General

ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  • Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգը
    • Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգը (այսուհետև` Ռազմավարական հայեցակարգ) համազգային և պետական քաղաքական-ծրագրային փաստաթուղթ է, որում համակարգված ձևով ներկայացվում են ներպետական, համազգային և արտաքին հարաբերությունների մակարդակներում անհատի, ընտանիքի, համայնքի, հասարակության, պետության և համայն հայության հոգևոր-մշակութային առողջացման ու սոցիալ-տնտեսական բարգավաճման, նրանց կարողությունների բացահայտման, համախմբման, գործադրման ու կայուն զարգացման, ինչպես նաև հայության անօտարելի իրավունքների վերատիրացման քաղաքականության հիմնադրույթները:
    • Ռազմավարական հայեցակարգն արտահայտում է հայկական գործոնի` հայկական պետության և նրա առանցքի շուրջ համախմբվող հայության ամբողջական կազմակերպվածքի, ձևավորման ու զարգացման արժեհամակարգային ուղենիշը, գերակայությունները, նախադրյալները, նպատակները խնդիրները և սկզբունքները:
    • Ռազմավարական հայեցակարգի արժեհամակարգային ուղենիշը հավատի, սիրո, ճշմարտության, արժանապատվության, ազատության և արդարության համամարդկային առաքինություններն են:
    • Ռազմավարական հայեցակարգը մշակվում է արժեհամակարգային ուղենիշին համապատասխան և իրականացվում է.
  • կենսագործունեության բոլոր ոլորտների համար միասնական` ներպետական, համազգային և արտաքին քաղաքականության շարակարգված պլանավորման և իրագործման միջոցով, որը հայկական պետությունը մշակում է Հայրենիքում և արտերկրում գործող ազգային ու հասարակական կառույցների և առանձին անհատների ներգրավմամբ` հաշվի առնելով ոլորտային, տարածքային և այլ բնույթի առանձնահատկությունները,
  • ազգային-պետական շահերի գերակայության, ազգային ինքնության ու քաղաքակրթական ինքնատիպության պահպանման ու զարգացման պայմանով,
  • հենվելով առավելապես ազգային ներուժի վրա` անհրաժեշտաբար օգտագործելով նաև այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների փորձն ու աջակցությունը,
  • ազգային շահերն արտահայտող նպատակների իրագործմամբ ու այդ նպատակներից բխող խնդիրների լուծմամբ,
  • Ռազմավարական հայեցակարգի հիմնասյունների պահպանմամբ և պաշտպանությամբ (վերաբերող պարագաներում` նաև վերակերտմամբ և/կամ վերականգնմամբ և/կամ վերհանմամբ և/կամ զարգացմամբ և/կամ տարածմամբ), ինչպես նաև դրանց դեմ ուղղված սպառնալիքների պատեհաժամ բացահայտմամբ, կանխմամբ ու չեզոքացմամբ:
    • Ռազմավարական հայեցակարգի իրականացման հիմնական երաշխիքը հայության և Հայաստանի ներուժի առավելագույն համախմբումն ու արդյունավետ կիրառումն է:
    • Ռազմավարական հայեցակարգը ազգային շահերի իրացման ու նպատակների իրագործման համար պետական մարմիններից, հայաստանյան հանրությունից և համայն հայությունից պահանջում է համակարգված կառուցողական գործունեություն, համահայկական ներուժի համախմբման և փոխպայմանավորված գործադրման ազգային-պետական համադրում: Դրա իրականացման ձգձգումը կամ ձախողումը հայկական պետության` ներքին և արտաքին բարդ ու վտանգներով լեցուն միջավայրում գտնվելու, ինչպես նաև հայության մեծ մասի` օտար պետություններում բնակվելու պայմաններում անմիջական սպառնալիք է պետականության և ազգի գոյության համար:
    • Ռազմավարական հայեցակարգի հիման վրա մշակում և ընդունում են դրա նպատակների ու խնդիրների իրականացման ծրագրային գործողությունները պարունակող ոլորտային ռազմավարություններ:
    • Ռազմավարական հայեցակարգը ենթակա է ճշգրտումների և վերանայման` ըստ ներպետական, ներազգային ու միջազգային իրադրության և հայության ռազմավարական գերակայությունների փոփոխման ու նպատակների իրագործման:

 

  • Առկա իրավիճակը. մարտահրավերներ և հնարավորություններ
    • Ներկայիս քաղաքակրթությունը հայտնվել է մարդու, ազգերի, պետությունների և համայն մարդկության կենսագործունեության բոլոր ոլորտներն ընդգրկող համակարգային ճգնաժամի մեջ:
    • Այդ ճգնաժամի հարուցած փոփոխությունների արմատական, բուռն, արագընթաց և անկանոն զարգացումների միտումները ցույց են տալիս, որ մարդկությունն անցում է կատարում դեպի նոր ծնվող մեկ այլ քաղաքակրթություն:
    • Նման մասշտաբի ու խորության համակարգային ճգնաժամերին բնորոշ արմատական փոփոխությունների հորձանուտում հայտնված առանձին ազգերի և համայն մարդկության հեռանկարը կարող է լինել ինչպես մռայլ ու աղետալի, այնպես էլ լուսավոր ու արգասաբեր:
    • Ճգնաժամը պայմանավորող հիմնական գործոններն են.
  • աշխարհընկալման հոգևոր բաղադրիչն անտեսելու և գլխավորապես ու հիմնականում դրա նյութական բաղադրիչի վրա հենվելու հանգամանքը,
  • մի կողմից համընդհանուր շուկայականացման նոր ազատական գաղափարախոսության ու քաղաքականության, մյուս կողմից` ավելի ու ավելի արագացող տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնվող համաշխարհայնացումը,
  • մարդու, ազգերի և պետությունների նոր որակի` բազմաշերտ ու բազմաբնույթ գաղութայնացումը, որն ընդգրկում է անգամ անհատական ու կոլեկտիվ գիտակցության ոլորտները:
    • Հայության և Հայաստանի պարագայում համակարգային ճգնաժամն աշխարհի համար ընդհանուր հատկանշականից բացի, պայմանավորված է նաև դրա բացասական ազդեցությունը խորացնող հետևյալ հիմնական գործոններով.
  • հայության կյանքում դարեր շարունակ իրար հաջորդած անբարենպաստ հանգամանքների, առաջին հերթին` պետականության բացակայության, Ցեղասպանության ու հայրենազրկման, ազգի մեծ մասի` օտար երկրներում բնակության հանգամանքների հետևանքով ձևավորված ու զգալի չափով արմատավորված բացասական գործոնների համալիր համախումբը, որը խոչընդոտում է նաև իրավիճակի համարժեք գնահատմանն ու նորի/փոփոխությունների նկատմամբ ընկալունակությանը,
  • ժամանակակից քաղաքական չափանիշներով հայության` որպես ազգային կազմակերպվածքի, կայացած չլինելու, դրա հետևանքով նրա` ոչ միայն քաղաքական, սոցիալ-մշակութային և մի շարք այլ առումներով մոբիլիզացված չլինելու, այլև ըստ էության պառակտված լինելու և/կամ մի զգալի մասով իր ընդհանրական ճակատագրի նկատմամբ անտարբեր լինելու հանգամանքը,
  • Հայաստանում հաստատված առավել կեղեքիչ տարբերակի արդի նորգաղութային տիրապետությունը, որի հետևանքով պետական կառավարման համակարգը վերածվել է ազգային շահերի հաշվին օտար ուժերի և ապազգային վերնախավի շահերի սպասարկման, այդ նպատակով երկրի ու նրա ժողովրդի գիշատչական շահագործման, ժողովրդի իշխանության յուրացման ու նրա կամքի բռնադատման, Հայաստանի քաղաքացիների ազգային և մարդկային արժանապատվության, իրավունքների ու ազատությունների ոտնահարման գործիքի, իսկ կառավարող վերնախավի ու ժողովրդի միջև առաջացել է անհաղթահարելի անջրպետ ու վերնախավը գրեթե իսպառ կորցրել է սոցիալական հենարանն ու վստահությունը,
  • պետական կառավարման համակարգի ինքնափլուզման և պետական ինքնիշխանության կորստի ընթացքը, կյանքի որակի սրընթաց անկումը, աճողական մեծ տեմպ ու զանգվածային բնույթ ունեցող արտագաղթը, Հայրենիքի առանցքը կորցնող արտերկրաբնակ հայության ահագնացող ուծացումը,
  • հայության ինքնության և նրա ու Հայաստանի կենսունակության պարամետրների` նվազագույնի սահմանին մոտենալու հանգամանքը, ինչի հետևանքով տարածաշրջանային բացասական առանձնահատկությունների պայմաններում առաջանում է պետականության կորստի և հայրենաբնակ հայության ֆիզիկական գոյության ռեալ վտանգ, որի իրականություն դառնալու պարագայում արտերկրաբնակ հայությունը կենթարկվի վերջնական ուծացման:
    • Աշխարհում հաստատված համակարգային ճգնաժամի ելքն ու հեռանկարը շատ առումներով կախված են լինելու ազգերի և յուրաքանչյուր մարդու որդեգրած վարքից, հատկապես` մարդու սոցիալական ու կենսաբանական դերերի և դրանց միջև հարաբերակցության, մարդու և մարդկայինի ու դրանց վերարտադրության բնական ու բանական ձևերին և սահմաններին վերաբերող ոլորտներում:
    • Պատմական փորձով բազմիցս ապացուցված է, որ գիտակցված մոբիլիզացիայի պարագայում ճգնաժամի մեջ ավելի վաղ հայտնված և դրա ազդեցությունների ավելի մեծ ու ծանր չափաբաժին կրած ազգերը, որպես կանոն, ավելի պատրաստ են լինում գալիք լայնամասշտաբ և արմատական քաղաքակրթական փոփոխություններին:
    • Այդ պատճառով շատ այլ երկրների ու ազգերի համեմատությամբ Հայաստանի և հայության ավելի վատթար վիճակը որքանով աղետալի, նույնքանով էլ հուսադրող է, քանի որ այն թե′ քանակական և թե′ որակական առումներով պարունակում է զարգացման ավելի մեծ հնարավորություն:
    • Ուստի հայությունը` որպես համակարգային ճգնաժամի կոփվածք ունեցող ազգ, ավելի մեծ հնարավորություն ունի ոչ միայն խուսափելու գահավիժումից, այլև ապահովելու թռիչքային զարգացում:
    • Ըստ այդմ` ներկայիս համաշխարհային ու համազգային-պետական ճգնաժամը և արմատական քաղաքակրթական փոփոխությունները անհրաժեշտ է դիտել որպես ազգի թռիչքային զարգացման ռեսուրս ու հնարավորություն` դրանք վերածելով հայության շահերի իրացման հիմքերի ու նախադրյալների:

 

  • Նոր որակի հայկական պետությունը
    • Ճգնաժամը հաղթահարելու և թռիչքային զարգացում ապահովելու նպատակով անհրաժեշտ է համախմբել և գործադրել համայն հայության ներուժը, ինչի համար որպես գործիք կարող է ծառայել միայն ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության առումներով միանգամայն նոր որակ հայկական պետությունը, որը պետք է փոխարինի պետական կառավարման ներկայիս գաղութային համակարգին:
    • Նոր որակի հայկական պետությունը պետք է ձևավորվի իր ռազմավարական շահերի իրացման և դրանք արտահայտող նպատակների իրագործման համար ազգային մշակույթի հիմքի վրա:
    • Նոր որակի հայկական պետությունը.
  • ձևավորվում և զարգանում է ազգային մշակույթի հենքի վրա` միջազգային առաջադեմ փորձի ներմուծման և ազգային-քաղաքական ստեղծագործականության համադրմամբ` որպես արժեհամակարգային ուղենիշ ընդունելով հավատի, սիրո, ճշմարտության, արժանապատվության, ազատության և արդարության համամարդկային առաքինությունները,
  • հայությանը համախմբում է միասնական ցանցային կազմակերպվածքի մեջ` այն ձևավորելով որպես իր առանցքի շուրջ կազմավորվող «Հայոց աշխարհ» հայաստանակենտրոն համահայկական ցանցային համակարգ (այսուհետև` «Հայոց աշխարհ» համակարգ կամ համահայկական ցանցապետություն),
  • հիմնվում է հոգևորի ու նյութականի, բնականի ու բանականի, կենսաբանականի ու սոցիալականի, օրգանականի ու տեխնիկականի, ավանդականի ու արդիականի, անհատականի ու հանրայինի, ազգայինի ու համամարդկայինի ներդաշնակ միասնության վրա,
  • հարգում է համամարդկային առաքինություններից բխող և նշված ներդաշնակ միասնությանն ու դրանց փոխադարձ զարգացմանը միտված մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և ապահովում է դրանց գերակայությունն ու արդյունավետ պաշտպանությունը,
  • երաշխավորում է հայության և հայ մարդու, Հայաստանի բոլոր քաղաքացիների ու բնակիչների, ընտանիքի, համայնքների և էթնիկական խմբերի ազատ, ներդաշնակ ու արժանապատիվ գոյությունը և ստեղծագործ զարգացումը,
  • ապահովում է մարդ-մարդ, մարդ-հասարակություն, մարդ-բնություն, մարդ-պետություն, հասարակություն-բնություն, հասարակություն-պետություն հարաբերությունների ասպարեզում նոր` ավելի ներդաշնակ, համերաշխ և համագործակցային, որակի կենսակերպի, այդ թվում` հանրային համակեցության և քաղաքական ու սոցիալ-տնտեսական հարաբերությունների համակարգերի ձևավորումն ու զարգացումը, ինչպես նաև հոգևոր ու ֆիզիկական առումներով ներդաշնակորեն զարգացած, մարդասեր, բնասեր ու հայրենասեր մարդու և քաղաքացու դաստիարակումը,
  • օժտված է լիարժեք ինքնիշխանությամբ,
  • հզոր է և մրցունակ,
  • ունի հայության շահերն արտահայտող ու նրա անօտարելի իրավունքների վերատիրացմանը միտված նպատակներ առաջադրելու և իրագործելու ու այդ նպատակներից բխող խնդիրներ լուծելու ունակ պետական կառավարման համակարգ, որն ապահովում է մասնակցայնություն, հետադարձ կապ ու հաշվետվայնություն, ինչպես նաև ռազմավարական հարցերի լուծում` բացառապես ժողովրդի կամքի արտահայտման միջոցով,
  • գեներացնում է ազգային և համամարդկային ներդաշնակ զարգացմանը, տարածաշրջանային և համաշխարհային համագործակցությանը նպաստող նոր գաղափարներ ու ծրագրեր և նախաձեռնում է դրանց իրագործումը և/կամ մասնակցում է արդեն գոյություն ունեցող նմանաբնույթ գործընթացներին,
  • համայն հայության Հայրենիքն է և ի շահ հայության ու յուրաքանչյուր հայ մարդու` իր առանցքի շուրջը ձևավորվող «Հայոց աշխարհ» ցանցային համակարգում առավելագույնս ներգրավում և դրա միջոցով արդյունավետ կերպով գործադրում է հայության ռեսուրսներն ու հնարավորությունները:

 

  • Ռազմավարական հայեցակարգի հիմնասյունները

(Պահպանության և պաշտպանության (վերաբերող պարագաներում` նաև վերակերտման և/կամ վերականգնման և/կամ վերհանման և/կամ զարգացման և/կամ տարածման) ենթակա հիմնական արժեքները)

  • Հոգևոր Հայաստանը (այսուհետև` նաև արժեքային միջուկ)` հայոց բնօրրան Հայկական բարձրավանդակում, ինչպես նաև երկրագնդի այլ վայրերում մարդկության քաղաքակրթության սաղմնավորման պահից մինչ օրս ստեղծված և ապագայում ստեղծվելիք հայոց հոգևոր-մշակութային համակարգը, որի հիմնական բաղադրիչներն են.
