External

Արտաքին հարաբերությունների ոլորտ

 

  • Մշակման և իրականացման ձևաչափը

Արտաքին հարաբերությունների ոլորտում Ռազմավարական հայեցակարգը մշակվում և իրականացվում է համաշխարհային և տարածաշրջանային հարթություններում: Այն միտված է Ռազմավարական հայեցակարգի` ներպետական ու համազգային մակարդակներում մշակվող և իրականացվող համապատասխան ուղղությունների հետ միասին ապահովելու հայության նպատակների իրագործումը:

  • Ռազմավարական հայեցակարգի ելակետերը համաշխարհային հարթությունում
    • Համաշխարհայնացմամբ ձևավորվող իրավիճակը գնալով ավելի է նմանվում համակարգային ճգնաժամի վտանգ պարունակող տուրբուլենտության, որի մեջ արդեն նշմարվում է միջազգային հարաբերությունների նոր կարգի ուրվագիծը: Նման զարգացումը հանգեցնում է միջազգային հարաբերությունների հետվեստֆալյան հարացույցի վերանայման անհրաժեշտության:
    • Արտաքին հարաբերությունների ասպարեզում մեծանում է դերակատարների տեսակային բազմազանությունը և փոփոխվում դրանց գործելաոճը: Ավանդական դերակատարների` պետությունների և նրանց միավորումների հետ միասին զգալի, իսկ երբեմն` էական, դեր են սկսում կատարել հիմնականում տեղեկութային ցանցերի վրա հիմնված ոչ ավանդական դերակատարները` տարատեսակ անդրազգային ցանցային միավորները: Ի դեպ, անդրազգային ցանցային միավորների մի մասը գործում են ի նպաստ նորգաղութային հաստատման ու ծավալման, մինչդեռ դրանց մյուս մասը դիմադրում են նորգաղութացմանը: Միևնույն ժամանակ` մեծանում է նաև ազգային ցանցային միավորների դերն ու նշանակությունը:
    • Զուգահեռաբար` 50-60-ականների նման, բայց ավելի փոքր քանակով, նկատելի է նաև էթնիկ կամ կրոնական սկզբունքով նոր պետությունների կամ պետական կազմավորումների առաջացման միտում:
    • Ընդսմին` պետություններն ու դրանց միավորումներն հիմնականում իրենց հիերարխիկ կառուցվածքի, նվազ ճկունության և դինամիզմի, կապերի ու հարաբերությունների նվազ արդյունավետության պատճառով հաճախ չեն կարողանում կայացնել արագ և ճիշտ որոշումներ և/կամ արդյունավետ կերպով կատարել դրանք, ինչը էլ ավելի է մեծացնում ցանցային միավորների դերն ու նշանակությունը: Սակայն հարկավոր է նկատի ունենալ, որ միջազգային կյանքի ավանդական դերակատարները` պետությունները և նրանց միավորումները, դեռևս մնում են ասպարեզում որպես որոշիչ գործոններ: Գաղտնիք չէ նաև, որ պետությունները, որպես կառավարման համապիտանի գործառութային համակարգեր, մշտապես փոփոխվել են և ներկայումս էլ նրանց մի մասը արագ տեմպերով ու ծավալներով փոփոխվում են՝ հարմարվելով ցանցային դարաշրջանի հրամայականներին` կերպափոխվելով ըստ ցանցային տրամաբանության և ակտիվորեն համագործակցելով ցանցային միավորների հետ: Մեծ թվով այլ պետություններ, ընդհակառակը, չկարողանալով հարմարվել արդի աշխարհի փոփոխվող իրողություններին՝ իրենց գործառույթները զիջում են ցանցային սկզբունքով ձևավորված ու գործող տարատեսակ միջազգային դերակատարներին` դրա հետևանքով հայտնվելով նոր որակի գաղութային կախվածության իրավիճակում:
    • Մեծ թափով շարունակվում է աշխարհի քաղաքակրթական միօրինակացման և համահարթեցման գործընթացը` նպաստավոր միջավայր ստեղծելով մի քանի հզոր պետությունների և անդրազգային ցանցային միավորների կողմից ուրիշներին նորովի կառավարելու համար, դրանով իսկ մեծացնելով հետնապահի վիճակում հայտնված պետությունների ու ազգերի նոր որակի գաղութացման վտանգը: Նման միտումը կարող է անգամ հանգեցնել միասնական կանոններով գործող համաշխարհային նորգաղութային համակարգի ձևավորմանը: Միևնույն ժամանակ` առաջանում է քաղաքակրթությունների ու մշակույթների երկխոսության և նրանց միջև արդյունավետ փոխանակումների լայն հնարավորություն, ինչի շնորհիվ փոքր և թույլ պետությունների ու այլ դերակատարների համար առաջանում են թռիչքային զարգացման նախադրյալներ: Այդ հիմքի վրա լայն հնարավորություն է առաջանում նաև համերաշխության և համագործակցության սկզբունքներով առաջնորդվող միջազգային հարաբերությունների նոր կարգի ձևավորման համար:
    • Բացի վերը նշվածից, ներկայիս իրավիճակը բնութագրող հիմնական առանձնահատկություններից են`
  • Սպառողական արժեհամակարգով վարակված մարդը, որ կառավարում է աշխարհը և որի հիմնական նպատակը առավելագույն շահույթ ստանալն է ու այդ շահույթը հաճույքների համար օգտագործելը: Այս պատճառով, ինչպես նաև սպառողական մարդու տեսակի տարածման հետևանքով անհամապատասխանություն է առաջացել մարդկային հնարավորությունների  և մոլորակի ռեսուսային հնարավորությունների միջև:
  • Համաշխարհայնացած մշակութային-մեդիական բաղադրիչի առանցքայնացումը, որի հետևանքով գաղութացվում են մարդկանց և ազգերի գիտակցությունն ու կամքը, մղումներն ու ցանկությունները, ինչը հանգեցնում է նրանց արժեհամակարգերի խաթարմանը և կեղծ բազմազանեցմանը:
  • Մի կողմից` տեխնոլոգիական նորարարության աճող կարևորությունը, իսկ մյուս կողմից` նրա ծայրահեղ անհրավասարաչափ բաշխվածությունը և այդ պատճառով ավելի ու ավելի մեծացող խզվածքը կամրջելու անհրաժեշտությունը:
  • Նորգաղութատիրությունը կարող է հանդես գալ բազմամետրոպոլության, մետրոպոլիա-միջանկյալ կիսագաղութ-գաղութ շարակարգի (էշելոն) և ոչ ավանդական դերակատարների տարբեր աստիճանի մասնակցության առանձին կամ համակցված ձևերով:
    • Աշխարհաքաղաքական գործոնների և ուժերի մեծաքանակությունն ու բազմազանությունը, դրանց միջև պայքարի ուժգնությունն ու բարդությունը բազմապատիկ չափերով մեծացնում են փոքր դերակատարների` իրավիճակի վրա ազդելու և իրենց շահերն իրացնելու հնարավորություններն ու կարողությունները: Նյութական, ռեսուրսային հզորության համեմատությամբ էապես մեծանում է խելացի ուժը և կամքի մասնաբաժինը, ինչի հետևանքով որոշակի իրավիճակներում չեզոքանում է տարբերությունը մեծ և փոքր դերակատարների միջև և երկուսն էլ կարևոր են դառնում աշխարհի ու տարածաշրջանի ապագան, այսօրվա ու վաղվա չափանիշները և խաղի կանոնները որոշելու հարցերում:
    • Հայության և Հայաստանի պարագայում խելացի ուժի և կամքի արդյունավետ գործադրման համար էական նպաստավոր պայման է հայության բնական ցանցային վիճակը, ուստի ցանցային տարբերակով հայության ներուժի համախմբումը, զարգացումը և կիրառումը կբազմապատկի հայկական գործոնի հնարավորություններն ու կարողութունները ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային հարթություներում:

 

  • Ռազմավարական հայեցակարգի ելակետերը տարածաշրջանային հարթությունում
    • Աշխարհաքաղաքական ուժերի շահերի կարևոր մասը կուտակվել է երեք` Միջերկրական, Սև և Կասպից ծովերի ավազաններն ընդգրկող լայնածավալ տարածաշրջանում, որի նկատմամբ վերահսկողությունը դառնում է շահերի իրացման բանալի և հնարավորություն:
    • Հայաստանի տարածքը քաղաքակրթական և աշխարհաքաղաքական առումներով այդ տարածաշրջանի առանցքային հանգույցներից մեկն է:
    • Միևնույն ժամանակ` տարածաշրջանում Հայաստանի և հայության ռազմավարական շահերի իրացումը և հարևան պետությունների հետ հարաբերությունների բնականոն զարգացումը էապես պայմանավորված են նաև հայ ժողովրդի բնօրրանի մեծ մասի հայաթափված լինելու ու իր Հայրենիքում վերստին համախմբվելու նրա իրավունքների ու շահերի իրացման լրջագույն պրոբլեմներով:
    • Մեծ Մերձավոր Արևելքի երկրներում տեղի ունեցող խորքային զարգացումները կարող են հանգեցնել ոչ միայն դրանց քաղաքական վարչակարգի և/կամ կառավարման կարգի, այլև սահմանների փոփոխության, անգամ` նոր պետությունների և/կամ պետականակերպ կազմավորումների առաջացման, որոշ պետությունների տրոհման և/կամ վերացման: Նման իրավիճակը կարող է էապես փոխել տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունն ու միջավայրը:
    • Այդպիսի պայմաններում Հայաստանը, արդյունավետ կերպով օգտագործելով նաև հայության ցանցային հնարավորություններն ու կարողությունները, պետք է հանդես գա ազգային շահերի գերակայությամբ առաջնորդվող ճկուն ու դինամիկ ռազմավարությամբ: Նա, որպես մի կողմից ավանդաբար իրականացրած քաղաքակակրթական խաչմերուկի ու կամրջի, ինչպես նաև տարածաշրջանային նորարարի դեր, իսկ մյուս կողմից` ներքին կայունության մեծ պաշար ունեցող երկիր, տարածաշրջանում ձևավորվող նոր անվտանգային միջավայրում հայկական գործոնի դերը հնարավորիս մեծացնելու միջոցով պետք է ոչ միայն ապահովի իր և տարածաշրջանի պետություններում բնակվող հայության անվտանգությունը հավանական սպառնալիքներից ու մարտահրավերներից, այլև իրավիճակի ընձեռած լայն հնարավորություններն առավելագույնս օգտագործի հայության ռազմավարական շահերի իրացման, այդ թվում` ցեղասպանության հետևանքների հաղթահարման, Հայրենիքում հայության համախմբման, հայրենի պետականության ամրապնդման ու զարգացման համար:

 

  • Նպատակները
    • Արտաքին հարաբերությունների ասպարեզում ցեղասպանության հետևանքների հաղթահարման, այդ թվում` հայ ժողովրդի պահանջատիրության բավարարման և նրա անօտարելի իրավունքների վերականգման ու իր Հայրենիքում նրա համախմբման ապահովում:
    • Հայաստանի` որպես ավանդական և ոչ ավանդական դերակատարների միջև կամրջող խաչմերուկի դերի նորովի վերաստանձնման, ինչպես նաև նրան արտաքին հարաբերությունների օբյեկտից ստեղծագործ սուբյեկտի վերածման ապահովում:

 

  • Խնդիրները
    • Արտաքին հարաբերությունների նոր կարգի մշակման գործում նախաձեռնողի, քարշակի ու հարթակի դերի ստանձնման ապահովում, ինչը, առաջին հերթին, ենթադրում է.
  • հայության և Հայաստանի մասնագիտացում` որպես կենսակերպի նոր մոդելների գեներատորի և/կամ ներմուծողի, արտահանողի և տեղայնացնողի (ներառյալ` հոգևոր-բանական արդիական էթիկա ու ապրելակերպ, երկխոսող և համագործակցող քաղաքակրթություններ, կանաչ տնտեսություն, կրթական նոր միջավայրեր, վերականգնողական էներգետիկա, նորամուծական և տեղեկութային հասարակություն (այդ թվում` տեխնոլոգիական տրանսֆերի ապահովման, համացանցի կառավարման ու անվտանգության, նոոքաղաքական մարտահրավերների հաղթահարման ու հնարավորությունների օգտագործման ասպարեզներում),
  • խելացի ուժի գեներացում և արդյունավետ կիրառում,
  • ազգային ցանցային գործունեության գերակայությունների որոշում և դրա հիման վրա ազգային ցանցային առկա միավորների արդիականացում և նոր միավորների ստեղծում, ինչպես նաև Արևելաքրիստոնեական ցանցի հետ գործակցություն ու արդիականացում և դրա մեջ հայկական գործոնի դերի վերաստանձնում ու արդյունավետ կիրառում,
  • անդրազգային ցանցային միավորների գնահատում, դասակարգում և մշտադիտարկում, ինչպես նաև դրանց հետ հարաբերվելու հարացույցների մշակում և իրագործում,
  • Հայաստանի պետական կառավարման համակարգի արտաքին քաղաքական բաղադրիչի ցանցայնացում և արդյունավետ կառավարում:
    • Ներկայիս տեղեկութային-հաղորդակցային աշխարհի հնարավորությունների օգտագործմամբ Ցեղասպանության հետևանքով կորցրած միասնական, ամբողջական ազգային կյանքով մի յուրօրինակ Հայաստանում ապրելու և այն հոգևոր-մշակութային, քաղաքական ու տնտեսական առումներով օրեցօր կառուցելու ու հզորացնելու ապահովում:
    • Հայաստանի տարածքի` քաղաքակրթական խզվածքի վրա գտնվելու և աշխարհաքաղաքական ուժերի շահերի բախման կիզակետ լինելու հանգամանքների ընձեռած հնարավորությունների առավելագույնս օգտագործման ապահովում:
    • Հայության բնական ցանցային վիճակով պայմանավորված նրա միջնորդական կարողությունների ու հնարավորությունների համախմբման, զարգացման և կիրառման ապահովում:
    • Արտերկրաբնակ հայության երկու բաղադրիչների` հայկական և տվյալ երկրների բազմապիսի էությունների ու բնույթների համատեղ առկայության շնորհիվ միաժամանակ և «տանը» և «դրսում» լինելու երևույթի` որպես աշխարհի համար հայության կամրջող ու միավորող դերի և դրա միջոցով հայկական խորքային մշակույթի ու արժեքների հիման վրա բազմախոսության, հայության և ամբողջ աշխարհի համար ելքերի որոնման համապիտանի գործիքարանի ձևավորման, զարգացման ու կիրառման ապահովում:
    • Համազգային ծրագրերի մշակման և իրագործման, հայրենի պետության կարևոր խնդիրների լուծման հարցերում արտերկրում բնակվող հայության առավելագույն ներգրավման, նրա ազգային ինքնության պահպանման և ազգային ու մարդկային իրավունքների երաշխավորման քաղաքական-դիվանագիտական, պաշտպանական-անվտանգային, տնտեսական, իրավական, տեղեկութային-հաղորդակցային, գիտակրթական և հոգևոր-մշակութային ապահովում:
    • Արցախը Հայաստանին դե յուրե միացնելու միջոցով Արցախյան հակամարտության արդար և հայանպաստ լուծման միջազգային ճանաչման, ինչպես նաև այդպիսի լուծմամբ տարածաշրջանում լարվածության հնարավոր աճման նախականխման ու չեզոքացման ապահովում:
    • Հայաստանի միջազգային վարկի բարձրացման, նրա թռիչքային զարգացման և քաղաքական, տնտեսական, տեղեկութային-հաղորդակցային ու մշակութային մրցունակության միջազգային բաղադրիչի ապահովում:

 

  • Սկզբունքները
    • Հայակենտրոնություն և Հայաստանակենտրոնություն:
    • Ազգային շահերի գերակայություն:
    • Համահայկականություն:
    • Նախաձեռնողականություն և նորարարություն:
    • Հավասարակշիռ բազմավեկտորություն:
    • Ցանցայնություն:

 

  • Իրականացման հիմնական ուղիները
    • Պետության ու ազգի համընդհանուր անվտանգային ներուժի և հզորության հարաճուն համախմբումն ու բազմապատկումը:
    • Այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ գործակցությունը:
    • Քաղաքակրթությունների և տարածաշրջանների միջև երկխոսության ու համագործակցության նախաձեռնումն ու ապահովումը:
    • Ազգային արժեհամակարգի և շահերի գերակայության հաշվառմամբ միջքաղաքակակրթական ու միջտարածաշրջանային հարթություններում և անվտանգային միջավայրերում ավանդական (միջպետական) ու ոչ ավանդական (ցանցային) ինտեգրումը:
    • Ազգային ցանցային համակարգերի ձևավորումը, զարգացումը և գործադրումը, ինչպես նաև անդրազգային ցանցային համակարգերի հետ դրանց հարաբերությունների իրականացումը:

Ռազմավարական հայեցակարգի «Արտաքին հարաբերությունների» ոլորտ

Հոկտեմբերի 12-ին կայացավ Ռազմավարական հայեցակարգի միջազգային հարաբերությունների ոլորտի նախագծի հանրային ներկայացում-քննարկումը: Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց ռազմավարական հայեցակարգի միջազգային հարաբերությունների բաժինը: