Law

Ռազմավարական հայեցակարգը իրավական և դատաիրավապահ ոլորտում

 

  • Ոլորտում տիրող իրավիճակը

Համաշխարհային համատեքստը

  • Իրավական և դատաիրավապահ ոլորտի առանձնա-հատկությունները մարդու կենսագործունեության մյուս ոլորտների համեմատությամբ շատ ավելի մեծ չափով են պայմանավորված տեղական առանձնահատկություններով: Դրանցից հիմնականներն են տվյալ պետության կառավարման համակարգի և նրա ազգային իրավական մշակույթի առանձնահատկությունները:
  • Միևնույն ժամանակ, երկրագնդի մեծ մասի` տնտեսապես զարգացած արևմտյան տերությունների տևական տիրապետության և/կամ ազդեցության տակ գտնվելու հետևանքով ներկայումս գրեթե ամբողջ աշխարհում հաստատվել են այդ տերություններին բնորոշ իրավական և դատաիրավապահ մոդելներ:
  • Արևմտյան իրավական և դատաիրավապահ մոդելների հիմքը կազմող իրավական համակարգերը կառուցվել են ընդհատված և կիսափլուզված քաղաքակրթական հենքի վրա` հիմնականում որպես մեկնակետ ունենալով սովորութային իրավունքը և հռոմեական իրավունքի ինստիտուտներն ու գործիքարանը:
  • Մարդկային վարքագծի կարգավորման նորմատիվային համակարգի ձևավորման և զարգացման բնական ու բանական շղթան` «հոգևոր-բանական աշխարհընկալում-առաքինություն-բարոյականություն-օրենք-սովորույթ», արևմտյան իրավական համակարգերի պարագայում էապես աղավաղվել է զուգահեռաբար ձևավորված և ներկայումս հիպերտրոֆիական ձևերով արմատավորված նյութապաշտական աշխարհընկալման գերակայության ազդեցությամբ:
  • Իրավական գիտությունը, օրենսդրությունը, ինչպես նաև դատական պրակտիկան վերը նշված Շղթայի և դրա օղակների տրամաբանական հերթականության անտեսմամբ և/կամ խեղաթյուրմամբ մեծավ մասամբ հիմնվել և հիմնվում են սովորույթի վրա, մինչդեռ օրենքը չի կարող ծագել սովորույթից, քանի որ սովորույթն ընդամենը օրենքի չիմաստավորված կարծրացումն է:
  • Ժամանակի ընթացքում` Շղթայից դուրս ընկած լինելու պատճառով, օրենքը հետզհետե կորցնում է շղթայի հետ ունեցած կապն ու օրգանական առնչությունները: Իսկ Շղթայի հետ կապը կորցրած սովորույթն անընդհատ փոփոխվում է` հանգեցնելով շղթայի, նույնն է, թե` մարդու բնական ու բանական էությանը և բնույթին որոշակի չափով չհամապատասխանող իրավունքի համակարգերի ձևավորմանը: Որպես արդյունք` ձևավորվում է դեպի մարդկության կործանում տանող մեկ ուրիշ և ներփակ շղթա` «առաքինությունները մերժող և անբարոյական օրենքներ - յուրօրինակ հակա-բարոյականություն - անբարոյական ու անօրեն սովորույթ - …» :

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանյան համատեքստը

  • Համաշխարհային մասշտաբի բացասական ազդեցություններից զատ, Հայաստանը գտնվում է հետխորհրդային իրավական մշակույթի և Խորհրդային Միությունից ժառանգած իրավական և դատաիրավապահ համակարգերի ու ինստիտուտների ժառանգության հզոր իներցիայի մեջ:
  • Այս հանգամանքերի հետ մեկտեղ, զգալի է նաև պետականության դարավոր կորստի և ցեղասպանության հետևանքով առաջացած պատմամշակութային բեռը: Բացասական առումով էական դեր է կատարում նաև Հայաստանում հաստատված նորգաղութային կառավարման համակարգը: Խամաճիկային վերնախավը, ազգային շահերի իրացման փոխարեն հետամուտ լինելով դրանց հաշվին օտար ուժերի և իր կլանային ու անձնական շահերի բավարարմանը, ներքին լեգիտիմության բացը լրացնում է օտար տերերին հաճոյանալով` այդ նպատակով ներբերելով նրանց թելադրած այնպիսի իրավական և դատաիրավական ինստիտուտներ ու մեխանիզմներ, որոնք ռեալ վտանգ են պարունակում ազգի ու նրա պետության հետագա գոյության համար:
  • Ձևի և բովանդակության հիմնական պարամետրներով Խորհրդային Միությունից մնացած հենքի վրա ժամանակակից արևմտյան համակարգերից չիմաստավորված ու չհամակարգված կերպով արվող արհեստական և հատվածական ներբերումներն էլ ավելի են խճճում Հայաստանի իրավական և դատաիրավապահ ոլորտի համակարգերը` դրանք վերածելով անկառավարելի ու անարդյունավետ էկլեկտիկ խառնուրդի:
  • Ըստ էության չկա իրավական գիտության դպրոց, չկան ձևավորված գիտական ավանդույթներ: Չի ձևավորվել ազգային իրավական մշակույթ: Իրավական համակարգի ձևավորումը կատարվում է առանց գիտական ուսումնասիրությունների ու հիմնավորումների` հախուռն և կամայական կերպով:
  • Իրավական համակարգը ձևավորվել է երկու, շատ հարցերում` հակադիր ուղղություններով: Պաշտպանական-անվտանգային, ֆիսկալ և դատաիրավապահ ոլորտների իրավական ակտերն ի սկզբանե ձևավորվել են խորհրդային նախատիպերի պատճենմամբ: Իսկ մնացած ոլորտների իրավական ակտերի մասով փորձ է արվել հետևելու արևմտյան մոդելներին, սակայն դա արվել է առանց իմաստավորված մոտեցման և համակարգված քաղաքականության, ինչի հետևանքով օրենսդրությունը վերածվել է խճանկարի: Հետագայում ֆիսկալ և դատավարական ոլորտների մասով նույնպես որոշակի ներբերումներ են կատարվել արևմտյան մոդելներից, մինչդեռ պաշտպանական-անվտանգային ոլորտի իրավական ակտերը դեռևս մեծավ մասամբ շարունակում են մնալ որպես խորհրդային նախատիպերի պատճեններ:
  • Քրեական դատավարության մասով խորհրդային նախատիպի նման նրանք շարունակում են առավելապես մնալ որպես պատժական համակարգեր: Ինչպես խորհրդային ժամանակ, ՀՀ իրավապահ և դատական համակարգերի բուն իրավապահ բաղադրիչն ընդամենը միտված է վարչախմբի շահերին չհակասող մասով իրավիճակի կառավարելիության ապահովմանը և պատժականի համեմատ օժանդակ ու ածանցյալ է: Պատժական բաղադրիչին առաջադրվող խնդիրների լուծման նպատակով օրենքը և արդարադատությունը վերածված են դրա գործիքի` կորցնելով իրենց հիմնական գործառույթը` իրավունքների ապահովումն ու վերականգնումը: Ըստ այդմ` առաջնային և գերակա դերը վերապահված է պատժական, մեղադրական գործառույթ իրականացնող մարմիններին, որոնց վերապահված է նաև արդարադատության առանցքային, բովանդակային մասը, մինչդեռ արդարադատության իրականացմանը կոչված դատական համակարգին թողնված է միայն դրա արտաքին, ձևական մասը, ինչի հետևանքով դատարանը իրապես չունի արդարադատության գործառույթ և վերածվել է պատժական համակարգի կցորդի ու սպասարկուի: Պատժական համակարգը հանցավորության դեմ պայքարում է այնքանով, որքանով դա վտանգում է իր գոյությանը, իսկ մնացած դեպքերում նրանք գործակցում են: Որպես կանոն, դատարանն ընդամենը վավերացնում է պատժական համակարգի իրականացրած «արդարադատության» արդյունքը: Առարկայորեն դա դրսևորվում է քրեական գործի վարույթի ծավալի հիմնական մասը դատականի փոխարեն մինչդատական փուլում իրականացնելու ձևով, ինչի նպատակով ստեղծված է մինչդատական վարույթի իրականացման` գրեթե անսահմանափակ և մարդու ու հասարակության կողմից անվերահսկելի լիազորություններով օժտված հզոր և կենտրոնաձիգ քննչական-դատախազական համակարգ, որտեղ քննիչը յուրօրինակ ձևի առաջին ատյանի դատարան է, դատախազը` վերաքննիչ դատարան, իսկ վերադաս դատախազը` վճռաբեկ դատարան:
  • Մեղադրանքի կողմի երկու կառույցները` նախաքննության մարմինը և դատախազությունը, շարունակում են լիարժեք կերպով տնօրինել ոլորտը: Ինչպես խորհրդային ժամանակներում, դատախազը դետերմինացնում և կանխորոշում է դատարանի վարքը: Նման պայմաններում զրոյանում են բոլոր դատավարական երաշխիքները, անտեսվում ու զրոյանում է մրցակցության սկզբունքը, ինչը հանգեցնում է մնացած բոլոր, մասնավորապես` օրինականության, օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարության, միայն դատարանի կողմից արդարադատության իրականացման դատավարական սկզբունքների անգոյացմանը: Այդ թվում խախտվում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության եղանակների առնչությամբ մինչդատականի համեմատությամբ դատական կարգին նախապատվություն տալու սկզբունքը:
  • Վերջին տարիներին նախաքննության համակարգի «բարեփոխումների» հետևանքով ոստիկանությունից բացի նախաքննության մարմիններ ստեղծվեցին բոլոր ուժային, իրավապահ և ֆիսկալ մարմիններում, ինչը ընդհանուր կոռուպցիոն ռիսկերին ավելացնում է նաև գերատեսչական ծագմամբ կոռուպցիոն ռիսկերը: Մինչդեռ նույնիսկ Խորհրդային Միությունում է բազմիցս արծարծվել անկախ նախաքննական մարմին ստեղծելու գաղափարը:
  • ՀՀ-ում զինվորական արդարադատության համակարգի բացակայության պայմաններում գործող դրա առանձին տարրերը` զինվորական դատախազությունը և ռազմական ոստիկանությունը պարզապես բեռ են բյուջեի համար, իսկ դրանց չիմաստավորված գոյությունը հանգեցնում է ավելորդ ինքնաբավության, ինչը քրեածին և կոռուպցիոն ռիսկերի լրացուցիչ սպառնալիք է պարունակում: Դրանց գործառույթները լիարժեք կերպով կարող են կատարել ընդհանուր իրավասության համապատասխան իրավապահ մարմինները:
  • Դատախազությանը Սահմանադրությամբ միայն քրեական հետապնդման հարուցման գործառույթ վերապահելու և օրենսդրությամբ քրեական հետապնդման գործառույթը նախաքննության մարմնին վերապահելու, ինչպես նաև սահմանադրական դատարանի մի շարք որոշումներով խորհրդային իրավապահ համակարգից որպես ժառանգություն մնացած քրեադատավարական այն ինստիտուտների վերացումը, որոնց միջոցով դատարանը հանդես գալով մեղադրանքի կողմում, այնուամենայնիվ հավասարակշռում էր նրա գործունեությունը և ըստ էության ապահովում էր իրավապահ համակարգի ամբողջականությունը, էլ ավելի են սրել դատաիրավական համակարգի անարդյունավետության պրոբլեմը:
  • Քաղաքացիական, վարչական և այլ գործերով նույնպես իրավիճակը հեռու է բարվոք լինելուց: Այդ ոլորտների օրենսդրությունը վերածվել է խորհրդային իրավական կարծրատիպերի ու արևմտյան իրավական համակարգերի բաղադրիչների անհասկանալի շաղախի: Խորհրդային շրջանում հանրային սեփականության բացարձակ գերիշխանության, քաղաքացիարավական հարաբերությունների լիարժեք համակարգի անգոյության, ամբողջատիրական մտածելակերպի և այլ հասկանալի պատճառներով քաղաքացիաիրավական և հարակից ոլորտների իրավական մշակույթի ակնհայտ թերզարգացածության ու իրավաբանական գիտության չկայացածության պատճառներով ոլորտն անհուսալիորեն հետ է մնացել օրվա պահանջներից:
  • Դատարանը շարունակում է մնալ որպես գործադիր իշխանության անքակտելի բաղադրիչ` ենթակա կամայական միջամտությունների և ճնշումների: Այդ պայմաններում պարզապես բացառվում է անկախ, միայն օրենքին ենթակա ու անկողմնակալ դատական համակարգի կայացումը:
  • Սահմանադրությունն ըստ էության հայտարարագրային փաստաթուղթ է, քանի որ դատարանները և մյուս պետական մարմինները դրա նորմերն անմիջականորեն չեն կիրառում օրենքներով և այլ իրավական ակտերով որևէ իրավահարաբերության միայն սահմանադրաիրավական կարգավորման և/կամ Սահմանադրության նորմերին օրենքների և այլ իրավական ակտերի ակնհայտ անհամապատասխանության պարագայում:
  • Քրեական գործերով արդարադատությունը ոչ թե մրցակցային սկզբունքով իրականացվում է դատարանում, այլ մինչդատական փուլում` պատժական գործառույթ կատարող մեղադրանքի կողմի միջոցով ու նրա սցենարով` դատական փուլում մինչդատական օղակի որոշումների միայն ձևական պատճենմամբ: Ոլորտի առանցքը ոչ թե դատարանն է, այլ գործադիր իշխանության իրականացման մաս կազմող մեղադրանքի կողմը:
  • Քաղաքացիական գործերով չի ապահովվում մինչդատական վարույթի, ինչպես նաև դատական քննության փուլերում հաշտարարության սկզբունքի առավելագույն իրացումը, ինչի հետևանքով ոչ միայն դատաիրավական համակարգն անհարկի ծանրաբեռնվում է, այլև զգալի վնաս է հասցվում հասարակության մեջ ինքնակազմակերպման, ինքնակառավարման և ինքնակարգավորման արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը, ինչը խոչընդոտում է միջանձնային, միջխմբային և ներհասարակական ու ներազգային համերաշխության հաստատմանը` ի վերջո նվազեցնելով ազգի և պետության ներուժն ու արդյունավետությունը:
  • Դատական համակարգը ուռճացված է: Վերաքննիչ դատարաններին վերապահված միջանկյալ գործառույթն ըստ էության ավելորդ է: Վճռաբեկ դատարանը վերածվել է կյանքից կտրված դատական վերնախավի, որը արդարադատության գործընթացին միջամտում է միայն առանձին դեպքերում: Այդ միջամտության պարամետրներն անորոշ են, ինչը վճռաբեկ դատարանի նշված միջամտությունը դարձնում է խիստ հայեցողական, ուստի նաև` ոչ արդյունավետ:
  • Հանրապետության փոքր մասնագիտական ռեսուրսի պայմաններում ընդհանուր իրավասության դատարաններին տրված լայն իրավասությունները էապես ազդում են գործերի քննության որակի և արդարադատության արդյունավետության վրա, ինչը հանգեցնում է նաև դրանց վճիռների ու որոշումների զանգվածային բողոքարկման` աշխատանքի լրացուցիչ ծավալ առաջացնելով վերադաս դատարանների համար:
  • Խիստ ուռճացված է նաև իրավապահ համակարգը: Դատախազության, ոստիկանության, ուժային և ֆիսկալ մարմինների հետաքննական ու նախաքննական մարմինները ձևավորվել են էքստենսիվ եղանակով և ծառայում են լեգիտիմությունից զուրկ նորգաղութային կառավարման համակարգի պահպանման ու վերարտադրության գործին` այդ պատճառով զբաղեցնելով անհրաժեշտից մի քանի անգամ ավելի շատ ուժեր և միջոցներ:
  • Խիստ անբավարար է փաստաբանության ինստիտուտի մակարդակը և արդյունավետությունը: Փաստաբանական գործունեությունը պետության կողմից որպես մենաշնորհ օրենքով հանձնել է ՀՀ փաստաբանական պալատին` նրան վերապահելով փաստաբանական գործունեության արտոնագիր տալու իրավասությունը, ինչը ոչ միայն իրավաբանների մասնագիտական գործունեության և մարդու` միավորումներ կազմելու հիմնարար իրավունքի խախտում է, այլև պարարտ հող է ստեղծում կորպորատիվ լծակների գործադրմամբ փաստաբանների մասնագիտական գործունեության նկատմամբ որոշակի վերահսկողություն իրականացնելու համար: Բացի այդ` փաստաբանների մեջ զգալի թիվ են կազմում իրավապահ համակարգի նախկին ծառայողները, որոնք խորհրդային պատժական և կոռուպցիոն մշակույթի կրողներ են:
  • Այս պրոբլեմների, ինչպես նաև մեղադրական թեքմամբ և խորը արմատավորված կոռուպցիոն սովորույթների կրող դատաիրավական մշակույթի պատճառով Հայաստանում չի կայացել դատարանակենտրոն և արդարության ապահովման ունակ դատաիրավական համակարգ:
  • Դատական ակտերի կատարումն ապահովող ենթահամակարգի չառանձնացված և ոչ ինքնուրույն գործառումը գործադիրի մաս կազմող արդարադատության նախարարության կազմում հանգեցնում է դրա գործունեության նկատմամբ դատական իշխանության հսկողության և վերահսկողության արդյունավետության զրոյացման:
  • Գործադիր իշխանության իրականացման ոլորտում Արդարադատության նախարարության բնույթի պետական կառավարման մարմնի գոյությունն ու գործառումը ոչ միայն էապես նվազեցնում է պետական կառավարման արդյունավետությունը, այլև խոչընդոտում արդարադատության իրականացմանը և նպաստում է կոռուպցիայի ու հայեցողականության արմատավորմանը, ինչպես նաև վերածվում է դատական իշխանության իրականացմանը գործադիրի միջամտության գործիքի: Այն փաստացի իրականացնում է իրար հետ օրգանական առնչություն չունեցող գործառույթների խումբ, որոնք պետք է իրականացնեն պետական կառավարման արդեն գոյություն ունեցող կամ նոր ստեղծվելիք մարմիններ, իսկ որոշներն էլ կարող են տրամադրվել մասնավոր ինստիտուտներին:
  • Հանրապետության Նախագահի գլխավորությամբ գործող արդարադատության խորհրդին վերապահվում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, իսկ Հանրապետության Նախագահին` նաև Արդարադատության խորհրդի առաջարկությամբ դատավորին կալանավորելու, նրա լիազորությունները դադարեցնելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին լիազորություններ, ինչը զրոյացնում է դատավորների անկախությունը և նրանց վերածում գործադիրի կցորդի ու սպասարկուի:
  • Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև կառավարման արդյունավետության, իրավական համակարգի ներդաշնակության ապահովման համար էական խոչընդոտ է դարձել օրենքից ցածր իրավական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի համակարգը: Վարքագծի համապարտադիր նորմի ընդունումն օրենսդիր իշխանության իրականացման գործունեություն է, ուստի բացի ժողովրդից և նրա ընտրած ներկայացուցչական մարմնից, որևէ այլ մարմին չի կարող նման նորմ ընդունել: Մինչդեռ աշխարհով մեկ տարածված այդ արատավոր պրակտիկան Հայաստանում ոչ միայն հասել է էական չափերի, այլև ձևավորել է Սահմանադրությամբ և օրենքներով սահմանվածից զգալի չափով տարբերվող իրականություն` նպաստավոր նախադրյալներ ու մեխանիզմներ ձևավորելով ժողովրդի իշխանությունը յուրացնելու և երկիրը նորգաղութային կառավարման ենթարկելու համար:
  • Այս առումով պակաս վտանգավոր չեն վավերացման չենթարկվող միջկառավարական և միջգերատեսչական միջազգային պայմանագրերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված միջազգային կազմակերպություների որոշումները:

 

 

 

 

 

 

 

 

 

  • Եզրակացություններ
    • Արևմտյան քաղաքակրթության իրավական համակարգերը ենթարկվել են բացասական շրջադարձության, ինչի հետևանքով, այդ քաղաքակրթության մյուս բաղադրիչների հետ միասին հայտնվել է դրա բոլոր շերտերն ընդգրկած խորը ճգնաժամի մեջ:
    • Այդ համակարգերի գերզարգացած ձևական-իրավական ինստիտուտները, մեխանիզմներն ու գործիքարանն ի վիճակի չեն հաղթահարելու այդ ճգնաժամը: Ավելին` հաճախ կիրառվելով ձեռնածուական նպատակներով` դրանք նպաստում են ճգնաժամի խորացմանը:
    • Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համակարգը, որն, ըստ էության, կարող էր դառնալ Շղթայի արդիական վերականգնման հիմք և նախադրյալ, Շղթայից շեղվելու հետևանքով ենթարկվում է ձեռնածուական կերպափոխումների և արդեն կիրառվում է որպես մարդուն ու մարդկայինին, նրա բնական և բանական էությանն ու բնույթին անհարիր վարքագիծ և կենսագործունեության ձևեր խթանող ու արմատավորող մեխանիզմ:
    • Հայաստանի իրավական և դատաիրավապահ ոլորտը կտրված է ազգային արմատից, էկլեկտիկ է, ըստ էության չի կայացել և չի համապատասխանում իր իրական գործառութային նախանշանակմանը` արդարության ապահովմանը, պետության, հանրության և անհատի իրավունքների ու շահերի պաշտպանությանը:
    • Նորգաղութային կառավարման համակարգը ոչ միայն չի դիմադրում իրավական և դատաիրավապահ ոլորտում առկա` ազգային և մարդկային էությանն ու բնույթին անհարիր համաշխարհային միտումներին, այլև իր գոյությունը երկարաձգելու նպատակով տուրք է տալիս դրանց` ռեալ վտանգ ստեղծելով հայության ինքնության և նրա պետականության հետագա գոյության համար:

 

 

 

  • Նպատակը

Արդիական կերպերի մեջ ազգային բնույթի իրավական և դատաիրավապահ համակարգերի ձևավորման և գործառման ապահովում:

 

  • Խնդիրները
    • Ազգային իրավական գիտության և մշակույթի կայացում:
    • Ազգային արժեհամակարգի և մարդու բնական ու բանական էությանն ու բնույթին համապատասխանող իրավական համակարգի ձևավորում:
    • Դատարանի անկախության և միայն օրենքով գործելու, ինչպես նաև դատարանակենտրոն դատաիրավապահ համակարգի ձևավորման երաշխիքների ապահովում, այդ թվում`
  • գործադիր իշխանության միջամտությունն ու թելադրանքը բացառող մեխանիզմների ներդրում,
  • դատարանների միջոցով մարդու և քաղաքացու իրավունքների ապահովման նկատմամբ լիակատար վերահսկողության մեխանիզմների ներդրում,
  • դատարաններին իրավարար դերի վերապահման հիմքերի, նախադրյալների, ինստիտուտների ու մեխանիզմների ձևավորում,
  • յուրաքանչյուրի կողմից իր, ինչպես նաև հասարակության և պետության իրավունքների ու շահերի պաշտպանության (ոչ միայն իրավունքներ և շահերի խախտման, այլև դրանց խախտման սպառնալիքի դեպքերում) նպատակով պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործողություները և ակտերը դատական կարգով վիճարկելու լիարժեք հնարավորությունների ապահովում,
  • դատավարության մրցակցության, կողմերի հավասարության և անմեղության կանխավարկածի ապահովում,
  • քրեական դատավարության մինչդատական և/կամ արտադատական վարույթի փուլում արդարադատության իրականացման բացառում` այդ նպատակով «մեղադրանքի և արդարացման» խորհրդային ձևաչափից անցնելով «մեղադրանքի և մեղադրանքից հրաժարվելու» ձևաչափին,
  • դատական ենթահամակարգի տարատեսակացում և մասնագիտացում,
  • դատավորների անկախության, անձեռնմխելիության և անփոփոխելիության երաշխավորում,
  • ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերը երդվյալ ատենակալների դատարանի /տարբերակ` արբիտր և ատենակալ դատավորներից բաղկացած դատարանի/ միջոցով քննելու համակարգի ձևավորում:
    • Դատարանների և մյուս պետական մարմինների կողմից Սահմանդրության նորմերի անմիջական և առաջնահերթ կիրառման ապահովում` որևէ իրավահարաբերության միայն սահմանադրաիրավական կարգավորման և/կամ Սահմանադրության նորմերին օրենքների և այլ իրավական ակտերի ակնհայտ անհամապատասխանության պարագայում:
    • Դատական ակտերի կատարման ենթահամակարգի կազմակերպական-կառուցվածքային ու գործառութային ամբողջացում և դրա զետեղում դատական համակարգի հսկողության և վերահսկողության ներքո:
    • Իրավապահ համակարգի օրինավարության և արդյունավետության ապահովում, այդ թվում` դրա թափանցիկության և հաշվետվայնության առավելագույն մակարդակի ապահովում, ինչպես նաև դրա կառուցվածքի ու կազմի պարզեցում և օպտիմալացում:
    • Հայաստանի տարածքում բոլոր գործերով, ինչպես նաև օտարերկրյա պետությունների տարածքներում հայկական պետության քաղաքացիների հետ կապված գործերով հայկական պետության առավելագույն ենթադատության ապահովում:
    • Կոռուպցիոն ռիսկերի առավելագույն նվազարկման մեխանիզմների մշակում և ներդրում:
    • Դատաիրավապահ համակարգի կառուցվածքային և գործառութային օպտիմալացում:
    • Դատաիրավապահ համակարգերի գործունեության մեջ գիտական բաղադրիչի գերակա ու համակարգաստեղծ դերի ապահովում (այդ նպատակով նաև ստեղծելով համապատասխան գիտահետազոտական կազմակերպություններ, ինչպես նաև ձևավորելով փորձագիտական ուղեվարման և մոնիտորինգի պետական և ոչ պետական համակարգեր ու մեխանիզմներ):
    • Դատական, դատական ակտերի կատարման և իրավապահ ենթահամակարգերի նյութատեխնիկական անհրաժեշտ հենքի ու ոլորտի աշխատողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մեխանիզմների ներդրում:
    • Հայաստանի միջազգային-իրավական պարտավորությունների ստանձնման և կատարման հարցում Հայաստանի ինքնիշխանության ապահովում:

 

  • Սկզբունքները
    • Իրավական ակտերի համապատասխանություն հավատի, սիրո, ճշմարտության, արժանապատվության, ազատության և արդարության առաքինություններին:
    • Բնականի ու բանականի, հոգևորի ու նյութականի, կենսաբանականի ու սոցիալականի, ավանդականի ու արդիականի, ազգայինի ու համամարդկայինի ներդաշնակ միասնություն և փոխադարձ զարգացում:
    • Նորմատիվ ակտերի ընդունում միայն Սահմանդրության, միջպետական միջազգային պայմանագրի և օրենքի տեսքով:
    • Այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում` միջգերատեսչական միջազգային պայմանագրերի ինստիտուտի բացառում:
    • Վավերացման կարիք չունեցող միջկառավարական պայմանագրերի դրույթների կիրառում բացառապես օրենքի մակարդակով համապատասխան իրավական կարգավորումներ ընդունելուց հետո և դրանց միջոցով:
    • Սահմանադրության նորմերի անմիջական կիրառում բոլոր դատարանների և պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից:
    • Արդարություն:
    • Իրավունքի գերակայություն:
    • Դատարանի անկախություն:
    • Դատարանակենտրոնություն:
    • Մարդասիրություն:
    • Իրավական այլ հանրահայտ սկզբունքներ:
    • Դատարաններին իրավարար դերի վերապահում:
    • Հաշտարարություն և հաշտարարության առաջնահերթություն:
    • Պետության միջամտության նվազարկում:
    • Արդյունավետություն և օպտիմալություն:
    • Մասնագիտացում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Առաջնահերթ գործողություններ
    • Գիտական ուսումնասիրությունների հիման վրա մշակել և ընդունել ժամանակակից կերպերի մեջ ազգային հոգեկերտվածքին և խորքային մշակույթին ներդաշնակ, հավատի, սիրո, ճշմարտության, արժանապատվության, ազատության և արդարության առաքինություններից բխող, բնականի ու բանականի, հոգևորի ու նյութականի, կենսաբանականի ու սոցիալականի, ավանդականի ու արդիականի, ազգայինի ու համամարդկայինի ներդաշնակ միասնությանն ու փոխադարձ զարգացմանը միտված մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների և դրանց արդյունավետ պաշտպանության ապահովման գերակայության առանցքի շուրջ իրավական համակարգի և դատաիրավապահ համակարգի դատական, դատական ակտերի կատարման և իրավապահ ենթահամակարգերի ձևավորման ու գործառման հայեցակարգ:
    • Օրենսդրական հենքի ձևավորման նպատակով մշակել և ընդունել անհրաժեշտ օրենքներ:
    • Գույքագրել և ըստ իրավաբանական ուժի դասակարգել օրենքից ցածր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերը, կազմել դրանցով կարգավորվող հարաբերությունները օրենքներով կարգավորելու պլան-ժամանակացույց և ըստ այդմ մշակել ու ընդունել համապատասխան օրենքներ:
    • Հաշտարար սկզբունքի հիման վրա կառուցել մինչդատական և դատական ինստիտուտներ:
    • Մշակել և կատարել դատական և իրավապահ համակարգերի կառուցվածքի և գործառույթների գույքագրման ու դրանց օպտիմալացման ծրագիրի:
    • Ուսումնասիրել ոլորտի կադրային ռեսուրսը, մշակել և ներդրել կադրերի կրթության, այդ թվում` վերապատրաստման և որակավորման բարձրացման, ընտրազատման և առաջխաղացման արդյունավետ մեխանիզմներ:
    • Ստուգել ոլորտի պաշտոնատար անձանց գործունեությունը և ըստ այդմ որոշել նրանց հետագա պաշտոնավարման հարցը:
    • Դատաիրավական ոլորտի պետական պաշտոն զբաղեցնելու և փաստաբանական գործունեության արտոնագրման համար գիտելիքների և հմտությունների ստուգման գործառույթն իրականացնել գիտակրթական կազմակերպությունների հենքի վրա` հանձնաժողովային ձևաչափով:
    • Երաշխավորել փաստաբանների` ազատորեն անհատապես գործելու և մասնագիտական միավորումներ կազմելու իրավունքը:
    • Կազմակերպել ոլորտի պաշտոնատար անձանց և փաստաբանների ատեստավորում` համապատասխանաբար նրանց հետագա պաշտոնավարման կամ գործունեության համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները և հմտություններն ստուգելու նպատակով:
    • Վերացնել ներկայումս գործող և քրեական գործերով մինչդատական/արտադատական արդարադատություն իրականացնող քննչական ենթահամակարգը և թողնել միայն հետաքննության մարմինները` դրանց գործառույթը սահմանափակելով հանցագործություն կատարած անձանց հայտնաբերման, նրանց հանցավորությունն ապացուցող նվազագույն ողջամիտ ծավալի ապացույցների ձեռք բերման ու պետության անունից մեղադրանք ներկայացնող մարմնին ներկայացման գործողություններով:
    • Վերացնել արդարադատության նախախարությունը և դրա համապատասխան գործառույթների իրականացումն ապահովել ստորև նշված կարգով.
      • նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պետական փորձաքննության գործառույթը վերապահել հատուկ այդ նպատակով ստեղծված պետական փորձաքննական կառույցին,
      • նորմատիվ իրավական ակտերի գրանցումը, հաշվառումը, համակարգումը, պահպանումը, նորմատիվ իրավական ակտերի և դրանց պաշտոնական պարզաբանումների հրապարակումը, իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման գործառույթը.
    • նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրության, օրենքների, վավերացման ենթակա միջազգային (միջպետական) պայմանագրերի, ինչպես նաև Խորհրդարանի որոշումների մասով վերապահել Խորհրդարանի աշխատակազմին` Խորհրդարանի նախագահի հսկողությամբ,
    • այլ իրավական ակտերի մասով` վարչակազմի աշխատակազմին` վարչապետի հսկողությամբ),
      • օրենսդրական տեխնիկայի տեխնիկական կանոնները սահմանել օրենքով,
      • իրավական ակտերի ընդունման, հրապարակման կամ կիրառման կարգի պահանջների կատարման նկատմամբ հսկողության գործառույթը վերապահել դատախազությանը,
      • իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեգիստրի վարումը վերապահել հարկային մարմնին,
      • նոտարական գործունեության իրականացման գործառույթը.
    • անշարժ գույքի մասով վերապահել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցում կատարող պետական մարմնին,
    • ավտոմեքենաների մասով վերապահել ներքին գործերի համապատասխան պետական մարմնին,
    • այլ գործերով` մասնավոր նոտարներին,
      • դատական ակտերի հարկադիր կատարման գործառույթը վերապահել այդ նպատակով ստեղծված առանձին պետական կառույցին` դատական համակարգի հսկողությամբ և վերահսկողությամբ),
      • քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վերապահել ներքին գործերի համապատասխան մարմնին,
      • քրեակատարողական (զուտ քրեակատարողական և աշխատանքային հիմնարկներ) գործառույթը վերապահել այդ նպատակով ստեղծված առանձին պետական կառույցին` դատական համակարգի հսկողությամբ և վերահսկողությամբ),
      • դատափորձագիտական գործառույթը վերապահել հատուկ այդ նպատակով ստեղծված պետական և/կամ մասնավոր փորձագիտական կառույցներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Դատական, դատական ակտերի կատարման և իրավապահ ենթահամակարգերը, դրանց կառուցվածքն ու գործառույթները, ձևավորման և գործառման հիմքերն ու սկզբունքները

 

  • Դատական ենթահամակարգ
    • Գերագույն դատարանը բաղկացած է սահմանադրական (վեց անդամ), քաղաքացիական-արբիտրաժային (տասներկու անդամ), քրեական (ութ անդամ) և վարչական (վեց անդամ) պալատներից: Գերագույն դատարանի անդամներին ընտրում է Խորհրդարանը: Գերագույն դատարանի և պալատների նախագահներին ընտրում են դրանց անդամները` ռոտացիոն կարգով: Գերագույն դատարանի նախագահն ընտրվում է սահմանադրական իրավունքի մասնագետների թվից: Նրանք պաշտոնավարում են մինչև իրենց 65 տարին լրանալը: Գերագույն դատարանի նախագահի բացակայության ժամանակ նրան փոխարինում է սահմանադրական իրավունքի մասնագետ դատավորներից տարիքով ամենաավագը:

Յուրաքանչյուր պալատ գործը քննում է իր անդամների և մյուս պալատներից մեկական դատավորի կազմով: Որոշումներն ընդունվում են ընդհանուր կազմի առնվազն 2/3-ով:

 

  • Գերագույն դատարանը.
  • իրականացնում է սահմանադրական արդարադատություն,
  • քաղաքացիական, քրեական, վարչական, տնտեսական և այլ գործերով բարձրագույն (երրորդ ատյանի) դատական մարմին է,
  • հսկում է բոլոր դատարանների գործունեությունը,
  • իր իրավասության սահմաններում գործերը քննում է որպես երկրորդ ատյանի դատարան, իսկ հսկողության կարգով և նոր երևան եկած հանգամանքներով` նաև որպես առաջին ատյանի դատարան,
  • մասնագիտացված դատարանների նկատմամբ անմիջական վերադաս դատական ատյան է,
  • ապահովում է օրենքի միատեսակ կիրառությունը, այդ թվում` պարզաբանումներ է տալիս դատական պրակտիկայի հարցերով,
  • լուծում է բոլոր ատյանների դատավորների (բացառությամբ Գերագույն դատարանի նախագահության անդամներից) կարգապահական պատասխանատվության, ինչպես նաև նրանց դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու և անձեռնմխելիությունից զրկելու հարցերը:

Գերագույն դատարանի անդամների ինչպես նաև նրանց դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու և անձեռնմխելիությունից զրկելու հարցերը լուծում է Խորհրդարանը:

  • Գերագույն դատարանի նախագահը`
  • ապահովում է դատական ենթահամակարգի, այդ թվում` Գերագույն դատարանի բնականոն գործունեությունը.
  • վերահսկում է դատական ակտերի կատարման ենթահամակարգի, ինչպես նաև դրա նկատմամբ մասնագիտացված դատարանների նախագահների հսկողական գործունեությունը,
  • օրենքով սահմանված կարգով ապահովում է Գերագույն դատարանի որոշումների հրապարակումը.
  • Գերագույն դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.
  • վերահսկում է Գերագույն դատարանի աշխատակազմի գործունեությունը.
  • ներկայացնում է Գերագույն դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում բոլոր ատյանների դատավորների նկատմամբ,
  • Սահմանադրությամբ նախատեսված կարգով մասնակցում է համապետական մարմինների գործունեությանը և անհրաժեշտության դեպքում իր ձայնով և/կամ ստորագրությամբ ապահովում է դատական իշխանության/արդարության համակարգի մասնակցային և վերահսկողական գործառույթը պետության կառավարման գործում:
    • Քաղաքացիական, քրեական, վարչական և արբիտրաժային մասնագիտացված (առաջին ատյանի) դատարաններ:
      • Մասնագիտացված դատարանները հաշտարար դատավորներին ընդդատյա գործերը օրենքով սահմանված դեպքերում և կարգով քննում են որպես երկրորդ ատյանի դատարաններ: Մասնագիտացված դատարանների դատավորներին ընտրում է խորհրդարանը:
      • Մասնագիտացված դատարանների նախագահները հսկողություն են իրականացնում դատական ակտերի կատարման մարմինների գործունենության նկատմամբ:
      • Արբիտրաժային դատարանները ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտների միջև գույքային և առևտրային վեճերի լուծման մասնագիտացված դատարաններ են: Դրանք քննում են նաև պետական մարմինների և պաշտոնատար անձանց` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը խախտող գործողություններն ու ակտերը հարկային, հողային և այլ վեճերի պարագայում, որոնք առաջանում են վարչական, ֆինանսական և այլ փոխհարաբերություններից: Արբիտրաժային դատարանները քննում են նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրյա սուբյեկտի մասնակցությամբ վեճերը:
    • Հաշտարար դատավորներ (ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ):
      • Հաշտարար դատավորներին ընտրում են քաղաքացիները և տվյալ տարածքում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք` ըստ տարածքային սկզբունքի: Յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով ընտրվում է 1 հաշտարար դատավոր:
      • Հաշտարար դատավորները որպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ քննում են.
    • միչև հինգ տարի ազատազրկման ձևով պատիժ նախատեսող անզգուշությամբ կատարված հանցագործությունների և մինչև երեք տարի ազատազրկման ձևով պատիժ նախատեսող դիտավորությամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը,
    • դատական կարգադրագրերի վերաբերյալ գործերը,
    • իրավաբանական փաստի հաստատման վերաբերյալ գործերը,
    • ամուսնալուծության վերաբերյալ գործերը, եթե ամուսինների միջև երեխաների վերաբերյալ վեճ չկա,
    • ամուսինների միջև համատեղ ձեռք բերված գույքի բաժանման գործերը,
    • ամուսանաընտանեկան հարաբերություներից բխող այլ գործեր, բացառությամբ հայրության (մայրության) վիճարկման, հայրության հաստատման, ծնողական իրավունքներից զրկման, որդեգրման գործերից,
    • գույքային վեճերը, եթե հայցը ներկայացնելու պահին հայցի գինը չի գերազանցում օրենքով նախատեսված առավելագույն գումարին համապատասխան սահմանը,
    • աշխատանքային վեճերը, բացառությամբ աշխատանքում վերականգնվելու գործերից,
    • հողամասից, շինությունից կամ այլ անշարժ գույքից օգտվելու կարգի սահմանման վերաբերյալ գործերը,
    • վարչական իրավախախտումների վերաբերյալ այն գործերը, որոնք օրենքով վերապահվում են հաշտարար դատավորին,
    • իր կողմից ընդունված որոշումների վերաբերյալ գործերը` նոր երևան եկած հանգամանքներով:
      • Մինչդատական վարույթի մարմիններ` հաշտարարների տարածքային (կենցաղային վեճերի վերաբերյալ գործերով) և արբիտրաժային (գործարարական և ֆինանսական վեճերի վերաբերյալ գործերով) գրասենյակներ:

Կողմերի ցանկությամբ օրենքով սահմանված կարգով որպես հաշտարար կամ արբիտր կարող են հանդես գալ համապատասխան գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող փաստաբանները:

  • Արբիտրաժային և հաշտարար դատարաններին ընդդատյա գործերը (բացառությամբ վարչական և քրեական հարաբերություններից ծագող գործերից) այդ դատարաններում վարույթ են ընդունվում մինչդատականվարույթի համապատասխան փուլնանցնելուցև լուծում չգտնելուց հետո միայն:

 

  • Դատական ակտերի կատարման ենթահամակարգ

Դատական ակտերի կատարման ենթահամակարգը բաղկացած է քաղաքացիական, վարչական, տնտեսական և այլ գործերով դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև քրեական ու վարչական գործերով պատիժների և հարկադրանքի միջոցների կատարման ու սոցիալական-վերականգնողական/ռեաբիլիտացիոն մարմիններից, գործում է դատական համակարգի հսկողության և վերահսկողության ներքո և իրականացնում է համապատասխան գործառույթներ:

  • Իրավապահ ենթահամակարգ
    • Իրավապահ ենթահամակարգը գործում է դատական համակարգի հսկողության և վերահսկողության ներքո և ունի հետևյալ գործառույթները.
  • հետաքննչական գործունեության մասով արտաքին սպառնալիքներից ազգային անվտանգության ապահովում,
  • հասարակական կարգի պահպանություն,
  • հանցագործություն կատարած անձանց հայտնաբերում և նրանց կողմից հանցագործություն կատարելու փաստի ապացուցում,
  • պետության անունից հանցագործություն կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցում, մեղադրանքի առաջադրում և դատարանում դրա ներկայացում,
  • պետության շահերի պաշտպանություն:
    • Ըստ այդմ`
  • հետաքննչական գործունեության (հանցագործություն կատարած անձանց հայտնաբերումն ու նրանց կողմից հանցագործություն կատարելու փաստի ապացուցում) մասով արտաքին սպառնալիքներից ազգային անվտանգության ապահովման գործառույթը վերապահվումէ այդ նպատակով ստեղծվող` Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) հատուկ ծառայության/գործակալական (ԱԱՆ ՀԾ) համակարգին:
  • Հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև հետաքննչական գործունեության (բացառությամբ ԱԱՆ ՀԾ-ին վերապահված գործերից) գործառույթը վերապահվումէ այդ նպատակով ստեղծվող` Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մաս կազմող ՀՀ ոստիկանությանը:
  • Հստակ կերպով սահմանազատվում են ԱԱՆ և ՆԳՆ աշխատակազմերի և, համապատասխանաբար` ՀԾ-ի ու Ոստիկանության գործառույթներն ու լիազորությունները` դրանք գործառելով որպես ԱԱ և ՆԳ նախարարների ենթակայությամբ աշխատող երկու զուգահեռ, առանձին կառույցներ:
  • Աշխատակազմերին վերապահվում են այդ ոլորտների ընդհանուր քաղաքականության մշակման, հաստատման ներկայացման և իրականացման մոնիտորինգի, ինչպես նաև համապատասխանաբար` ՀԾ-ի և Ոստիկանության, այդ թվում` ֆինանսատնտեսական գործունեության, ապահովման գործառույթներ:
  • Աշխատակազմերում իրականացնվում է քաղաքացիական ծառայություն` քաղաքացիական ծառայողների միջոցով, իսկ ՀԾ-ում և Ոստիկանությունում` հատուկ ծառայություն (գործակալական և ոստիկանական)` համապատասխանաբար գործակալների և ոստիկանների միջոցով:
  • ՀԾ-ն օրենքով սահմանված կարգով իր իրավասության սահմաններում իրականացնում է հանցագործություն կատարած անձանց հայտնաբերման և նրանց հանցավորության ապացուցման համար անհրաժեշտ ապացույցների ձեռք բերման գործունեությունը (հետաքննչական գործունեություն):
  • ՆԳՆ աշխատակազմի և նրա տարածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվում է ներքին գործերի հետ կապված պետական կառավարման ամբողջ գործառույթը (բացառությամբ Ոստիկանությանը վերապահված գործառույթներից), այդ թվում` ընտրությունների գործընթացի կազմակերպչական ապահովումը:
  • ՆԳՆ աշխատակազմի և Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները գործում են առանձին:
  • Հանցագործություն կատարած անձանց նկատմամբ պետության անունից քրեական հետապնդման հարուցման, մեղադրանքի առաջադրման և դատարանում դրա ներկայացման, իրավապահ մարմինների նկատմամբ դատավարական հսկողության, ինչպես նաև պետության շահերի պաշտպանության գործառույթները վերապահվում են դատախազությանը:
  • Գլխավոր դատախազը վարչակազմի /կառավարության/ անդամ է: Գլխավոր դատախազը պաշտոնի նշանակվում և ազատվում է նախարարի համար սահմանված կարգով: Մարզային դատախազներին գլխավոր դատախազի ներկայացմամբ նշանակում է վարչապետը, իսկ տարածքային դատախազներին ընտրում են տվյալ տարածքում մշտապես բնակվող քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
  • Դատախազության կազմում առանձնացվում է աշխատակազմ, որն ապահովում է դատախազության գործունեության, այդ թվում` ֆինանսատնտեսական, ապահովումը: Աշխատակազմում իրականացվում է քաղաքացիական ծառայություն:

 

  • Լրացուցիչ սկզբունքներ
    • Քրեական գործով կալանքի միջնորդությունը բավարարած դատավորը չի կարող հետագայում ըստ էության քննել այդ գործը:
    • ՀԾ-ն կամ այլ հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինները չեն կարող որպես արտահաստիքային գործակալ հավաքագրել դատավորներին, դատախազներին, այլ հատուկ ծառայության կամ իրավապահ մարմնի ծառայողներին, ինչպես նաև ԱԱՆ, ՆԳՆ և դատախազության աշխատակազմերի քաղաքացիական ծառայողներին:
    • Օրենքով սահմանվում է քաղաքական և այլ պետական պաշտոնների ցանկ, որոնք չեն կարող զբաղեցնել նախկինում որպես արտահաստիքային գործակալ հավաքագրված անձինք:
    • Պետական մարմինների միջև համագործակցության ձևաչափով ծառայողների համատեղ աշխատանքն ու գործակցությունը չի կարող համարվել հավաքագրում:
    • Ֆիսկալ և այլ պետական մարմինների գործունեության հետ կապված հետաքննչական գործառույթների ու լիազորությունների վերապահում Ոստիկանությանը` այդ նպատակով ստեղծելով համապատասխանմասնագիտացվածստորաբաժանումներ:
    • Դատավորների և իրավապահ համակարգի ծառայողների պաշտոնավարման ու պաշտոնեական առաջխաղացման պայմանավորում նրանց կայացրած որոշումների բողոքարկման, չեղարկման, կարգապահության և արդարադատական պահվածքի չափանիշներով:

Ռազմավարական հայեցակարգի «Իրավական և դատաիրավապահ ոլորտ

Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը ներկայացնում է Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման Ռազմավարական հայեցակարգի Իրավական և դատաիրավապահ ոլորտը:

Աշխարհը գտնվում է համակարգային ճգնաժամի մեջ: Իրավական և դատաիրավապահ ոլորտը որպես համակարգ կառուցված է կիսափլուզված և արմատի առումով ոչ ամբողջությամբ իմաստավորված աշխարհահայացքային, քաղաքակրթական հենքի վրա:
Ներկայումս Հայաստանում դատաիրավապահ համակարգը ընդամենը կառավարող հանցավոր վարչախմբի գործիքն է: Հայաստանում, իրականում, անկախ դատարան գոյություն չունի և դատաիրավապահ համակարգը դատարանակենտրոն չէ՝ կառուցված չէ դատարանի շուրջ: Գործադիրից գալիս են համապատասխան հրահանգներ, և դատարանը նոտարի նման դակում է այդ որոշումները:

ՆՊԱՏԱԿԸ
Ռազմավարական հայեցակարգի սույն ոլորտի ծրագրի նպատակն է՝ արդիական կերպերի մեջ ազգային բնույթի իրավական և դատաիրավապահ համակարգերի ձևավորման և գործառման ապահովումը: Մենք փորձում ենք օրգանական սիմբիոզ անել. լինել կերպով, ձևով արդիական և բնույթով ազգային: Եվ սա համարում ենք լիովին իրականանալի:

ԽՆԴԻՐՆԵՐԸ
Այս նպատակին հասնելու համար մենք պետք է լուծենք երեք հիմնական խնդիր՝
Ազգային իրավական գիտության և մշակույթի կայացում,
Ազգային արժեհամակարգին և մարդու բնական ու բանական էությանը համապատասխանող իրավական համակարգի ձևավորումը
Անկախ դատարանի և դատարանակենտրոն դատաիրավապահ համակարգի ձևավորումը

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Առաքինությունների գերակայություն, ներդաշ-նակություն և համալիրություն:
2. Ավանդականի և արդիականի, ազգայինի և համա-մարդկայինի ներդաշնակ միասնություն ու փոխադարձ զարգացում:
3. Իրավունքի գերակայություն:
4. Դատարանի անկախություն և դատարանակենտ-րոնություն:
5. Հաշտարարություն և հաշտարարության առաջնա-հերթություն:
6. Արդյունավետություն:

Իրավական և դատաիրավապահ ոլորտը: Ծրագրի նպատակը, խնդիրներն ու սկզբունքները
 

Իրավական և դատաիրավապահ համակարգը ապագա Հայաստանում

Իրավական և դատաիրավապահ ոլորտը: Հարց ու պատասխան