    • Հայկական ինքնությունը` հայոց գենային-էթնիկ ու հոգևոր-մշակութային հիմնական և համակարգաստեղծ առանձնահատկությունը, դրանց ինքնատիպությունը, կենսակերպի խորքային-արմատական քաղաքակրթական յուրահատկությունը:
    • Հայոց լեզուն` Հոգևոր Հայաստանի համակարգաստեղծ բաղադրիչն ու առանցքը և հայկական ինքնության ձևավորման, պահպանման ու զարգացման հիմնական գործոնը` գրաբարի և միջին հայերենի շերտերով և աշխարհաբարի արևելահայերեն ու արևմտահայերեն ճյուղերով:
    • Հայության և Հայաստանի հոգևոր-մշակութային հարստությունը` հոգևոր-մշակութային հիշողությունը, ժառանգությունը` պահպանված, հիշվող և հետագայում հայտնաբերվող հոգևոր ու նյութական մշակույթի ստեղծագործությունները, նոր ստեղծվող հոգևոր-մշակութային արժեքները:
    • Մարդկության քաղաքակրթության ակունքներից սերող և դրա ձևավորման ու զարգացման գործում զգալի ավանդ ունեցող հայության ու Հայաստանի քաղաքակրթական դերի վերահաստատումը, նրանց ժառանգորդության գնահատումն ու ամրագրումը, համաշխարհային քաղաքակրթության գանձարանում հայկական մասնաբաժինը:
    • Հայ առաքելական սուրբ եկեղեցին՝ հայության հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում իր բացառիկ առաքելությամբ:
  • Հայ ազգը` Հոգևոր Հայաստանի (արժեքային միջուկի) գենային-էթնիկ և/կամ հոգևոր-մշակութային համակարգի հիմնարար բաղադրիչները տեսակորոշիչ չափաբաժնով կրող, դրա միջոցով ազգային և համաշխարհային հոգևոր-մշակութային, տնտեսական ու գիտատեխնիկական զարգացում ապահովող մարդկանց հանրությունը:
  • Հայ մարդը, Հայաստանի քաղաքացին ու բնակիչը` հոգևորի ու նյութականի, բնականի ու բանականի, կենսաբանականի ու սոցիալականի, օրգանականի ու տեխնիկականի, ավանդականի ու արդիականի, անհատականի ու հանրայինի, ազգայինի ու համամարդկայինի ներդաշնակ միասնության պայմաններում ապրելու և արարելու իրենց իրավունքներով, հիմնարար ազատություններով ու պարտականություններով:
  • Արժեքային միջուկի հենքի վրա վերակերտվող ու արմատավորվող նոր որակի կենսակերպը` դրան համապատասխան հանրային համակեցությունը և սոցիալ-մշակութային հիմնական բաղադրիչները` հայկական համայնքը, ընտանիքը, մարդը և քաղաքացին:
  • Հայաստանում բնակվող այլ ազգերը և էթնիկ խմբերն ու դրանց առանձին ներկայացուցիչները` իրենց ազգային հոգևոր-մշակութային արժեքների, ինքնության և իրավունքների ու ազատությունների պահպանմամբ ու զարգացմամբ, իրենց աշխատանքով համամարդկային և հայկական հոգևոր-մշակութային արժեքները հարստացնող, տնտեսությունը, գիտությունն ու տեխնիկան զարգացնող, հայերի և միմյանց հետ ներդաշնակ համագոյակցությամբ ու համագործակցությամբ, իրենց էթնիկ պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը բերած նպաստով Հայաստանը հզորացնող հանրություններն ու անհատները:
  • Հայաստանի տարածքը` Հայաստանի նյութական կրողն ու հիմքը, Հայ ազգի ծննդի, գոյության, կենսագործունեության և զարգացման պարփակ ու ամբողջական հիմնական միջավայրը, Հայաստանի նյութատեխնիկական հարստության կրողը:
  • Հայաստանի տարածքում հայ ազգի իշխանությունը և նրա պետության ինքնիշխանությունը:
  • Հայության, նրա պետության և համահայկական ցանցապետության կենսունակությունը ու դրա հիմնական բաղադրիչները` ռազմավարական ինքնաբավությունը, ինքնուրույնությունը, տեսակակայունությունը, ինքնակատարելագործման ունակությունը, բավարար հզորությունը, մրցունակությունը:
  • Հայաստանի բնական միջավայրը` հայության և Հայաստանի մյուս բնակիչների հոգևոր ու ֆիզիկական առողջ կենսագործունեության ապահովման հիմնական նյութական միջավայրն ու գործոնը:
  • Հայաստանի և հայության` ազգային նպատակների իրագործմանն ու խնդիրների լուծմանը ծառայող և/կամ ծառայելուն ունակ հոգեմտավոր և գիտատեխնիկական ներուժն ու նյութատեխնիկական հարստությունը:
  • Ազգային նպատակներ առաջադրելու ու իրագործելու և դրանցից բխող խնդիրներ լուծելու ունակ պետական կառավարման համակարգը,
  • Նոր որակի հայկական պետության և համահայկական ցանցապետության տեղեկութային համակարգն ու տեղեկութային տիրույթը:
  • Նոր որակի հայկական պետության ձևավորման, գործունեության և զարգացման հիմնական գերակայությունները և նախադրյալները, գլխավոր ու ոլորտային նպատակները և սկզբունքները
    • Հիմնական գերակայություններն են.
    • թամբել, իսկ հնարավոր մասով` նաև ուղղորդել համաշխարհային համակարգային ճգնաժամի առաջացրած արմատական փոփոխությունների ալիքը և այն առավելագույնս օգտագործել որպես նոր որակի հայկական պետության ու «Հայոց աշխարհ» ցանցային համակարգի ձևավորման ու թռիչքային զարգացման նախադրյալ և ռեսուրս,
      • ապահովել նոր որակի հայկական պետության և հայության կազմակերպվածության ու կենսակերպի կայացածության գործնականորեն անշրջելի վիճակ:
    • Հիմնական նախադրյալներն են.
      • Հայության ազգային համախմբումն ու քաղաքական ինքնակազմակերպումը:
      • Ազատ ու ստեղծագործ հայ մարդու ու Հայաստանի քաղաքացու և ազատ ու ստեղծագործ հայության գոյության ու գործունեության ապահովումը:
    • Գլխավոր նպատակն է.

հայության և նրա պետության` որպես համաշխարհային գործոնի, կայացման և կայուն զարգացման ապահովումը:

  • Կենսագործունեթյան առանձին ոլորտներում գլխավոր նպատակներն են.
    • Սոցիալ-մշակութային ոլորտում` ազգային ինքնության և մարդկային ստեղծագործական վերարտադրողականության կարողության բացահայտման և դրա շարունակական հզորացման ապահովումը:
    • Սոցիալ-տնտեսական ոլորտում` պետության էական և կարգավորիչ դերի միջոցով հայ մարդու, Հայաստանի քաղաքացու, ընտանիքի, համայնքի, պետության և ազգի օպտիմալ կենսագործունեության և վերընթաց զարգացման, ազգի և պետության ռազմավարական շահերի սոցիալական ու նյութատեխնիկական ապահովումը, ինչպես նաև քաղաքացիների և խմբերի ստեղծագործ արտադրության և նորարարական ստեղծագործականության պայմանների ապահովումը:
    • Գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտում` գիտության, տեխնոլոգիաների և կրթության վերածումը ազգի և պետության շահերի իրացումն ապահովող գլխավոր գործիքի ու գործոնի, ինչպես նաև կրթության հիմնական` մարդու և մարդկային սերունդների կերտման ու զարգացման դերի վերականգման և արդի պայմաններում մարդկային ու ազգային ինքնության պաշտպանության համար դրա կիրառության ապահովումը:
    • Տեղեկութային ոլորտում` Հայաստանի և ապագայում ստեղծվելիք համահայկական ցանցապետության` որպես տեղեկութային-տեխնոլոգիական ոլորտի լիիրավ սուբյեկտի ու ինքնուրույն դերակատարի ձևավորման ու կայուն զարգացման ապահովումը:
    • Բնապահպանական ոլորտում` տնտեսական շահի նկատմամբ բնապահպանական շահի գերակայության սկզբունքի հիման վրա բնության վերականգնման և դեպի բնություն մարդու առաջընթացի ապահովումը, մարդ-հասարակություն-բնություն ներդաշնակեցման ապահովումը:
    • Պաշտպանական ոլորտում` Հայաստանի պաշտպանական անվտանգության լիարժեք կերպով երաշխավորման և պաշտպանական բաղադրիչի մասով Հայաստանի ու հայության հեռանկարային ռազմավարական շահերն արտահայտող նպատակների իրագործման և դրանցից բխող խնդիրների լուծման ապահովումը:
    • Իրավական և դատաիրավապահպան ոլորտում` արդիական կերպերի մեջ ազգային բնույթի իրավական և դատաիրավապահպան համակարգերի ձևավորման և գործառման ապահովումը:
    • Համազգային ոլորտում` կորցրած Հայրենիքի և հայության իրավունքների վերականգնման, հայապահպանության, դեպի Հայրենիք մեծ հայրենադարձության իրականացման, ծնելիության շեշտակի աճման, արդի ցանցային և տեխնոլոգիական հնարավորությունների միջոցով հայության համախմբման և Հայաստան-Սփյուռք միասնական կյանքով ապրելու ու գործելու պայմանների ստեղծման ապահովումը:
    • Արտաքին հարաբերությունների ոլորտում` ազգային և պետական շահերի պաշտպանության և հետապնդման Հայաստանի` միջազգային հարաբերությունների օբյեկտից ստեղծագործ սուբյեկտի վերածման, ինչպես նաև նրա ու նրա միջոցով հայության` որպես միջազգային հարաբերությունների ավանդական (պետություններ և դրանց միավորումներ ու դաշինքներ) և ոչ ավանդական (անդրազգային ու ազգային ցանցային միավորներ) դերակատարների միջև կամրջող խաչմերուկի դերի նորովի վերաստանձնման, հայության և նրա պետության` նախ տարածաշրջանային, այնուհետև` համաշխարհային գործոնի վերածման, ապահովումը:
    • Պետական կառավարման ոլորտում` ազգային նպատակներ առաջադրելու և իրագործելու, ինչպես նաև այդ նպատակներից բխող խնդիրներ լուծելու ունակ պետական կառավարման համակարգի ձևավորման ու գործառման ապահովումը:
  • Հիմնական սկզբունքներն են.
