Ecology

Ռազմավարական հայեցակարգը բնապահպանական ոլորտում

 

  • Ոլորտում տիրող իրավիճակը

 

Համաշխարհային համատեքստը

  • Համաշխարհային համակարգային ճգնաժամային երևույթները մարդկության հոգևոր-մշակութային դեգրադացիայի` XX դարի երկրորդ կեսից համամոլորակային մասշտաբների հասած առավելագույն ծավալման ու խորքայնացման համատեքստում ընթացող քաղաքական, սոցիալ-տնտեսական և տեխնոլոգիական զարգացումների հետևանք են: Դրանցից ամենամեծ ազդեցությունը թողնում են «սառը պատերազմի» ավարտից հետո մարդկության մեծ մասի շուկայական տնտեսության անցումը և տեխնոլորտի` կենսոլորտի հաշվին կատարվող բուռն աճը:
  • Ըստ Բնության պաշտպանության համաշխարհային հիմնադրամի փորձագետների` տեխնոլորտը վերջին հարյուրամյակի ընթացքում 1200-1400% հզորացել է, այն դեպքում երբ երկրային կենսոլորտը նվազել է 15%-ով, մյուս կողմից վերջին շուրջ 40 տարիների ընթացքում մարդիկ ծախսել են Երկիր մոլորակի առկա ռեսուրսների մեկ երրորդը:
  • Մարդկությունը սկսել է գերազանցել կենսոլորտի խանգարման թույլատրելի շեմը, որից հետո շրջակա միջավայրի համակարգի խախտված հավասարակշռությունը կարող է այլևս վերականգնելի չլինել: Վերջինիս վկայությունն են շրջակա միջավայրի (օդի, ջրի, հողի, կլիմայի) գլոբալ փոփոխությունները:
  • Մարդկությունը սկսել է գերազանցել նաև հանրային ոլորտի խանգարման թույլատրելի շեմը` աննախադեպ չափերի հասցնելով սոցիալական բևացումը թե զարգացող և զարգացած երկրների միջև, և թե առանձին երկրների ներսում:
  • Զարգացած պետություններում դեմ առնելով բնապահպանական պահանջկոտ պատվերի, ներպետական բնապահպանական քաղաքականության և խիստ օրենսդրության, ինչպես նաև բնապահպանական շարժումների ու քաղաքացիական հասարակության հարուցած խոչընդոտներին և սահմանափակումներին, վերազգային և/կամ այդ պետությունների մերձկառավարական կապիտալը արագ տեմպերով տեղափոխվում է ավելի հետամնաց պետությունների տարածք, որտեղ նմանաբնույթ խոչընդոտներ ու սահմանափակումներ չկան:
  • Բնապահպանական ճգնաժամի վրա վերադրվում է համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը, որն առնվազն բնութագրվում է որպես կառուցվածքային ճգնաժամ, երբ տնտեսական համակարգի խախտված հավասարակշռությունը դեռ վերականգնելի է: Սակայն առկա են նաև գնահատականներ, որոնք տնտեսական ճգնաժամը բնութագրում են որպես համակարգային, երբ համակարգի խախտված հավասարակշռությունն այլևս վերականգնելի չէ, ուստի առաջանում է գլոբալ կապիտալիզմի համակարգային փոփոխության անհրաժեշտություն:

 

Հայաստանյան (ներառյալ` Արցախյան) համատեքստը

  • Հայաստանյան հասարակությունը նախորդ դարի 20-30-ական թվականներին արդյունաբերական քաղաքակրթության փուլ մտնելով որպես խորհրդային հասարակության բաղադրիչ, օբյեկտիվ պատճառներով որդեգրեց բնության օգտապաշտական սպառման` խորհրդային հասարակությանը բնորոշ սոցիալ-մշակութային համակարգը, ինչը աշխարհի մեկ վեցերորդ մասը զբաղեցնելու, ահռելի բնական ռեսուրսների տիրապետելու, համաշխարհային հեգեմոնիայի հասնելու, ինչպես նաև կարճ ժամանակահատվածում թռիչքային զարգացմամբ ագրարայինից արդյունաբերական տնտեսության անցնելու հանգամանքներով պայմանավորված բնապահպանական օգտապաշտական պատվերի հետևանք էր: Միևնույն ժամանակ, հասարակության և պետության նպատակների ռազմավարականությունը, արտադրության միջոցների հանրային սեփականության հանգամանքը, որը բացառում էր օլիգարխիայի առաջացումը և հասարակության բևեռացումը, թեկուզ արտաքուստ նյութապաշտությունը մերժող գաղափարախոսությունը, ինքնաբավ ու ներփակ տնտեսությունը, դրանում արտադրական ամբողջական ցիկլի (բնական ռեսուրս – հումք - արտադրանք) առկայությունը, սոցիալական պետությանը բնորոշ գերակայությունների շուրջ հասարակության և տնտեսության զգալի չափով առանցքավորումը, ինչպես նաև զգալի չափով զարգացած ու ինքնին ներդաշնակ կառավարման համակարգի առկայությունը երաշխավորում էին բնության թեև օգտապաշտական, սակայն ընդհանուր առմամբ բանական օգտագործումը և թույլ չէին տալիս, որ այն հասներ գիշատչական սպառման մակարդակի:
  • Անկախ պետականության վերականգնումից հետո, հայտնվելով ամբողջատիրությունից ռեֆորմների միջոցով դեպի շուկա և ժողովրդավարություն անցնելու փուլում, կորցնելով վերը նշված հասարակական-պետական համակարգաստեղծ բաղադրիչները և փոխարենը նոր ժամանակների և պայմանների մարտահրավերներին դիմագրավելու համար գրեթե ոչինչ չհասցնելով ձևավորել, հայաստանյան հասարակությունը դրանց դեմ հանդիման հայտնվեց միանգամայն անպատրաստ վիճակում: Ղարաբաղյան պատերազմը, տնտեսական շրջափակումը և ապաշնորհ պետական կառավարումը, ինչպես նաև հետագա տարիների ընթացքում օլիգոպոլ տնտեսության ձևավորումն ու հասարակության ծայրահեղ բևեռացումը վիճակը դարձրեցին ճգնաժամանային:
  • Վերապրելու հրամայականի թելադրանքին հանձնված հասարակությունը արժեհամակարգային շեմի կտրուկ անկման հետևանքով քայքայվել է որպես հանրային համակարգ, վերածվել է սպառողական ու օգտապաշտ զանգվածի և հայտնվել է լուսանցքում: Սոցիալ-քաղաքական խմբային շահերի դինամիկան բնութագրվում է այսպես կոչված «անցումային ռեֆորմների» և զանգվածային, հատկապես կրթված միջին դասակարգի արտագաղթով, իսկ հասարակության ներկայիս սոցիալական կառուցվածքը` ծայրահեղ բևեռացմամբ և պարզունակությամբ. մի կողմից միաչափ նյութապաշտ ընչաքաղցությամբ, հոգե-մտավոր, հատկապես քաղաքական պատկերացումների պրիմիտիվիզմով բնութագրվող և իրենց հայացքներն ու ճաշակը հասարակության լայն շերտերին պարտադրող «նոր օլիխարխիկ հայերի» սոցիալ-տնտեսական մի քանի խմբեր, մյուս կողմից` «սեփականաշնորհման շոկից» ուշքի չեկած, չքավորության ճիրաններում հայտված և արտագաղթի պարտադրվող հասարակական լայն զանգվածներ:
  • Բնապահպանական պատվերը ձևավորում է խորհրդային համակարգից մնացած տնտեսական կարողությունների թալանի և արտադրության միջոցների զավթման շնորհիվ ձևավորված քրեաօլիգարխիկ վարչակազմը` դրա հիմքում դնելով նվազագույն ծախսերով հնարավորինս կարճ ժամանակահատվածում առավելագույն օգուտ ստանալու նպատակը` վարելով բնության գիշատչական սպառման քաղաքականություն և հարուցելով բնապահպանական խորը ճգնաժամ:
  • Բնապահպանական և ժողովրդագրական Ճգնաժամի պայմաններում գործող վարչակազմը ոչ միայն համակարգային ջանքեր չի գործադրում Ճգնաժամից ելքեր որոնելու համար, այլև հավատարիմ իր միաչափ ընչաքաղց բնույթին, իմիտացիոն գործունեության քողի տակ, զբաղված է քայքայվող համակարգը իր սոցիալ-տնտեսական շահերին ծառայեցնելով: Այս քաղաքականության դրսևորումներ են ինչպես հանքարդյունաբերական թալանը, այնպես էլ հէկ-երի կառուցումը, ինչպես նաև բնապահպանական համակարգի հետ առընչվող կոռուպցիոն մեխանիզմների շահագործումը:
  • Բնապահպանության պետական համակարգում այս քաղաքականությունը, հազվագյուտ բացառությունները չհաշված, արտահայտվում է արդիականացման անվան տակ համաշխարհային և օտարերկրյա առանձին պետությունների բնապահպանական փորձի որոշ հատվածների պարզունակ պատճենմամբ, ինչը հիմնականում մնում է հայտարարագրային մակարդակում, ուստի չի կարող հանգեցրել հասարակության իրական բնապահպանական պահանջմունքները բավարարելու կարողության ձևավորմանը, և մնացած գրեթե ամբողջ պետական համակարգի նման դարձել է ինքնանպատակ` չբերելով բնապահպանական որակի էական բարելավման:
  • Կիրթ միջին խավը, որը կոչված է թելադրելու բնապահպանական պատվերի հիմնական պարամետրները, նշված պայմաններում քանակական ու որակական առումներով չի կայանում որպես ռեալ ազդեցության ունակ ամբողջություն: Այս խավի ակտիվ մասը, ինչպես նաև Հայրենիքի հետ կապը, իր արժանապատվությունը և ինքնության զգացումը դեռևս չկորցրած դրա սփյուռքյան հատվածը թեև շարունակում է մնալ որպես ուրույն բնապահպանական պահանջների կրող և փորձում է բնապահպանական հասարակական պատվեր ձևավորել, սակայն դեռևս գտնվում է սաղմնային վիճակում: Ցավոք, Արցախում նույնիսկ այդ սաղմերն էլ առկա չեն: Ինչևէ, վերջին տարիներին նկատվող բնապահպանական զարթոնքը կապված է հենց այս խավի հետ:
  • Առայժմ բնապահպանական շարժումը Հայաստանում նման է առանձին պարտիզանական ջոկատների կողմից հատուկենտ հաջողություններ արձանագրած և հատուկ օպերացիաների մարտավարություն որդեգրած ցանցային մարմնի: Սակայն առկա են նաև այդ մարտավարության տրամաչափի զգալի խոշորացման, ինչպես նաև սոցիալ-քաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգային լուծումների համատեքստում ռազմավարական պարամետրների հասնելու ռեալ միտումներ, որոնք կարող են դառնալ ոչ միայն բնապահպանական ոլորտի, այլև պետականակերտ համակարգային փոփոխությունների հարուցիչներ:

 

  • Եզրակացություններ.
    • Ավարտին հասցնելով վերգետնյա ռեսուրսների յուրացումը, Հայաստանի քրեաօլիգարխիկ վարչակազմը առավելապես կենտրոնացել է Հայաստանի Հանրապետության և Արցախի ընդերքի շուտափույթ յուրացման վրա` անդրազգային և/կամ օտարերկրյա մերձկառավարական կապիտալի ներգրավմամբ Հայաստանը (Արցախը ներառյալ) ենթարկելով էկոգաղութացման և վերածելով հանքահումքային կցորդի:
    • Հասարակությունը հիմնականում օտարված է բնապահպանական պատվերի ձևավորման գործընթացից, իսկ դրա ակտիվ մասին վարչակազմն անտեսում է` բնապահպանական քաղաքականությունը ձևավորելով ու վարելով բացառապես իր այսրոպեական սոցիալ-տնտեսական շահերի իրացման նպատակով:
    • Հայաստանում տեխնոլորտը ոչ միայն գոյատևում և աճում է կենսոլորտի խանգարման թույլատրելի շեմի գերազանցմամբ, այլև հարուցել է լայնածավալ անապատացում (Հայաստանի Հանրապետության տարածքի 80 տոկոս), որը սպառնում է Հայաստանի շրջակա միջավայրի համակարգի խախտված հավասարակշռությունը այլևս անվերականգնելի դարձնելու և Հայաստանը վերածելու մարդու կենսագործունեության համար անբարենպաստ, վնասակար միջավայրի:  Ինչ վերաբերում է հանրային ոլորտի խանգարման թույլատրելի շեմի գերացանցմանը, ապա դրա ցուցանիշով (սոցիալական բեևեռացման Ջինի ցուցանիշ) Հայաստանը աշխարհում վստահորեն առաջին դիրքերում է, որի բնութագրիչներից է նաև աննախադեպ չափերի հասնող մարդկային անապատեցում-արտագաղթը: Հին ու նոր պրոբլեմների, ներքին և արտաքին մարտահրավերների վերադրմամբ առաջանում է պետության համընդհանուր հաստատութենական ճգնաժամ, երբ պետությունը որպես հանրային հաստատություն առկա է միայն կառուցվածքային մասով, սակայն գործառութային մասով գրեթե գոյություն չունի:
    • Այս բացասական միտումների տևական և փնջային առկայությունը թույլ է տալիս խոսելու բնապահպանական ճգնաժամի հետևանքով առաջացող պետականության և ժողովրդի գոյութենական ճգնաժամի մասին:
    • Միևնույն ժամանակ, հայաստանյան և սփյուռքյան հանրությունը հետզհետե ամբողջանում է բնապահպանական պայքարի առանցքի շուրջ և ցուցաբերում է համակարգային նպատակներ նախանշելու, համապատասխան խնդիրներ առաջադրելու և դրանց լուծումներին հասնելու միտումներ:

 

  • Նպատակը

Բնության վերականգնման և դեպի բնություն մարդու առաջընթացի ապահովում:

 

  • Սկզբունքը

Բնապահպանական գերակայություն, որն առնվազն ենթադրում է.

  • բնապահպանական գերակայության շեմի և առաստաղի, այն է` բնական միջավայրի բարենպաստության նվազագույն և առավելագույն նիշերի հարատև բարձրացում (բնական միջավայրի բարելավում) և դրանց միջև օպտիմալ հարաբերակցության (երբ նվազագույն նիշը տեսանելի ժամանակահատվածում կարող է հասցվել առավելագույն նիշին) պահպանում,
  • տնտեսական շահի ստորադասում բնապահպանական շահին, ինչը առաջին հերթին ենթադրում է տնտեսական շահի փաստարկների նկատմամբ ազդակիր համայնքի կարծիքի և փորձագիտական մոտեցումների գերակայություն,
  • բնությանը անվերականգնելի վնաս հասցնող տնտեսական գործունեության, այդ թվում` բաց եղանակով իրականացվող հանքային արդյունաբերության բացառում:
    • Խնդիրներ
      • Պետության, տնտեսության և մարդու գործունեությունը բնապահպանական գերակայության սկզբունքով առանցքավորող ռազմավարության մշակում և իրականացում:
      • Պետության կառավարման, տնտեսական գործունեության և մարդկային զարգացման ոլորտներում բնապահպանական գերակայության ապահովում: Այն մասնավորապես ենթադրում է.
        • բնապահպանական ոլորտի հասարակական-փորձագիտական կառավարում,
        • նվազագույն ռեսուրսատար և առավելագույն գիտատար ու այլընտրանքային տնտեսության ձևավորում և զարգացում,
        • բնաճանաչ և բնապաշտ մարդու ու հասարակության զարգացում:
      • Բնական միջավայրի բարելավում:
      • Բնական միջավայրի պահպանում և վերականգնում:
      • Բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում և վերարտադրություն:
      • Շրջակա միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական հետևանքների կանխում:
      • Շրջակա միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության ազդեցության բացասական հետևանքների վերացում:

 

  • Առաջնահերթ գործողություններ
    • Արգելել բնական միջավայրին անվերականգների վնաս հասցնող նոր տնտեսական ծրագրերի իրականացումը:

Հենքային գործողություններ

  • Գիտական ուսումնասիրությունների հիման վրա ձևավորել Հայաստանի Հանրապետության (ներառյալ Արցախը) բնապահպանական իրավիճակի ամբողջական պատկերը և ըստ վերը նշված խնդիրների պարամետրների կազմել բնապահպանական քարտեզ:
  • Պետության ռազմավարական փաստաթղթերը, իրավական ակտերը, տնտեսական, գիտական, կրթական, դաստիարակչական ծրագրերը մշակել և ընդունել բնապահպանական գերակայության սկզբունքին և վերը նշված խնդիրներին համապատասխան:

Ոլորտային գործողություններ

  • Բնապահպանական ոլորտի կառավարումը հանել պետական կառավարման համակարգից և հանձնել հասարակական-փորձագիտական կառավարման` ապահովելով փորձագիտական կարծիքի գերակայությունը տնտեսական շահի փաստարկների, ինչպես նաև ազդակիր համայնքի կարծիքի գերակայությունը այս երկուսի նկատմամբ:
  • Կազմել և իրականացնել նվազագույն ռեսուրսատար և առավելագույն գիտատար ու այլընտրանքային տնտեսության ձևավորման և զարգացման ազգային ծրագիր, որի մեջ փուլ առ փուլ նախատեսել բնական միջավայրին անվերականգնելի վնաս հասցնող տնտեսական գործունեության, այդ թվում` հանքերի բաց շահագործման արգելումը և համապատասխան արտադրությունների փակումը, Հայաստանից պարզ հանքանյութի, հարստացված հանքանյութի, խտանյութի, պարզ նյութի և պարզ նյութից ստացված կիսաֆաբրիկատի արտահանման արգելումը` շեշտը դնելով արտադրության` առավելապես բարձր տեխնոլոգիաների վրա հիմնած ամբողջական ցիկլերի զարգացման վրա:

Ծրագրի օրգանական բաղադրիչը պետք է կազմի բնական ռեսուրսների սպառմամբ գոյատևող տնտեսությունը այլընտրանքային տնտեսությամբ և հանքարդյունաբերական ոլորտի արգելվող ու փակվող գործունեությանը այլընտրանքային միջին ու փոքր տնտեսական ծրագրերով փոխարինելու մարտավարությունը:

  • Կազմել և իրականացնել դրական բնապահպանական պատվերի ձևավորմանը և դրա պարամետրների անընդհատ բարելավմանը միտված բնաճանաչ ու բնապաշտ մարդու և հասարակության զարգացման ազգային ծրագիր` ներառելով կրթական, դաստիարակչական, քարոզչական, իրավական և ֆինանսական միջոցառումներ ու մեխանիզմներ:
  • Կազմել և իրականացնել «Հայաստան` երկիր դրախտավայր» համազգային հարատև ծրագիր, որը համապատասխան փոփոխությունների և լրացումների պետք է ենթարկվի կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարների գերակայությունների և խնդիրների հաշվառմամբ:

Ծրագրի նպատակը պետք է լինի բնական միջավայրի արմատական բարելավումը` մարդու և բնության ներդաշնակ գոյակցության ապահովումը:

Որպես Ծրագրի բաղադրիչներ, անհրաժեշտ է ներառել բնական միջավայրի պահպանման և վերականգնման, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և վերարտադրության, շրջակա միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական հետևանքների կանխման, այդպիսի ազդեցության բացասական հետևանքների վերացման ենթածրագրեր:

Ծրագիրը պետք է իրականացվի համազգային ջանքերով` պետական և համազգային նյութական և այլ անհրաժեշտ ռեսուրսների ներգրավմամբ: Ծրագրի իրականացման նպատակով պետք է ստեղծվի «Հայաստան` երկիր դրախտավայր» համազգային հիմնադրամ` պետականի նկատմամբ հանրայինի գերակշիռ մասնակցային կառավարմամբ:

Ռազմավարական հայեցակարգի «Բնապահպանական» ոլորտը

2013 թ. նոյեմբերի 11-ին Նախախորհրդարանը հանդես եկավ հանրային քննարկմամբ «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Սոցիալ-տնտեսական ոլորտը» թեմայով: Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը ներկայացրեց ծրագիրը:

«Այսօր, երբ շահույթի ձեռքբերումը բավական դժվարացել է, այլևս հնարավոր չէ նույն ծավալներով պահել օլիգարխիկ, գերշահույթներ ապահովող համակարգ և միաժամանակ ապահովել միջին խավի առկայություն: Այդ պատճառով ականատեսն ենք միջին խավի նոսրացման և աղքատության ավելացման:
Ապրանքների ինքնարժեքի բարձր լինելու պատճառով կենտրոնի երկրները իրենց արդյունաբերությունը տեղափոխում են այդ համակարգի ծայրամասային երկրներ, որտեղ աշխատավարձը և ինքնարժեքը շատ ավելի պակաս են, ինչը հնարավորություն կտա վերստին շահույթ ապահովել:
Սակայն այսպիսի լուծումը ժամանակի և տարածության մեջ սահմանափակ է»:

Ճգնաժամը հնարավորություն է՝ ունենալու թռիչքային զարգացում

Արդեն ճգնաժամի մեջ գտնվող որևէ համակարգ հակացուցված է Հայաստանին

Գյուղը քայքայվում է. Հայաստանը դարձել է քաղաք-պետություն

Հողը, ջուրը, ընդերքը պետք է լինեն համազգային սեփականություն

Ռազմավարական հայեցակարգի նախագծի քննարկում․ հարց ու պատասխան