Economics

Ռազմավարական հայեցակարգը սոցիալ-տնտեսական ոլորտում

 

  • Ոլորտում տիրող իրավիճակը

 

Համաշխարհային տիրույթ

  • Իրավիճակը համաշխարհային տնտեսության համակարգի կենտրոնում (տնտեսապես զարգացած երկրներ)
  • Համաշխարհային տնտեսությունը հայտնվել է համակարգային ճգնաժամի մեջ: Հարաճուն կերպով շահույթի ապահովման ու կապիտալի կուտակման վրա հիմնված արդի սոցիալ-տնտեսական համակարգի կենտրոնում իրական տնտեսության մեջ շահույթ ապահովելու և կապիտալ կուտակելու հնարավորությունը չափազանց դժվարացել է, հաճախ` համարյա խցանվել: Այս խնդիրը չի հաջողվում լուծել դասական տնտեսագիտական միջոցներով:
  • Համակարգի կենտրոնում օլիգարխիայի և միջին խավերի խաղաղ գոյակցությունն ու համակեցությունն ապահովող պայմանները հետզհետե վերանում են: Օլիգարխիկ կամ պլուտոկրատիկ համակարգի պահպանման պայմաններում նոսրանում են մեծամասնություն կազմող միջին խավի շարքերը, ինչի հաշվին ստվարանում են ոչ բարեկեցիկների շարքերը: Որպես արդյունք` ազատական-ժողովրդավարական քաղաքական մոդելը, որն այդ երկու խավերի միջև հաշտ համակեցության արգասիքն էր, իր հերթին մտնում է ճգնաժամ:

 

  • Իրավիճակը համաշխարհային տնտեսության համակարգի ծայրամասում (տնտեսապես զարգացող և թերզարգացած երկրներ)
  • Համակարգի ծայրամասում` զարգացող և թերզարգացած երկրներում, աշխատավարձերի և ինքնարժեքային այլ ծախսերի ցածր մակարդակի հանգամանքով պայմանավորված` դեռևս հնարավոր է իրական տնտեսության մեջ ստանալ ավելացված արժեք և շահույթ: Այդ հնարավորությունը, սակայն, սահմանափակ է և’ բացարձակ ծավալների, և’ ժամանակային հեռանկարի առումներով:
  • Տնտեսության համաշխարհայնացման գործընթացների արագացմամբ ու ծավալմամբ արդյունաբերական ոլորտը դեպի էժան աշխատուժով հատկանշվող ծայրամասային երկրներ տեղաբաշխումը, տարածության և ժամանակի մեջ սահմանափակված լինելով, չի ապահովում համակարգային ճգնաժամի արմատական լուծում:
  • Միևնույն ժամանակ` ծայրամասային երկրները դիտարկվող իրավիճակում բացառիկ հնարավորություն ունեն հանգամանքները ճիշտ օգտագործելու և օլիգարխիան բացառելու պարագայում օգտվելու ընձեռված սահմանափակ ժամանակից և ապահովելու արագ, անգամ` թռիչքային զարգացում:

 

  • Համակարգային ճգնաժամի գործոնները և հետևանքները
  • Համակարգային ճգնաժամի հետ մասամբ սերտորեն առնչվող շրջակա միջավայրի ճգնաժամ և արդեն ծավալվող` պարենի համաշխարհային ճգնաժամ:
  • Միջազգային հարաբերությունների լարվածություն ու անկայունություն, ինչպես նաև միջազգային առևտրի հարթությունում պետությունների և դրանց դաշինքների կողմից փաստացի «առևտրային պատերազմի» և պրոտեկցիոնիստական քաղաքականության որդեգրում:
  • Արժեքային, բարոյական և քաղաքակրթական ճգնաժամ:
  • Դարեր ի վեր գերիշխող արժեքների և կարծրատիպերի խալխլմանը զուգահեռաբար` նոր (հաճախ հին` բայց նորացված) արժեքների ու աշխարհայացքի ձևավորում:

 

  • Համակարգային ճգնաժամի ավարտի երկու հավանական տարբերակները
  • Նվազ հավանական տարբերակ` ճգնաժամը կշարունակվի մի քանի տասնամյակ, մինչև կգտնվեն ներկայումս դեռևս անհայտ արմատական կառուցվածքային-համակարգային լուծումներ, որոնց շնորհիվ ներկայիս սոցիալ-տնտեսական համակարգը կկարողանա վերագտնել իր ներքին հավասարակշռությունը:
  • Առավել հավանական տարբերակ` հավելյալ արժեքի, շահույթի ու կապիտալի կուտակման վրա հիմնված, մոտ 5 դարերի պատմություն ունեցող սոցիալ- տնտեսական համակարգը կփլուզվի, ինչի պարագայում համաշխարհային ու տեղական օլիգարխիաների և երկրների բնակչությունների մեծամասնության միջև խորացող առճակատումը կհանգեցնի հետևյալ արդյունքներից մեկին.
    • տնտեսապես շատ ավելի անարդար և բևեռացված, իսկ քաղաքականապես` ավտորիտար, եթե ոչ` բռնատիրական, ռեժիմով համաշխարհային համակարգի հաստատում,
    • տնտեսապես արդար և չբևեռեցված, իսկ քաղաքականապես` ավելի անմիջական ու մասնակցային ժողովրդավարական ռեժիմով համաշխարհային համակարգի հաստատում:

 

Հայաստանյան տիրույթ

  • Հայաստանի Հանրապետությունում (Արցախը ներառյալ) տիրող իրավիճակի ընդհանուր բնութագիրը
  • Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) աշխարհի տնտեսության համակարգում ծայրամասային դիրք զբաղեցնող, ռազմավարական ճյուղերի գերակշիռ մասով օտար (հիմնականում` ռուսական մերձպետական) և անդրազգային կապիտալի կողմից գաղութացված, մնացած մասով` փոքրաթիվ ու ապազգային տեղական վերնախավի կողմից մենաշնորհացված և օլիգոպոլացված տնտեսությամբ երկիր է:
  • Տնտեսական քաղաքականությունը և օրենքները նույն վերնախավի համաձայնությամբ մշակվում և ընդունվում են համաշխարհային վերպետական ֆինանսական ինստիտուտների և նշված օտար կենտրոնների թելադրանքով:

 

  • Հայաստանի Հանրապետությունում (Արցախը ներառյալ) գաղութացման և մենաշնորհացման հետևանքները
  • Երկրի ապաարդյունաբերականացում:
  • Գործազրկություն:
  • Սպառողական (հիմնականում` արտաքին ընտանեկան տրանսֆերտների հաշվին ներմուծված ապրանքների սպառումով), մակաբուծային բանկային համակարգով, հումքային կցորդի վերածված տնտեսություն:
  • Երկրի բնական ռեսուրսների գիշատչական շահագործում և տարածքի մեծ մասի կենսամիջավայրի ոչնչացում ու թունավորում:
  • Գյուղի և երկրագործության ոլորտի քայքայում:
  • Ժողովրդի սոցիալական վիճակի անշեղորեն ու սիստեմատիկաբար վատթարացում:
  • Սոցիալական կապերի ու կառուցվածքների քայքայում:
  • Մարդաթափության սահմանին մոտեցող արտագաղթ:
  • ազգային շահերի համաձայն տնտեսության զարգացման հնարավորության խիստ սահմանափակվածություն:
  • Պետության, տնտեսության և ժողովրդի կախյալություն օտար երկրներից ու վերպետական կազմակերպություններից:
  • Պետության ինքնիշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ սոցիալ-տնտեսական հիմքերի ու պայմանների ապահովման հնարավորության սահմանային շեմին հասնելու վտանգ:

 

  • Եզրակացություններ
  • Համաշխարհային և Հայաստանյան ճգնաժամերը ապացուցում են, որ.
    • առավելագույն շահույթի մշտական ապահովման նպատակադրությամբ ու արժեհամակարգով առաջնորդվող ներկայիս սոցիալ-տնտեսական-քաղաքական համակարգը, մարդկային թշվառության ու այլասերման, ինչպես նաև նորգաղութային կեղեքման աղբյուր է և պատմականորեն արդեն սպառել է իրեն կամ մտել է սպառման փուլ,
    • առաջացրել է որակապես և, միգուցե, պատմականորեն նոր սոցիալ-տնտեսական համակարգի հաստատման անհրաժեշտություն:
  • Բնակչության բևեռացման խորացման և նրա փոքրաթիվ մասի գերիշխանության պայմաններում նույնիսկ համակարգի կենտրոնի երկրներում հետզհետե նվազում է, իսկ ապագայում անհնար կդառնա բնակչության մեծամասնության համար սոցիալ-տնտեսական բարեկեցիկ պայմանների ապահովման հնարավորությունը:
  • Հայաստանը, որպես ծայրամասային երկիր, նաև համաշխարհային ճգնաժամի առանձնահատկությունների շնորհիվ, ունի թռիչքային զարգացման իրական հնարավորություն, եթե բոլոր միջոցները բացառապես օգտագործի ընդհանուր բնակչության բարեկեցության և երկրի ու ժողովրդի համակողմանի և տևական զարգացման համար:
  • Համաշխարհային տնտեսական, ֆինանսական և պարենամթերային ճգնաժամերը, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն բազմաթիվ տարիներ, անգամ տասնամյակներ: Դրանք հղի են միջազգային և տարածաշրջանային քաղաքական ու առևտրային լուրջ լարվածություններով և մարտահրավերներով:
  • Համաշխարհային մասշտաբով ձևավորվող այս միջավայրը, որին գալիս են ավելանալու երկրի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքից բխող մարտահրավերները, Հայաստանին թելադրում են մշակել և վարել այնպիսի ճկուն տնտեսական ռազմավարություն, որն արտաքին աշխարհի նկատմամբ բաց լինելով, ճգնաժամային պահերի համար կարողանա ապահովել առավելագույն ինքնաբավություն:

 

  • Նպատակները
    • Տնտեսական ստեղծագործականության հենքի վրա հայ մարդու, Հայաստանի քաղաքացու, ընտանիքի, համայնքի, պետության և ազգի օպտիմալ կենսագործունեության և վերընթաց զարգացման, Հայաստանի և հայության ռազմավարական շահերի արդյունավետ կերպով իրացման սոցիալական ու նյութատեխնիկական ապահովում:
    • Ներպետական և համազգային մակարդակներում հոգևոր-մշակութային արժեհամակարգով առաջնորդվող սոցիալ-տնտեսական արդար հարաբերությունների համակարգի ձևավորման ու զարգացման և նյութական արժեհամակարգով առաջնորդվող արտաքին միջավայրում Հայաստանի ու հայության շահերի իրացման համադրման ապահովում:

 

  • Խնդիրները (ըստ բնույթի)
    • Հավասարություն և սոցիալական բարեկեցություն
  • Հավասար հնարավորությունների և առողջ մրցակցության վրա հիմնված մասնավոր շուկայական հարաբերությունների զարգացման պայմանների ապահովում:
  • Սոցիալական ապահովման արդար, մարդամետ, ազգային առողջ կենսակերպին համապատասխանող համակարգի, այդ թվում` առողջարարական սկզբունքով գործող առողջապահության համընդգրկուն ու արդյունավետ ենթահամակարգի (հիմնովին փոխելով գործող առողջապահական համակարգը` հիվանդանոցային սկզբունքից անցում կատարելով առողջարարական սկզբունքին, ինչը ենթադրում է առողջ ապրելակերպի արմատավորմամբ հիվանդությունների նախականխում, ինտեգրատիվ բժշկության ներդրում, ինչպես նաև մշակութային բաղադրիչի ներբերում առողջացման գործընթաց) ձևավորում և զարգացում:
  • Մարդու բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ որակի և քանակի սննդի արտադրության և/կամ ձեռքբերման, ինչպես նաև սննդի որակի նկատմամբ հսկողության ապահովում:
    • Մրցունակություն և ինքնիշխանություն
  • Հայաստանի և հայության կյանքի բոլոր ոլորտներում առավելագույն կենսունակության, մրցունակության ու պաշտպանվածության ապահովում:
  • Հայության և Հայաստանի` որպես կենսակերպի նոր մոդելների գեներատորի և/կամ ներմուծողի, արտահանողի և տեղայնացնողի (կանաչ տնտեսություն, կրթական նոր միջավայրեր, վերականգնողական էներգետիկա, նորամուծական և տեղեկութային հասարակություն (այդ թվում` տեխնոլոգիական տրանսֆերի ապահովման) մասնագիտացման ապահովում:
  • Հայության ռազմավարական շահերի իրացման համար անհրաժեշտ տնտեսության ճյուղերի ու ոլորտների զարգացման, գիտության, նորարամուծության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համաշխարհային շղթայի ամբողջական գիտաարտադրատեխնոլոգիական սեգմենտների զբաղեցման, այդ թվում` կլաստերների ստեղծմամբ, նախադրյալների ու պայմանների ապահովում:
  • Համաշխարհային տեխնոլոգիական ու քաղաքակրթական դրական գործընթացների հետ համահունչ զարգացման համատեքստում տնտեսական «ինտերֆեյսների» ստեղծում` դրսի հոգևոր-մշակութային, մտավոր, նյութական և այլ ռեսուրսների հոսքը դեպի ներս ապահովելու համար:
  • Ճկուն ներդրումային քաղաքականության մշակում և իրականացում, մասնավորապես՝ ռազմավարական ճյուղերում պետական միջամտության և վերահսկողության աստիճանի ու մեխանիզմի ընտրության, ինչպես նաև՝ կառավարման ու շահույթի հաշվեկշռի տարակարգման (օրինակ՝ պետական հսկիչ փաթեթ, բայց 30 տոկոս շահույթ) առումով, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում վենչուրային կապիտալի ներգրավման, «նոու հաու»-ների ներդրման անհրաժեշտության դեպքերում:
  • Արտաքին ուժերի ազդեցության չեզոքացում` Սփյուռքի հետ համատեղ արտաքին պետական պարտքի զրոյացման միջոցով:
    • Տեղաբաշխում
  • Բնության և ազգային հոգևոր-մշակութային արժեհամակարգի հետ մարդու ներդաշնակեցումը ապահովող կեցության նյութական միջավայրի ձևավորում` առողջ ազգային կենսակերպին համապատասխանող, համասեռորեն տեղաբաշխված, երկրի բազմակողմանի զարգացումն ապահովող տնտեսության սոցիալ-կենցաղային ենթակառույցի, այդ թվում` դրա բնակելի և հասարակական բաղադրիչի արդիականացման ու շահագործման անվտանգության ապահովման քաղաքաշինական նոր հայեցակարգի, դրա հիման վրա` մշակութային, կլիմայական, լանդշաֆտային, բնապահպանական, պաշտպանական-անվտանգային, վերաբնակեցման, տարաբնակեցման և այլ անհրաժեշտ պարամետրների հաշվառմամբ երկրի գոտիավորման և ըստ այդմ քաղաքաշինական ծրագրերի մշակում և իրականացում:
  • Ազգային շահերով պայմանավորված՝ տնտեսության համապատասխան ճյուղերում կամ երկրի առանձին տարածքներում (մասնավորապես՝ վերաբնակեցվող տարածքներում) մեղմ, արտոնյալ հարկային քաղաքականության իրականացում, անհրաժեշտության դեպքում՝ ազատ տնտեսական գոտիների ձևավորում:
  • Վերաբնակեցվող, առաջին հերթին` ազատագրված տարածքներում կյանքի կազմակերպման օպտիմալ ձևերի համալիր ընտրություն և ներդրում՝ դրանց առանձնահատկությունների, ինչպես նաև հավանական լուծումների, այդ թվում՝ սեփականության տարբեր ձևերի և դրանց հնարավոր կոմբինացիաների ընտրության, առավել մեծ ազատության հաշվառմամբ:
    • Համահայկականություն
  • Համահայկական հայաստանակենտրոն ցանցային համակարգի ձևավորման, արդյունավետ գործառման ու զարգացման տրամաբանության համատեքստում` հայության սոցիալ-տնտեսական ներուժի և ակտիվության համախմբում հայաստանակենտրոն առանցքի շուրջ և դրա օպտիմալ ու արդյունավետ կիրառում` հանուն համահայկական նպատակների ու խնդիրների իրականացման:
    • Արժեքահենություն
  • Սոցիալ-տնտեսական ոլորտի կառավարման այնպիսի համակարգի ստեղծում, որն ապահովում է մարդու, ազգի և պետության բարեկեցիկ, արժանապատիվ, ստեղծագործ, ամբողջական (հոգևոր, մտավոր և ֆիզիկական), բնության հետ ներդաշնակ և կայուն զարգացումը:
  • Մարդկային-հասարակական և աշխատանքային` համերաշխ, ներդաշնակ, համագործակցային և փոխաջակից հարաբերությունների, ինչպես նաև հանրային-ընդհանրական հարցերում մասնակցայնության առարկայական և գիտակցային պայմանների ապահովում:
  • Մասնակցային և հորիզոնական հարաբերությունների վրա հիմնված տնտեսական գործունեության խթանում և դրա հետևողական զարգացման համար պայմանների ստեղծում:
  • Հանրության մեջ արմատավորված սպառողական հոգեբանության հաղթահարման, նրա մեջ հանրային և բնության բարիքների նկատմամբ տիրոջ գիտակցության և հոգեբանության արմատավորման ծրագրված քաղաքականության իրականացմամբ պարազիտային հասարակությունից փոխլրացնող սիմբիոզային հասարակության անցման ապահովում:

 

  • Սկզբունքները
    • Ստեղծագործ ներուժի դրսևորման և իրացման ազատություն:
    • Տնտեսությունը և դրա ցուցանիշները որպես միջոց, այլ ոչ` նպատակ:
    • Ռազմավարականություն:
    • Ներքին տիրույթում համագործակցության և համերաշխության, իսկ արտաքին տիրույթում` մրցունակության գերակայություն:
    • Որակի, տեխնոլոգիական առաջընթացի, նորամուծականության և մշակութային-քաղաքակրթական պարամետրների գերակայություն:
    • Նվազագույն նյութատարություն և առավելագույն գիտատարություն:
    • Հայության ռազմավարական շահերին միտվածություն:
    • Ռազմավարական ոլորտներում առավելագույն ինքնաբավություն:
    • Արդարություն և պատասխանատվություն:
    • Կենսական սոցիալական կարիքների բավարարման պայմանների պետական երաշխավորություն:
    • Արժանապատիվ աշխատանքի և վարձատրության պետական երաշխավորություն:
    • Սեփականության պաշտպանվածություն:
    • Արժեքահենություն և գիտելիքահենություն:
    • Առողջ կենսակերպին միտվածություն:
    • Զուտ տնտեսական անմիջական շահի նկատմամբ համազգային, սոցիալ-մշակութային և բնապահպանական շահերի գերակայություն:
    • Մտավոր սեփականության, այդ թվում` դրա հանրային ձևերի կարևորում և պաշտպանություն:

 

  • Սեփականության ձևերը
    • Մասնավոր:
    • Հանրային (համազգային/պետական և համայնքային):
    • Խմբային (կոլեկտիվ (համատեղ և բաժնային), կորպորատիվ և հասարակական միությունների):
    • Օտարերկրյա:
    • Խառը, այդ թվում` օտարերկրյա մասնակցությամբ:

 

  • Սեփականության հարաբերություններով և տնտեսության մեջ պետության էական ու կարգավորիչ դերով պայմանավորված պարամետրները
    • Հողի (այդ թվում` անտառի և հաղորդակցության ուղիների), ջրի և ընդերքի համազգային սեփականություն:
    • Հողի անհատույց և վարձակալական օգտագործում:
    • Ջրի մատակարարման պետական մենաշնորհ:
    • Ջրի անհատույց և վճարովի օգտագործում:
    • Ընդերքի պետական և/կամ պայմանագրային-վարձակալական շահագործում:
    • Հողի (այդ թվում` անտառի և հաղորդակցության ուղիների), ջրի և ընդերքի օգտագործման/շահագործման պետական հսկողություն և հասարակական վերահսկողություն:
    • Ֆինանսաբանկային համակարգի մակաբուծային գիշատչական գործառույթի արգելում և դրա վերածում տնտեսության սպասարկման օղակի:
    • Ռազմավարական օբյեկտների կամ դրանց հսկիչ փաթեթների պետական սեփականություն:
    • Մասնավոր անձանց և ընտանիքների կողմից ազգային հարստության և տնտեսության որոշակի համամասնությունից ավելի սեփականության սահմանափակում, ինչպես նաև նրանց կողմից տնտեսության վերահսկողության հնարավորության բացառում:
    • Մանր և միջին ձեռնարկատիրության, ինչպես նաև կոլեկտիվ ու կոոպերատիվ սեփականությամբ տնտեսավարման քաջալերում:
    • Որոշակի շեմից բարձր կապիտալ և որոշակի քանակից շատ աշխատող ունեցող ձեռնարկություններում աշխատողների` առնվազն 20% մասնաբաժնի սեփականություն:
    • Ռազմավարական և/կամ տնտեսությունում քարշակի դեր կատարող և/կամ գերշահույթ ապահովող ճյուղերում (տրանսպորտ, կապ, էլեկտրաէներգիայի արտադրում և մատակարարում, ինչպես նաև դեղորայքի, ոգելից խմիչքների, ծխախոտի և վառելանյութի ներկրում) առնվազն վերահսկիչ փաթեթի պետական սեփականություն:
    • Տնտեսության մյուս ճյուղերի ընկերություններում` Հայաստանի քաղաքացիների առնվազն 10% մասնաբաժնի սեփականություն:
    • Տնտեսական և աշխատանքային գործունեության ցանցային կառավարում (համագործակցային, հորիզոնական հարաբերությունների և ինքնակառավարման (autogestion) ձևերի ներդրմամբ):
    • Պետության տնտեսական դերի հասարակական վերահսկողություն (այդ թվում` հանրաքվեների և հարցումների միջոցով որոշումների կայացում կամ կայացված որոշումների վերանայում, այդ նպատակով համապատասխան մեխանիզմների մշակում և ներդրում):
    • Տնտեսության մեջ պետության հետևյալ գործառույթների կատարում.
  • Տնտեսական քաղաքականության ծրագրավորում և իրականացում, այդ թվում՝ տնտեսության քարշակ ճյուղերի սահմանում և դրանց համակողմանի զարգացման ապահովում:
  • Տնտեսության պետական հատվածի և պետական սեփականությամբ մասնաբաժնի կառավարում:
  • Բնական պաշարների մենաշնորհների և ենթակառուցվածքների արդյունավետ կառավարում:
  • Ազգային եկամտի արդար վերաբաշխում:
  • Տարածքային համաչափ զարգացում:
  • Նորամուծությանը միտված կրթություն-գիտություն-արտադրություն կապն /արժեքային շղթան/ ապահովող սոցիալ-տնտեսական համակարգի ստեղծում:
  • Տնտեսական մրցակցության վերահսկում, մենաշնորհների առաջացման կանխարգելում:

 

  • Սոցիալ-տնտեսական զարգացման առկա ներուժն ու ռեսուրսները

Չնայած երկրի ավելի քան քսանամյա հետընթացին, տնտեսության քայքայմանը, արտագաղթին, Սփյուռքի ուծացմանն ու գաղթօջախների քայքայմանը, Հայաստանն ու հայությունը դեռևս օժտված են հետևյալ ներուժով և ռեսուրսներով.

  • Մտավոր, այդ թվում`
  • Հայաստանի և հին ու նոր սփյուռքների գիտամտավոր ներուժ,
  • Հայության` ընդհանրապես գիտական և տեխնոլոգիական նորարամուծական մտքով օժտվածություն:
  • Մարդկային

Հայրենաբնակ և արտերկրաբնակ հայության մարդկային (քանակական) ռեսուրսներ,

  • Տնտեսական, այդ թվում`

իրական տնտեսությունում որոշակի աճի ներուժ

  • Ֆինանսական, այդ թվում`
    • Հայաստանի ներքին ֆինանսական ռեսուրսներ,
    • արտասահմանից` հարազատներին ուղարկված տրանսֆերտներ,
    • Սփյուռքի (հին և նոր) ֆինանսական ռեսուրսներ,
    • օտարերկրյա մասնավոր և միջազգային կազմակերպությունների ներդրումներ:
  • Նյութական և էներգետիկ, այդ թվում`
    • արդյունաբերական հումքի որոշակի տեսակների առկայություն,
    • այլընտրանքային էներգիայի հնարավորություններ,
    • երկրագործական ներուժ:

 

  • Սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության փուլերը

Կենսագործունեության նվազագույն նշաձողից շատ ցածր մակարդակի վրա գտնվող երկիրն ու ժողովրդին վերընթաց զարգացման ուղու վրա դնելու և հետագա թռիչքային զարգացում ապահովելու նպատակի իրականացումը հնարավոր է փուլային մոտեցմամբ` մի փուլից մյուսին անցումը պայմանավորելով նախորդի նպատակների իրագործմամբ ու դրանցից բխող խնդիրների լուծմամբ: Սոցիալ-տնտեսական վերընթաց զարգացմանը միտված համակարգային համալիր փոփոխությունները նախատեսվում է կատարել հետևյալ չորս փուլով:

  • Անցումային (մինչև 2 տարի):
  • Կարճաժամկետ (անցումային փուլից հետո 5 տարի):
  • Միջնաժամկետ (կարճաժամկետ փուլից հետո 15 տարի):
  • Երկարաժամկետ (միջնաժամկետ փուլից հետո ընկած ժամանակահատված):

Նշված փուլերում տնտեսական քաղաքականությունը մշակվում և իրականացվում է հետևյալ սցենարներով պայմանավորված առանձնահատկությունների հաշվառմամբ.

  • Առավել հավանական` Արևմուտքի, Արևելքի և Ռուսաստանի միջև կամուրջ-միջնորդ տնտեսության (որպես այդ համակարգերի միջև տեխնոլոգիաների տրանսֆերտի տարածաշրջանային կենտրոն) վիճակ:
  • Նվազ հավանական` արտակարգ (այդ թվում` պատերազմական), հնարավոր է նաև` փակ, առավելապես ներքին ռեսուրսներով աշխատող տնտեսության վիճակ:

 

  • Անցումային փուլ (մինչև 2 տարի)
    • Վարչախմբի հեռացումից և պետության կառավարումն ստանձնելուց անմիջապես հետո իրականացվող առաջնահերթ միջոցառումները
      • Քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդում` քրեական ճանապարհով ստեղծված հարստությունների և ֆինանսաքրեական խմբերի կարողությունների ազգայնացում, նշված խմբավորումների վնասազերծում, դրանց ստեղծած տնտեսավորող սուբյեկտների պետականացում:
      • Օլիգարխների կողմից հնարավոր սաբոտաժային գործողությունների կանխում և դրանց հետևանքների չեզոքացում:
      • Տեղական օլիգարխիայի կողմից սաբոտաժի կանխարգելմանը (մասնավորապես` ռազմավարական պարենամթերքի մասով) զուգահեռաբար` օտարերկրյա սուբյեկտներից կախված ռազմավարական միջոցների (էլեկտրաէներգիա, վառելիք, կապ, տրանսպորտ և այլն) ապահովման խնդրի լուծում, այդ թվում` վերջիններիս հետ համապատասխան համաձայնություններ ձեռք բերելու միջոցով:
      • Չվճարված հարկերի գանձում, հափշտակված հարստության վերադարձ պետական բյուջե, հանցավոր ճանապարհով հարստացած անձանց քրեական հետապնդում:
      • Ժողովրդին ու տնտեսությունը շնչահեղձ անող հոռի երևույթների կասեցում, այն է` փոքրաթիվ վերնախավի ձեռքերում հարստության կուտակման գործընթացների դադարեցում, աշխատողների գերշահագործման, սպառողների շահերի ոտնահարման ու բնության հոշոտման բացառում:
      • Հայաստանի և հայության` կարճաժամկետ հեռանկարում կիրառելի ռեսուրսի հաշվառում, համախմբում, ներգրավում և օպտիմալ կերպով օգտագործում:
      • Պետբյուջեի ապահովում հարկային անհրաժեշտ եկամուտներով:
      • Երկրագործության բնագավառում բանկերի վաշխառուական քաղաքականության հետևանքով առաջացած պարտքերի չեղյալ համարում:
      • Օրինախախտումներով իրականացված գործարքների բացահայտում և վերանայում, ինչպես նաև դրանց պատասխանատուների նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության իրականացում:
      • Հարկային, մաքսային և բյուջետային միջոցների խնայողությանն քաղաքականության շնորհիվ պետական բյուջեի ավելացող միջոցների ուղղում սոցիալական խնդիրների թեթևացման, պաշտպանունակության ամրապնդման, տնտեսության և գիտության ու կրթության նպատակային զարգացման ծրագրերին:
      • Սոցիալական արդարության և օրինականության հաստատման, սոցիալապես անապահով խավի, առաջին հերթին` կյանքի դժվարին կացության մեջ հայտնված անձանց և ընտանիքների նվազագույն սոցիալական կարիքների բավարարման պայմանների ու մեխանիզմների ձևավորման միջոցով ծայրահեղ աղքատության հաղթահարման գործընթացի մեկնարկ և հեռանկարի առումով լավատեսական մթնոլորտի ձևավորում:
      • Առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների ներկրման և գնագոյացման վերահսկողություն:
      • Հանքարդյունաբերության հարկերի բարձրացում` համաձայն տվյալ հանքահումքի ընթացիկ միջազգային գների:
      • Հանքարդյունաբերական ընկերություններին միջազգային չափանիշներով նախատեսված բնապահպանական նորմատիվների պահպանման և բնապահպանական վճարումների պահանջների ներկայացում, դրանք չկատարելու դեպքում՝ նրանց գործունեության արտոնագրերի (լիցենզիաների) դադարեցում:
      • Ի սկզբանե բնապահպանական նորմերի և չափանիշների խախտմամբ իրականացվող հանքարդյունաբերական գործունեության դադարեցում ու մեղավորների նյութական, քրեական և օրենքով սահմանված այլ պատասխանատվության իրականացում:
      • Բնության վերականգնման պարտավորության սահմանում:
      • Կապիտալի արտահանման հարկի համակարգի ներդրում:
      • Տրանսֆերտների ստերիլիզացում:
      • Մանր ու միջին գործարարության արհեստական խոչընդոտների վերացում, կաշառակերության դեմ կտրուկ պայքարի ծավալում:
      • Պետեկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացում խոշոր բիզնեսի արդյունավետ հարկման հաշվին:
      • Մաքսային տարբերակված քաղաքականության վարում (շքեղության ապրանքների բարձր մաքսատուրքերի սահմանում, արտադրական սարքավորումների մաքսատուրքերի վերացում կամ խիստ նվազեցում):
      • Խոշոր հողերի հարկերի բարձրացում, անմշակ թողնված խոշոր հողերի գեր-հարկում, հողերի մենաշնորհային խոշորացման գործընթացների կանխում:
    • Պետության կառավարումն ստանձնելուց հետո 6-24 ամսյա ժամանակահատվածում իրականացվող միջոցառումները
      • Կարճաժամկետ և միջնաժամկետ փուլերի ծրագրերի և միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների և պայմանների ապահովում, ինչպես նաև համապատասխան մեկնարկային գործողությունների կատարում:
      • Վերաբնակեցման և տարաբնակեցման ռազմավարական ծրագրի մշակում և դրա իրականացման առաջնահերթ միջոցառումների մեկնարկ, այդ թվում՝ կյանքի կազմակերպման օպտիմալ ձևերի սաղմերի ներդրում:
      • Քրեաֆինանսական խմբավորումների` արդեն պետականացված որոշ տնտեսվարող սուբյեկտների տրոհում և մաս-մաս սեփականաշնորհում (կյանքի դժվարին կացության մեջ հայտնված անձանց և տնտեսվարող սուբյեկտների կոլեկտիվների անդամներին զգալի բաժնեմասի անհատույց հատկացմամբ):
      • Օտարերկրյա պետությունների կամ նրանց սուբյեկտների սեփականությանը հանձնված ռազմավարական օբյեկտների (կամ դրանց հսկիչ փաթեթների) ազգայնացում, ինչպես նաև նրանց օպերատիվ կառավարմանը հանձնված այդպիսի օբյեկտների կառավարման վերաստանձում` նրանց հետ ունեցած հարաբերությունների և այդ օբյեկտների նախանշանակման առանձնահատկությունների հաշվառմամբ (անցումային փուլում այս միջոցառումը չավարտվելու պարագայում դրա վերջնական ավարտում հաջորդ` կարճաժամկետ փուլի ընթացքում):
    • Հետևյալ գործողությունների արգելում.
    • հողի, անտառի, ջրի և ընդերքի օգտագործումը/շահագործումը շրջակա միջավայրին վնաս հասցնելով,
    • հողի, անտառի, ջրի և ընդերքի վնասումը կամ ոչնչացումը,
    • հողի սպառումը, նպատակայինևգործառնականնշանակությունից զատ այլնպատակներով օգտագործումը:
      • Բնական ու տեխնածին աղետների, առաջին հերթին` երկրաշարժի վտանգի, գնահատում, Երևանի և խոշոր քաղաքների երկրաշարժավտանգ ենթակառույցների, շենքերի ու շինությունների սեյսմիկ անվտանգության, ինչպես նաև բնակչության սեյսմիկ պաշտպանության ապահովմանն ուղղված միջոցառումների պլանի մշակում և կատարման մեկնարկ:
      • Հնարավոր ամենակարճ ժամկետում նյութապես և բարոյապես արժանապատիվ աշխատանքի պայմանների ստեղծման ծրագրի մշակում և դրա առաջնահերթ միջոցառումների իրականացում:
      • Երկրագործության բնագավառում հետևյալ միջոցառումների իրականացում.
    • Հայաստանի երկրագործական նշանակության սահմանափակ տարածքները օտար պետություններին և օտար ագրոբիզնեսային ձեռնարկություններին տրամադրելու հնարավորության բացառում,
    • պետության կողմից երկրագործական տնտեսությունների նկատմամբ հետևյալ երեք միջոցառումներից՝ սուբսիդավորում, բերքի, ունեցվածքի և արտադրամիջոցների ապահովագրում և երկրագործական արտադրանքի գների նվազագույն շեմի հաստատում, առնվազն երկուսի ապահովում,
    • ոռոգման համակարգի բարելավում, ջրօգտագործման համակարգերի օպտիմալացված (ծրագրավորված) կիրառման ծրագրի մշակում և դրա իրագործման  գործընթացի մեկնարկ,
    • աջակցություն գյուղացիներին` երկրագործական արդիական գիտելիքների և տեխնոլոգիաների ձեռքբերման հարցում, ինչպես նաև լիարժեք խորհրդատվական համակարգի վերականգնման և զարգացման, շարունակական մասնագիտական կրթության համակարգերի ստեղծման ծրագրի մշակում և իրագործման մեկնարկ:
    • Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման, համայնքների և ենթաշրջանային կլաստերների առողջ մոդելների ստեղծման ծրագրի մշակում և դրա իրագործման մեկնարկ:
    • Կարճաժամկետ փուլի միջոցառումների իրագործումն ապահովելու համար կատարել հետևյալ գործողությունները.
    • ստեղծել մասնագիտացած հանրային բանկ՝ երկրագործական վարկերի տրամադրման նպատակով,
    • խիստ նորմատիվներ և վերահսկողություն սահմանել երկրագործական նշանակության հողերի նպատակային օգտագործման համար, կանխել ու կասեցնել դրանց փոփոխման գործընթացները, հատկապես` շքեղ մասնավոր ապարանքների և զվարճանքի կենտրոնների կառուցման դեպքերում,
    • հողերի կատեգորիաների փոփոխությունները պայմանավորել համայնքների, ինչպես նաև կլաստերների կայացմանը և ներդաշնակ զարգացմանը նպաստող ծրագրերով, հողօգտագործողի կողմից կատերգորիայի բարձրացման դեպքում 10 տարվա ընթացքում հողի հարկը գանձել նախորդ կատեգորիայի արժեքով,
    • հավասար պայմաններ ստեղծել բոլոր գյուղերում, անկախ իրենց աշխարհագրական դիրքից, որոշակի նախապատվություն տալով բացառապես սահմանամերձ, բարձրլեռնային և վերաբնակեցվող գյուղերին ու տարածքներին,
    • սահմանամերձ տարածքներում ձևավորել տարածքային պաշտպանության ենթակառույցներ և սարքավորել դրանք,
    • մշակել և իրականացնել խորհրդային ժամանակաշրջանում, ինչպես նաև անցնող երկու տասնամյակում անմշակ դարձած և որակազրկված գյուղատնտեսական նշանակության հողերի վերականգնման մելիորացիոն և հողաշինական համակողմանի ծրագիր,
    • հրաժարվել ստորերկրյա ջրերի անհաշվենկատ օգտագործումից,
    • խիստ միջոցառումներ ձեռնարկել էրոզիա առաջացնող երկրագործական և ոչ երկրագործական գործողությունների դեմ,
    • անտառային զանգվածների ձևավորման միջոցով ջրային պաշարների ապահովման և էրոզիայի կանխարգելման նպատակով մշակել համատարած անտառվերականգնման աշխատանքների ծրագիր և ձեռնամուխ լինել դրա իրականացմանը,
    • զարկ տալ երկրագործական գիտություններին և նոր տեխնոլոգիական հետազոտություններին, մասնակցել այդ բնագավառի միջազգային գիտական ծրագրերի,
    • առաջին փուլում` հատուկ հարկ սահմանել խոշոր հողերի համար,
    • առգրավել անմշակ թողնված խոշոր հողերը, ապա սահմանափակել սեփականության իրավունքով հողերի ձեռքբերումը (գտնել օպտիմալ տարածությունները` ըստ գոտիների),
    • նկատի ունենալով, որ մասնավորեցված երկրագործական հողատարածությունները ներկայումս կարելի է մեծ հաշվով բաժանել հինգ կատեգորիաների` կոոպերատիվ հիմունքներով մշակվող մասնավոր հողեր, անհատ երկրագործական տնտեսությունների կողմից մշակվող մասնավոր հողեր, մեծ կամ համեմատաբար մեծ հողատերերի կողմից շահագործվող հողեր, մեծ հողատերերի կողմից անմշակ թողնված հողեր և անհատ գյուղացիների կողմից անմշակ թողնված հողեր, երկրագործական արտադրանքին զարկ տալու համար իրականացնել հետևյալ քաղաքականությունը.
    • բոլոր միջոցներով օգնել կոոպերատիվ շարժմանը և խթանել դրա արմատավորումն ու տարածումը,
    • օգնել հողը մշակող անհատ երկրագործական տնտեսություններին,
    • վերահսկել խոշոր հողատերերի երկրագործական բիզնեսը` փոքր տնտեսություն վարող գյուղացիներին տարբեր ձևերով չվնասելու, երկրագործական բանվորների շահերը չոտնահարելու, բյուջեի նկատմամբ պարտավորությունները հարգելու և այլ առումներով,
    • ավելի ուշ, խոշոր հողատերերին թողնել երկրագործական տարածությունների օրենքով սահմանված չափը միայն,
    • հողերն անմշակ թողած խոշոր սեփականատերերին պարտադրել մշակել հողերը, նախորդ կետի պայմաններով, իսկ չանսալու պարագայում՝ առգրավել դրանք,
    • անհատ երկրագործական տնտեսությունների անմշակ թողնված հողերի համար պատրաստել պետական կամ համատեղ միջոցներով այդ հողերի մշակման Ծրագիր և այդ նպատակով ստեղծել հիմնադրամ՝ դրանց մշակմանը մասնակից դարձնելով սեփականատեր գյուղացիներին և Ծրագիրը շարունակել մինչև ներդրումների վերադարձը, իսկ Ծրագրի ավարտին խթանել կոոպերատիվների ձևավորումը,
    • մշակել խրախուսման և տույժերի ճկուն քաղաքականություն՝ տարեցտարի պարենային անվտանգության ապահովումը երաշխավորող ցանքերի կառուցվածք ձևավորելու համար:

 

  • Կարճաժամկետ փուլ (անցումային փուլից հետո 5 տարի)
    • Նպատակները և խնդիրները
      • Մենաշնորհների վերացում:
      • Արդեն մշակված ծրագրերի իրագործման գործընթացի լիարժեք մեկնարկի ապահովում:
      • Տնտեսական գործունեության այլ որակի և ուղղվածության նպատակադրման` բնության հետ ներդաշնակ և նվազ ռեսուրսատար տնտեսության ձևավորման, նյութական բարիքների և ծառայությունների աստիճանական, իսկ մարդկային հարաբերությունների անմիջապես և ամբողջական ապաապրանքայնացման, սոցիալ-տնտեսական/սոցիալ-քաղաքական հարաբերությունների ավելի մասնակցային և հորիզոնական, նվազ հիերարխիական ձևերի կայացման գործընթացների մեկնարկի ապահովում:
      • Գիտության և կրթության ֆինանսավորման չափանիշների վերանայում և ավելացում, նորամուծականությանը միտված կրթություն-գիտություն-արտադրություն կապն ապահովող համակարգի ստեղծման և զարգացման ռազմավարական ծրագրի մշակում և դրա առաջնահերթ միջոցառումների մեկնարկ:
      • Հայաստանի և հայության` միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կիրառելի ռեսուրսի հաշվառման, համախմբման, ներգրավման և օպտիմալ կերպով օգտագործման նախադրյալների ու մեխանիզմների ձևավորում:
      • Երևանի ընդլայնման կասեցում և մարզային կենտրոններում պետական կառավարման համակարգի ենթակառույցների ձևավորման նպատակադրում` հաշվի առնելով նաև հետագայում շրջող և/կամ ժամանակավոր մայրաքաղաքի գործառման հնարավորությունը:
      • Երևանի և խոշոր քաղաքների երկրաշարժավտանգ ենթակառույցների, շենքերի ու շինությունների սեյսմիկ անվտանգության միջոցառումների պլանի կատարման շարունակում, կատարման ծավալների բազմապատիկ մեծացման ֆինանսատնտեսական, գիտատեխնոլոգիական և նյութատեխնիկական հիմքերի ու նախադրյալների ձևավորում, բնական և տեխնածին աղետների կանխման, դրա հետևանքների չեզոքացման ու վերացման ռազմավարական ծրագրի կազմում և նշված պլանի ներառում այդ ծրագրի մեջ:
      • Սոցիալական ոլորտի՝ մարդու նյութական-կենսաբանական վերարտադրության բնագավառի ռազմավարական ծրագրի մշակում և դրա իրականացման առաջնահերթ միջոցառումների մեկնարկ՝ հետևյալ պարամետրների հաշվառմամբ.
    • առողջ կենսակերպին միտվածություն,
    • կացարանի, առողջության, կրթության, զբաղվածության, իրավական օգնության և սոցիալական պաշտպանության երաշխավորում,
    • առողջ կենսամիջավայրի երաշխավորում,
    • մոր և մանկան առողջության պահպանում ու ծնելիության խթանում,
    • երիտասարդ, ինչպես նաև կարիքավոր ու բազմազավակ ընտանիքների կարիքների ապահովման երաշխավորում,
    • հայրենադարձների և տարաբնակեցվողների համարկում,
    • պետության տրամադրած սոցիալական ծառայությունների ապաապրանքայնացում,
    • ոլորտում գործող հասարակական ու մասնավոր հատվածների գործունեության պետական աջակցություն,
    • անհրաժեշտ ապահովման ենթակառույցների և մեխանիզմների ստեղծում:
      • Արդյունաբերության զարգացման միջնաժամկետ ռազմավարական ծրագրի մշակում և դրա իրականացման առաջնահերթ միջոցառումների մեկնարկ՝ հետևյալ պարամետրների հաշվառմամբ.
    • կենսական անհրաժեշտության ապրանքների ներքին պահանջարկի առաջնահերթ բավարարում,
    • բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն ճյուղերի առաջնահերթ զարգացում, որոնցում Հայաստանը և հայությունը ունեն կամ կարող են գտնել մարդկային, հումքային և ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներ ու ապահովել մրցունակություն,
    • արտահանմանն ուղղված տնտեսական քաղաքականության և ներքին տնտեսության ու շուկայի զարգացման և տնտեսական ինքնաբավության օպտիմալ հաշվեկշիռ,
    • նորամուծությանը միտված կրթություն-գիտություն-արտադրություն շղթայի, այդ թվում` դրա համար անհրաժեշտ միջավայրի ու ենթակառույցների ձևավորում և զարգացում,
    • համահայկական ֆինանսատնտեսական շուկայի ենթակառուցվածքի ձևավորման ապահովում,
    • նվազ նյութատարություն, փոքրածավալություն և առավելագույն գիտատարություն,
    • արտադրանքի և ծառայությունների բարձր որակ,
    • բնապահպանական շահի և սոցիալական կողմնորոշման առաջնահերթություն,
    • պաշտպանունակության ապահովում,
    • ՀՆԱ-ում մտավոր սեփականության (այս ոլորտում մասնավոր և կոլեկտիվ առումների և դրանց հարաբերակցության առանձնահատկությունների հաշվառմամբ) մասնաբաժնի կտրուկ ավելացում և հետագայում դրա զգալի չափի ապահովում,
    • տնտեսության քարշակային ճյուղերի սահմանում և դրանց միջոցով տնտեսության համընդհանուր զարգացման քաղաքականության որդեգրում, որպես դրանցից մեկը սահմանելով այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության միջոցների և բաղադրիչների մշակումն ու արտադրությունը,
    • ինչպես միատարր բնույթի, այնպես էլ խառը սեփականության հիմունքներով պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ստեղծում հատկապես քարշակ ճյուղերում,
    • տարածքային համասեռ տեղաբաշխվածություն,
    • տարածաշրջանային (ըստ հնարավորության՝ նաև համաշխարհային) տնտեսական հարթակների, հանգույցների և կամուրջների ձևավորում:
      • Նոր հիմունքներով երկրագործության զարգացման և պարենային ինքնաբավության միջնաժամկետ ռազմավարական ծրագրի մշակում և դրա առաջնահերթ միջոցառումների մեկնարկ՝ հետևյալ պարամետրների հաշվառմամբ.
    • առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գծով ինքնաբավություն,
    • երկրագործական նշանակության պաշարների (հողեր, ջրային պաշարներ) պահպանում և դրանց որակի բարելավում,
    • բնության խաթարման բացառման պայմաններում` երկրագործության մեջ արտադրողականության աճի ապահովում` արտադրվող մթերքի ինքնարժեքի նվազման և բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրության միջոցով,
    • երկրագործական արտադրանքի անվտանգության ենթակառույցի (տարերային աղետներից, հիվանդություններից, տնտեսական ցնցումներից պաշտպանության, այդ թվում` բավարար ճկունություն ունեցող ապահովագրական համակարգեր) ստեղծում,
    • երկրագործական արտադրանքի իրացման բազմապիսի արդյունավետ մեխանիզմների, այդ թվում` արտադրողների և սպառողների շահերի պաշտպանությանը միտված իրացման իրատեսական շղթաների, ստեղծում,
    • կոոպերատիվների ստեղծման խրախուսում և գյուղական համայնքներում բնական երկրագործության նոր տեխնոլոգիաների կիրառումը դյուրինացնող մեխանիզմների ներդրում,
    • գյուղացիության ու երկրագործությամբ զբաղվողների համակողմանի (կենցաղային, սոցիալական, հոգևոր-մշակութային և այլն) բարեկեցության պայմանների ապահովում,
    • գյուղական առողջ համայնքների ստեղծում, բնակիչների և համայնքների միջև համագործակցային հարաբերությունների հաստատմանը նպաստող պայմանների ստեղծում, գյուղի ընձեռած առողջ կենսակերպի պահպանում և զարգացում,
    • ենթաշրջանային համասեռ կլաստերների ստեղծում, որտեղ ենթակառուցվածքները, երկրագործական, արհեստագործական և փոքր արդյունաբերական ճյուղերը, կրթա-գիտական, հոգևոր, մշակութային և զվարճանքի հիմնարկություններն ու կենտրոնները կշաղկապվեն և կամբողջացնեն միմիանց՝ ապահովելով ներդաշնակ կենսագործունեության պայմաններ,
    • վերջին տասնամյակներում գյուղական համայնքներից հեռացածների վերադարձի և հայրենադարձների` ավաններում և գյուղերում բնակության պայմանների ապահովում,
    • գյուղական բնակչությանն աշխատանքով ապահովման խնդրի լուծում՝ տնայնագործական, գեղարվեստական արժեք ներկայացնող իրերի պատրաստման, բարձր ավելացված արժեք ունեցող սննդամթերքի արտադրության և արտահանման, ագրո և էկոտուրիզմի զարգացման միջոցով,
    • երկրագործության ոլորտում արտաքին առևտրի դրական կամ նվազագույն չափով բացասական հաշվեկշռի ապահովում,
    • տեղական արտադրության պարենամթերքի արտահանման հնարավորությունների ընդլայնում և սննդամթերքի ներմուծման հնարավորինս նվազեցում,
    • երկրի պարենային կարիքների բավարարման առաջնահերթություն և պարենի արտահանում միայն այդ կարիքների բավարարումից հետո,
      • Նոր տեխնոլոգիաների վրա հիմնված գիտաարդյունաբերական ճյուղերի զարգացման, արտահանմանն ուղված դասական արդյունաբերական որակյալ ապրանքների արտադրության և ներքին սպառման սպառողական ու միջին ծանրության արդյունաբերական ապրանքների արտադրության նախաձեռնում:
      • Խոշոր կապիտալի հանդեպ հասարակական վերահսկողության սահմանում, հատկապես քաղաքական կյանքի և լրատվամիջոցների ոլորտում:
      • Բնակչության աշխատունակ մասին աստիճանաբար` նյութական և բարոյական առումներով արժանապատիվ աշխատանքով ապահովում:
      • Իրական դերակատարությամբ արհմիությունների ձևավորման և գործառման նախադրյալների և պայմանների (բացառությամբ հատուկ ճյուղերի ձեռնարկություններից) ապահովում:
      • Սոցիալ-տնտեսական գործունեության հորիզոնական-մասնակցային-ինքնակառավարման կենսաձևերի արմատավորում և խթանում:
      • Հարկային և դրամավարկային ռազմավարական ծրագրի մշակում և դրա իրականացման մեկնարկ՝ ըստ հետևյալ պարամետրների.
    • ավելացված արժեքի հարկի կրճատում (ընդհուպ վերացում) և եկամտահարկի ավելացում,
    • պրոգրեսիվ եկամտահարկի սանդղակի կիրառում,
    • եկամտահարկի տարբերակում` հաշվի առնելով հարկատուի ընտանիքի եկամուտը, ընտանիքի անդամների թիվը և սոցիալական կազմը,
    • պրոգրեսիվ ժառանգության հարկի սանդղակի կիրառում,
    • ներքին արտադրությունը և արտահանումը խթանող հարկաբյուջետային, դրամավարկային և փոխարժեքային քաղաքականություն,
    • նվազագույն պակասորդով բյուջետային քաղաքականություն,
    • շրջանների զարգացումն ու տարաբնակեցումը խթանելու նպատակով ըստ տարածքների տարբերակվող հարկային քաղաքականություն,
    • նորամուծական ներդրումների և բիզնեսի նկատմամբ հարկային խրախուսման քաղաքականություն,
    • բանկային և այլ դրամավարկային կազմակերպությունների վաշխառուական գործառույթների դադարեցում և դրանց վերածում տնտեսության սպասարկման օղակի:

 

  • Հողի ազգայնացման հարցի որոշման և հողի իրավական ռեժիմի սահմանման գործողությունները
  • Հողի ազգայնացման հարցով անցկացնել հանրաքվե:
  • Հանրաքվեի դրական արդյունքի դեպքում հողը թողնել տնտեսվարող սուբյեկտների տիրապետմանն ու օգտագոր]մանը` նրանց համար սահմանելով հողի նկատմամբ իրավունքների հետևյալ ռեժիմը.
  • տիրապետման իրավունք,
  • օգտագործման իրավունք,
  • կառավարման իրավունք,
  • եկամուտի նկատմամբ իրավունք,
  • անվտանգության ապահովման իրավունք,
  • ժառանգելու իրավունք,
  • անժամկետ կամ օրենքով/պայմանագրով սահմանված ժամկետով օգտվելու/օգուտ քաղելու իրավունք,
  • մնացորդային բնույթի, այն է` խախտված լիազորությունների վերականգնման ընթացակարգերի և ինստիուտների առկայության ու դրանց կիրառման իրավունք,
  • հողի օտարման, պարտքի դիմաց հողի նկատմամբ իրավունքների զիջման և/կամ հողի վրա բռնագանձման տարածման արգելում:
  • սուվերենի իրավունքի իրացման, այն է` հողի օտարման, սպառման, նպատակայինևգործառնականնշանակությունից զատ այլնպատակներով օգտագործման արգելում:

 

  • Միջնաժամկետ փուլ (կարճաժամկետ փուլից հետո 15 տարի)
    • Նպատակները և խնդիրները
  • Կարճաժամկետ փուլում մշակված ռազմավարական ծրագրերի ճշգրտում և դրանց ամբողջական իրականացման ապահովում:
  • Պետության ինքնիշխանության տնտեսական հիմքերի ամրապնդում:
  • Աշխատունակ ազգաբնակչությունն արժանապատիվ (նյութական և բարոյական առումներով) աշխատանքով ապահովում:
  • Երկրի ինքնաբավության աստիճանի զգալի ավելացում:
  • Գիտակրթական մակարդակի աճման խթանում:
  • Արտաքին առևտրի առողջ հաշվեկշռի ապահովում՝ ավելացնելով արտահանումների և պակասեցնելով ներմուծումների ծավալները:
  • Սոցիալ-տնտեսական գործունեության հորիզոնական-մասնակցային-ինքնակառավարման կենսաձևերի ներդրման, արմաատավորման և տարածման լրացուցիչ խթանում:
  • Սոցիալական ապահովության, այդ թվում` առողջապահության, արդյունավետ համակարգերի և մեխանիզմների ձևավորում:

 

  • Արդյունաբերության զարգացման միջնաժամկետ ռազմավարության առաջնահերթ խնդիրները և գործողությունները
  • Դառնալ գիտաարդյունաբերական ոլորտում համաշխարհային զարգացումների մասնակիցը և ոչ սոսկ դրանց արդյունքների սպառողը, այդ նպատակով ընտրել արդյունաբերության այն ոլորտները, որոնց կտրուկ զարգացումը պետական խրախուսման միջոցով (գիտահետազոտական, կրթական ու ինժեներա-տեխնիկական հիմքերի ստեղծման ու պետական առաջնահերթ հովանավորության միջոցով) Հայաստանին հնարավորություն կտա համաշխարհային շուկայում զբաղեցնելու իր ուրույն տեղը` շեշտը դնելով գերարդիական տեխնոլոգիաների և այլընտրանքային էներգետիկայի ու համապատասխան սարքավորումների (էլեկտրական, քիմիական, արևային և այլ եղանակով աշխատող մարտկոցների) արտադրության վրա:
  • Աշխարհագրականորեն ապակենտրոնացնել արդյունաբերական արտադրությունը և խթանել շրջանների զարգացումը:
  • Բացառել էժան աշխատուժի վրա հիմնված, արտահանման թեքումով տնտեսական «զարգացման» մոդելը, նոր-ազատական (նեո-լիբերալիստական) այդ մոդելի ձախողման, համաշխարհային տևական ճգնաժամի պայմաններում ազգային տնտեսության օպտիմալ աստիճանի ինքնաբավության անհրաժեշտության և Հայաստանի ամենալուրջ` ժողովրդագրական անվտանգության հարցի լուծման առումով էժան աշխատավարձերի անթուլատրելիության պատճառներով:
  • Կազմակերպել և քաջալերել տեղական արտադրությունը բոլոր այն ապրանքատեսակների (թեթև թե միջին արդյունաբերական) և ծառայությունների, որոնց ներքին պահանջարկը և օպտիմալ որակով մատուցումը Հայաստանում առկա է և հնարավոր,
  • Բավարար որակի ապահովման պայմանով` զարգացման, ներառյալ՝ տարածքային զարգացման, և ենթակառուցվածքային ծրագրերը հնարավորինս իրականացնել տեղական բնական, մարդկային և ինժեներական ռեսուրսների հաշվին:
  • Վարել ներմուծումների փոխարինման (import substitution) քաղաքականություն՝ տեղում բավարար որակով արտադրվող ապրանքները պաշտպանելով օտարերկրյա համազոր ապրանքների մրցակցությունից:
  • Զարգացնել բարձր տեխնոլոգիական գիտությունները և դրանց վրա հիմնված արտադրությունները` իրական նախադրյալներ ստեղծելով տարածաշրջանում Հայաստանի իրական գիտատեխնոլոգիական հեղինակությունը, միջազգային կշիռը, միջազգային մակարդակում նրա մրցունակությունն ու առաջադիմությունն ապահովելու համար, իսկ այդ ոլորտին բնորոշ համետաբար փոքր թվով աշխատատեղերի հետ կապված պրոբլեմը հաղթահարել տվյալ բնագավառի ծավալների աճի հաշվին:
  • Հայաստանի տարբեր շրջաններում հիմնել նորամուծական տեխնոպարկեր:
  • Հատկապես նոր տեխնոլոգիաների և դասական արդյունաբերության ուղղություններում ստեղծել պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններ՝ ինչպես միատարր բնույթի, այնպես էլ խառը սեփականության հիմունքներով:
  • Վարել արդյունաբերության ճյուղերի և ձեռնարկությունների աշխարհագրականորեն ապակենտրոնացման քաղաքականություն, այն զուգակցելով շրջաններում նոր աշխատատեղերի ստեղծման սուբսիդավորմամբ:
  • Արդյունաբերության զարգացումն իրականացնել բնական պաշարների խնայողական և վերականգնողական օգտագործման, կենսառողջության համար անհրաժեշտ բնական միջավայրի պահպանման պայմաններում:
  • Նախաձեռնել նոր և հին տեխնոլոգիական արդյունաբերության ճյուղերի և ձեռնարկությունների ստեղծման գործընթաց՝ դրանցում սահմանափակ մասնակցությամբ օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ:
  • Ստեղծել մանր ու միջին ձեռնարկատիրության զարգացման, կոոպերատիվ և կոլեկտիվ սեփականությամբ ձեռնարկությունների ստեղծման և գործառման նախադրյալներ, պայմաններ ու մեխանիզմներ:
  • Այս ամենի համար մշակել և իրականացնել գիտակրթական և տեխնիկական պատրաստության համապատասխան ծրագրեր, դրանք համակցելով գիտակրթական համակարգի արմատական բարեփոխումների, առավել հեռանկարային գիտական և նորամուծական ճյուղերի պետական ֆինանսավորման, օտարերկրյա առաջնակարգ գիտակրթական հաստատություններում կադրերի պատրաստման ու վերապատրաստման, համապատասխան գիտական և մասնագիտական պատրաստման հաստատությունների և գիտաարտադրական կենտրոնների ստեղծման հետ:

 

  • Երկարաժամկետ փուլ (միջնաժամկետ փուլից հետո ընկած ժամանակահատված)

Հայաստանի համակողմանի թռիչքային զարգացման ռազմավարական ծրագրի իրականացում՝ համաշխարհային և հայաստանյան տիրույթներում ենթադրաբար պատմականորեն ձևավորվող նոր իրականության պայմաններում:

Ռազմավարական հայեցակարգի

«Սոցիալ-տնտեսական» ոլորտ

2013 թ. նոյեմբերի 11-ին Նախախորհրդարանը հանդես եկավ հանրային քննարկմամբ «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Սոցիալ-տնտեսական ոլորտը» թեմայով: Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը ներկայացրեց ծրագիրը:

«Այսօր, երբ շահույթի ձեռքբերումը բավական դժվարացել է, այլևս հնարավոր չէ նույն ծավալներով պահել օլիգարխիկ, գերշահույթներ ապահովող համակարգ և միաժամանակ ապահովել միջին խավի առկայություն: Այդ պատճառով ականատեսն ենք միջին խավի նոսրացման և աղքատության ավելացման:
Ապրանքների ինքնարժեքի բարձր լինելու պատճառով կենտրոնի երկրները իրենց արդյունաբերությունը տեղափոխում են այդ համակարգի ծայրամասային երկրներ, որտեղ աշխատավարձը և ինքնարժեքը շատ ավելի պակաս են, ինչը հնարավորություն կտա վերստին շահույթ ապահովել:
Սակայն այսպիսի լուծումը ժամանակի և տարածության մեջ սահմանափակ է»:

Ճգնաժամը հնարավորություն է՝ ունենալու թռիչքային զարգացում

Արդեն ճգնաժամի մեջ գտնվող որևէ համակարգ հակացուցված է Հայաստանին

Գյուղը քայքայվում է. Հայաստանը դարձել է քաղաք-պետություն

Հողը, ջուրը, ընդերքը պետք է լինեն համազգային սեփականություն

Ռազմավարական հայեցակարգի նախագծի քննարկում․ հարց ու պատասխան