    • Հայակենտրոնությունը և Հայաստանակենտրոնությունը: Ազգային չափման մեջ այդ սկզբունքի էությունն է` հայության համախմբումն ու գործունեության կազմակերպումը նոր որակի հայկական պետության կայացման և դրա առանցքի շուրջ համահայկական ցանցապետության ձևավորման ու կայուն զարգացման գործընթացում: Միջազգային չափման մեջ այդ սկզբունքի էությունն է` արտաքին հարաբերությունների հաստատումը և զարգացումը Հայաստանի ու հայության ռազմավարական շահերի, Հայաստանի ինքնուրույնության ու հայկական գործոնի ազդեցության հարաճուն մեծացման գերակայության, համայն մարդկության հոգևոր-մշակութային զարգացման գործում հայության ներդրման գնահատման, դրա ժառանգորդության ամրագրման ու քաղաքակրթական դերի վերահաստատման, ինչպես նաև այդ ներդրման մասնաբաժնի հետզհետե ավելացման մեկնակետից:
    • Համահայկականությունը: Հայաստանը պետք է դառնա համայն հայության Հայրենիքը և այլ պետություններում ապրող հայությունը Հայաստանի քաղաքացիների հետ միասին պետք է կարողանա մասնակցել հայության և Հայաստանի ռազմավարական նպատակների առաջադրմանն ու իրագործմանը և դրանցից բխող խնդիրների լուծմանը:
    • Հասարակական ու ազգամիջյան համերաշխությունը և միջազգային համագործակցությունը: Հայաստանյան հանրության ներսում ու հայկական գաղթօջախներում անհատները և սոցիալական խմբերը, հայերը ու Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները պետք է ապրեն ու գործեն համատեղ և համերաշխ գոյակցության, իսկ հայկական պետությունը, նրա հասարակությունն ու համայն հայությունը միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանի և այլ օտարերկրյա պետությունների, դրանց քաղաքացիների ու սոցիալական խմբերի հետ` արդյունավետ համագործակցության պայմաններում:
    • Ռազմավարականությունը: Հայության և նրա պետության բոլոր քայլերը պետք է բխեն ազգային ռազմավարական շահերից և միտված լինեն դրանց իրացմանը:
    • Արժեքահենքությունը և գիտահենքությունը: Հայության և նրա պետության կյանքը կազմակերպվում է արժեքահենք ու գիտահենք կենսակերպի, դրանց գերակայությամբ պայմանավորվող հասարակական, տնտեսական և պետական գործունեության միջոցով: Այս սկզբունքը, մասնավորապես, ենթադրում է` նյութականի նկատմամբ հոգևոր-մշակութայինի, տնտեսականի նկատմամբ բնապահպանականի, էքստենսիվի նկատմամբ ինտենսիվի, ռեսուրսատարի նկատմամբ գիտատարի, քանակի նկատմամբ որակի գերակայություն:
    • Ներդաշնակությունը: Հայության և նրա պետության կյանքը կազմակերպվում է հոգևորի ու նյութականի, բնականի ու բանականի, կենսաբանականի ու սոցիալականի, օրգանականի ու տեխնիկականի, ավանդականի ու արդիականի, անհատականի ու հանրայինի, ազգայինի ու համամարդկայինի ներդաշնակ միասնության հիման վրա:
    • Ստեղծագործականությունը: Հայությունը և նրա պետությունը գործում են ստեղծագործաբար` մշտապես ղեկավարվելով առկա գիտելիքն ու փորձը կատարելագործելու և/կամ նորը ստեղծելու տրամաբանությամբ: