով Հայաստանը գտնվում է ժողովրդագրական աղետալի իրավիճակում: Բացի ծնելիության աճից, աղետից դուրս գալու տրամաբանական լուծումը պետք է լինի արտագաղթի պատճառների վերացումը և սփյուռքահայության մեծ զանգվածների հայրենադարձությունը:

Հայրենադարձությունը, հետևաբար, անգերագնահատելի նշանակություն է ստանում թե’ անբնական համամասնություն ներկայացնող արտերկրահայության ուծացման կանխման, թե’ Հայաստանի ժողովրդագրական հիմնախնդրի լուծման առումներով: Հայրենադարձության գործընթացի իրականացումը առաջին հերթին կախված է հայրենիքում տիրող իրադրությունից:

Անկախաբար ուծացման օրինաչափ մարտահրավերից, արտերկրի հայությունը դեմ հանդիման է գտնվում կազմակերպվածքային ներքին արխաիկ իրավիճակի: Արտերկրում գործող ավանդական կուսակցություններն ու կառույցները, որոնց շուրջ է հիմնականում կենտրոնացված համայնքային կյանքը,   հատկապես հետ-անկախության շրջանում ապրում են ռազմավարական և մարտավարական հարցերի խորը ճգնաժամ: Բացակայում են այն կառուցները, որոնք կհամապատասխանեն դրված խնդիրներին և ժամանակներին (ցանցային և այլն):

 

  • Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկան և հրամայականները

ԽՍՀՄ փլուզումով և Հայաստանի անկախ Հանրապետության հռչակումով պետք է վերացված լինեին Հայրենիքն ու Սփյուռքը իրարից հեռու պահող աշխարհաքաղաքական, առարկայական և հոգեբանական պատվարները: Տեսականորեն, հարաբերությունները պետք է մտնեին որակապես նոր փուլ. պետք է նոր բովանդակություն և ծավալ ստանային մի կողմից արտերկրահայության օժանդակությունները մայր հայրենիքին ու նրա մասնակցությունը նոր առաջացած խնդիրների լուծման ու նոր Հայաստանի կերտման աշխատանքներին, ու մյուս կողմից հայրենիքի նպաստը` արտերկրահայության ինքնության պահպանման և զարգացման աշխատանքներին. ազգի երկու հատվածները պետք է նորովի և աշխարհաքաղաքական նոր իրադրության պրիզմայով հետամուտ լինեին պահանջատիրական հարցերին, և վերջապես պետք է սկիզբ առներ հայրենադարձության գործընթացը:

Հարաբերությունների այս նոր որակը առաջին հերթին ենթադրում էր հայրենիքում` ազգի տարբեր հատվածների ակնկալիքներին համապատասխանող պետականության կայացում: Իրականում, Հայաստանում կայացավ հակաժողովրդական համակարգ և առաջին հերթին հայրենի ժողովուրդը օտարվեց պետական կառավարման համակարգից: Այս համակարգի վարած քաղաքականության, բայց նաև արտերկրյա հայկական կառույցների ղեկավարության մոտեցումների պատճառով, ոչ միայն չկայացավ ակնկալվող փոխադարձ մերձեցումը, այլ Սփյուռքում մեծ հաշվով վարկաբեկվեց Հայաստանը, իսկ Հայաստանում`  Սփյուռքը:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բարելավման, փոխադարձ մերձեցման և հայրենադարձության խնդիրների բարվոք լուծումը անհրաժեշտաբար պահանջում է էական մի պայմանի լրացում:

Հայ ազգը, պատմական հաճախ դժնդակ զարգացումների պատճառով տարբաժանվել է և տարտղնվել: Մշակութային առումով, այս իրողությունը հանգեցրել է դրական և բացասական երկու հետևանքների: Մի կողմից ազգային մշակույթը ձեռք է բերել նոր գույներ և երանգներ, ինչպես, օրինակ, հայոց լեզվի արևելահայ և արևմտահայ ճյուղերը: Այս տարբերությունները ազգի հարստությունն են, որոնք պետք է պահպանել:

Մյուս կողմից, սակայն, պատմական տարբեր կենսափորձերի և օտար ազդեցությունների պատճառով ազգի տարբեր հատվածների միջև առաջացել են լայն իմաստով մշակութային, կացութաձևային և նույնիսկ աշխարհընկալման տարբերություններ, որոնք որոշակի դժվարություններ են ստեղծում տարբեր հատվածների միմիանց ընկալման և մերձեցման առումով: Անհրաժեշտ է վերամիավորել ազգը, և հոգևոր, և մեծ հաշվով ֆիզիկաաշխարհագրական առումներով: Սակայն այդ վերամիավորումը հնարավոր է միայն առարկայական և ենթակայական առանձնահատկությունների հաշվառմամբ: Չի կարելի անտեսել տարբերությունները: Դա կբերի բախման, օտարման, տարբերությունների խորացման և ի վերջո ֆիզիկական հայրենիքից դուրս գտնվող հատվածի (հատկապես հետ-եղեռնյան արտերկրահայության) ուծացման արագացման: Չի կարելի բացարձակացնել տարբերությունները և անտեսել գոյություն ունեցող ավելի ուժեղ միավորող տարրերը: Դա կտանի ազգի տրոհման, վերացման: Անհրաժեշտ է մի կողմից պահպանել ազգային մշակույթի հարստացնող երանգները, իսկ մյուս կողմից առարկայականորեն, այլ ոչ կամապաշտությամբ, հարթել օտարում առաջացնող տարբերությունները և վերակերտել միասնությունը:

 

  • Հայաստան-Սփյուռք հարաբերությունները համաշխարհային նոր պայմաններում

Համաշխարհայնացման գործընթացները միևնույն ազգի հայրենաբնակ և արտերկրաբնակ հատվածների հարաբերություններում առաջացնում են որակապես նոր իրավիճակ: «Փոքրացած աշխարհը» և տնտեսական ու մասնագիտական նոր տիպի հարաբերությունները թելադրում և երբեմն պարտադրում են երկրից երկիր մարդկանց շատ ավելի մեծ շարժունակություն, իսկ հաղորդակցության  միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների աննախընթաց զարգացումը վիրտուալ իմաստով մոտեցնում է մարդկանց, հնարավորություն է տալիս արտասահմանից շարունակել սերտ կապեր պահել հայրենիքի կամ սկզբնական երկրի հետ:

Հարաբերությունների այս նոր որակը արդեն իսկ տեսանելի է հայկական իրականությունում: Ներկայումս Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կրում են և տակավին որոշակի ժամանակ կշարունակեն կրել ավանդական, որպես իրարից տարբեր, քիչ հատվող երկու  միավորների միջև հարաբերությունների բովանդակություն: Սակայն տարբեր միավորների այդ տարբերակումը, դեռևս շատ փոքր մաշտաբով, սկսում է դառնալ հեղհեղուկ: Որոշակի թվով Հայաստանաբնակ հայեր, տարբեր պատճառներով, մերթ ընդ մերթ ժամանակավորապես բնակվում են արտասահմանում, և ընդհակառակը, որոշակի թվով արտերկրահայեր տարվա որոշակի ժամանակամիջոցում բնակվում հայրենիքում: Նման պարագաներում «հայրենաբնակ» և «արտերկրաբնակ» հասկացությունների տարբերությունը պղտորվում է: Առաջանում է «Հայոց աշխարհ» հասկացությունը, որի կորիզը միանշանակորեն մնում  է ֆիզիկական Հայաստանը, բայց որի սահմանները կգտնվեն վերջինի սահմաններից դուրս:

Բավականին երկար ժամանակ կտևի մինչև Հայաստանակենտրոն ցանցային «Հայոց աշխարհը» կդառնա հայկական նոր իրականության գլխավոր բնութագիրը և կներառի հայրենաբնակ և դեռևս արտերկրաբնակ հայերի գերակշռող մասը: Այնուամենայնիվ, հայության միջնաժամկետ և հատկապես երկարաժամկետ ռազմավարության մշակման գործում անհրաժեշտ է առաջնորդվել նաև այդ իրողության հաշվի առումով:

Ընդհանրապես` անհրաժեշտություն է առաջանում «Հայկական ցանց» հասկացությունն ու նրա բովանդակությունը դարձնել հասարակական-քաղաքական հարաբերությունների գլխավոր առանցքներից մեկը:

 

  • Նպատակը

Հայ ազգի համախմբման և նրա ներուժի միասնական գործադրման ապահովում:

 

 

 

 

  • Խնդիրները և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առանցքները
    • Ներկա Հայաստանում պետականության կայացում, պետության հզորացում, անվտանգության բազմաբնույթ հարցերի լուծում, հայ մարդուն և Հայաստանի քաղաքացուն արժանապատիվ կյանքի պայմաններով ապահովում (Նոր Հանրապետություն):
    • Արցախյան ազատամարտի ձեռքբերումների պահպանում, ամրապնդում և ամրագրում, Ջավախքի հայկականության պահպանում, ամրապնդում և ամրագրում:
    • Նկատի ունենալով սփյուռքահայության սպառնացող ձուլման լրջագույն վտանգը, ինչպես նաև Հայաստանում տիրող ժողովրդագրական աղետալի իրավիճակը, զանգվածային հայրենադարձության կազմակերպում:
    • Նկատի ունենալով Սփյուռքում բնակվող համայն հայության հայրենադարձության անհնարինությունը, որոշակի համամասնությամբ հայերի արտերկրում բնակության օգտակարությունը, ինչպես նաև հայրենադարձության գործընթացի փուլայնության իրողությունը, արտերկրում հայկական կյանքի հնարավորինս երկարատևության ու կենսունակության պայմանների ապահովում, «Հոգևոր Հայաստանի» գաղափարի հիման վրա Հայաստանակենտրոն «Հայոց աշխարհի» ցանցային համակարգի ձևավորում:
    • Հայ ժողովրդի պատմական իրավունքների վերատիրացման սկզբունքի անշեղ պահպանում և շրջահայացության պայմաններում հարցի հետապնդում։

 

  • Խնդիրների լուծման մեխանիզմը և ձևաչափը

Հայ ազգի երկու` հայրենաբնակ և արտերկրաբնակ հատվածների համատեղ պարտականությունն է լուծել այս խնդիրները: Հայաստան-Սփյուռք հարաբերությունների էությունը կայանում է այս խնդիրների լուծման գործում դերերի բաժանման և միմյանց օժանդակության մեջ:

Դերերի բաժանման հարցը կախված է յուրաքանչյուր խնդրի բնույթից և այդ խնդրի նկատմամբ յուրաքանչյուր հատվածի գրաված դիրքից: Հայաստանի հզորացման խնդրի լուծման պատասխանատվության հիմնական բեռը, օրինակ, ընկնում է հայրենաբնակ հայության ուսերին, առանց թերագնահատելու արտերկրի հայության դերն այս կապակցությամբ: Նմանապես, արտերկրահայ կյանքի հզորացման խնդրի լուծման պատասխանատվության գլխավոր բեռը տեղերում ընկնում է արտերկրահայերի ուսերին, ինչքան էլ որ անգնահատելի լինի այս առումով հայրենիքի բերելիք օժանդակությունը:

Մյուս կողմից, նշված հինգ խնդիրներից չորսի լուծումները առավել կամ պակաս  չափերով կախված են առաջին` Հայաստանի հզորացման խնդրի լուծումից, այլ խոսքով` Նոր Հայաստանի կայացումից: Առանց այդ խնդրի լուծումն ապահովելու, Արցախյան ձեռքբերումները և Ջավախքի հայկականությունը չեն պահպանվի, հայրենադարձություն տեղի չի ունենա (որքան էլ որ հզորության պահպանումն ու ամրապնդումը պայմանավորված լինեն հայրենադարձության կայացմամբ), արտերկրի հայության հզորացումը կմնա կիսատ և կդառնա աննպատակ, իսկ պատմական իրավունքների հետապնդումը` անհեթեթություն, եթե ոչ անհնարին պատրանք:

 

  • Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման ծրագիր
    • Նոր Հայաստանի հաստատում և կայացում: «Ոսկե Հիմնադրամն» սկսում է աշխատել: Արտերկրահայության բազմակողմանի` ոլորտ առ ոլորտ բացահայտված և հաշվառված մտավոր և նյութական հնարավորությունների, աշխարհով մեկ սփռված և հաջողության հասած հայազգի ներկայացուցիչների ուղղորդում դեպի Հայաստան:
    • Արցախի և Ջավախքի հարցերի հայանպաստ լուծում: Արտերկրահայ ուժերն ու կառույցները, Հայաստանի կառավարության հետ համակարգված կերպով, բազմաբնույթ մասնակցություն և օժանդակություն են բերում ՀՀ-Արցախի դե-յուրե վերամիավորման և Ջավախքի (ենթադրաբար) ինքնավարության իրականացման գործերին, ինչպես նաև շարունակում են տեղերում վերաբնակեցման և հիմնավորման ծրագրերի իրականացումը:
    • Հայրենադարձություն: Հայաստանի կառավարության և արտերկրի հայության համատեղ ուժերով ստեղծվում է «Հայրենադարձության Հիմնադրամ»: Գեր-նախարարության գործառույթներով ու լիազորություններով օժտված «Հայրենադարձության և ներառման նախարարության» /Յուրացման նախարարություն/ ստեղծում: Արտերկրի հայկական օջախներում` արտերկրյա համապատասխան կառույցի հետ համատեղ հայրենադարձության համակարգված քարոզչության կազմակերպում, հայրենադարձների տեղափոխման, քաղաքացիություն շնորհելու, լեզվի ուսուցման, մասնագիտական վերապատրաստման, տարբեր շրջաններում տեղավորման, մինչև աշխատանքով ապահովվելը գոյատևման և ապա աշխատանքով ապահովման խնդիրների լուծում.
    • Արտերկրահայության կազմակերպում և հզորացում: Արտերկրահայությունը իրականացնում է համայնքային և համասփյուռքյան ներկայացուցչական կառույցների կայացումը: Հիմք ընդունելով արտերկրահայության քարտեզագրված պատկերը, Հայաստանի իշխանությունները, համասփյուռքյան կառույցի հետ համակարգված ձևով`
  • նպաստում են արտերկրահայության բազմապիսի խնդիրների լուծմանը,
  • ամբողջ արտերկրահայության նկատմամբ համընդհանուր աշխարհահայացքով հանդերձ, տարբեր համայնքների համար մշակում և իրականացնում են տարբերակված քաղաքականություն, ելնելով յուրաքանչյուրի յուրահատկություններից,
  • հատուկ ծրագիր են մշակում և իրականացնում 1990–ականներից և նույնիսկ 1970–ականներից Հայաստանից արտագաղթած զանգվածների կազմակերպման ուղղությամբ (ներքին կազմակերպվածության, Հայաստանի հետ կապերի և հայրենադարձության առումներով):
    • Պահանջատիրություն: Հայաստանակենտրոնության սկզբունքից ելնելով` համահայկական խնդիրների ձևակերպում, ռազմավարության մշակում, մարտավարական ուղղությունների ճշգրտում, դերերի բաժանում և որդեգրված քաղաքականության կիրառում:

Ռազմավարական հայեցակարգի «Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ոլորտ»

Մարտի 18-ին տեղի ունեցավ հանրային քննարկում-ներկայացում «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Համազգային հարցերի Պահանջատիրություն և Հայաստան-սփյուռք ենթաոլորտները» թեմայով:

Բանախոս՝ Ալեք Ենիգոմշյան

Միջոցառումը նվիրված է Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման Ռազմավարական հայեցակարգի նախագծի հանրային ներկայացման և քննարկումների շարքի հերթական Համազգային հարցերի ոլորտին։