Protection

Ռազմավարական հայեցակարգը պաշտպանական ոլորտում

  • Ոլորտում տիրող իրավիճակը

 

             Համաշխարհային համատեքստը

  • Միջուկային պատերազմի հավանականության կտրուկ նվազման պայմաններում նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված սպառազինության ու ռազմական տեխնիկայի և տեղեկութային համակարգերի ի հայտ գալը սկիզբ դրեց ռազմական արվեստի նոր մոտեցումների և ռազմավարական ու օպերատիվ-մարտավարական նոր ստանդարտների հիման վրա վարվող 5-րդ սերնդի (ժամանակակից, նոր) պատերազմին:

5-րդ և 4-րդ սերունդների պատերազմների համեմատական բնութագիրն ունի հետևյալ պատկերը.

  • 5-րդ սերնդի պատերազմում որպես ռազմավարական նպատակ դիտվում է ոչ թե հակառակորդի զինված ուժերի ջախջախումը և դասական իմաստով նրա տարածքի գրավումը, այլ նրա կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ու կառավարման համակարգի ոչնչացումը և ռազմավարական նշանակություն ունեցող հանգուցակետերի զբաղեցումն ու դրանցում բազավորումը (օդանավակայաններ, ճանապարհային հանգույցներ և այլն):
  • 5-րդ սերնդի պատերազմը հիմնվում է նորագույն գերճշգրիտ զինատեսակներ կիրառող ավիացիայի (գերճշգրիտ թևավոր հրթիռներ), կապի (ՌԷՊ), հետախուզության և տեղեկութային տեխնոլոգիաների համատեղ կիրառմամբ (ռազմավարական) օպերացիաների վրա, որոնք ունեն հատուկ գործողությունների բնույթ:
  • Դուրս են մղվում 4-րդ սերնդի պատերազմների այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ռազմաճակատը, թիկունքը, զորքերի օպերատիվ դասավորությունը, շարակարգումը, ինժեներական կառույցները, պաշտպանական շրջանները, զրահատանկային և մոտոհրաձգային ուժերը, սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակական չափանիշները: Վերջիններս իրենց տեղը զիջում են որակականին, նվազում է կենդանի ուժի քանակական գործոնը, զինված ուժերի մոտոհրաձգային, զրահատանկային և ցամաքային այլ ստորաբաժանումներ փոխարինվում են արագ արձագանքման հատուկ և ինքնաբավ ստորաբաժանումներով, իսկ որպես օպերատիվ-մարտավարական միավոր սահմանվում է բրիգադը (ինքնուրույն ապահովման կարողություններով):
  • Ժամանակակից պատերազմում ռազմարվեստի նկատմամբ սկզբունքային նոր մոտեցում է ռազմավարական ոչ միջուկային զսպումը` սովորական գերճշգրիտ զինատեսակների միջոցով հակառակորդին անդառնալի վնաս հասցնելու սպառնալիքով: Այս առումով հակառակորդին անդառնալի վնաս են պատճառում տարածքի ամբողջ խորությամբ տարբեր հեռահարություններ ու տեղակայում ունեցող զինատեսակներով հասցվող զանգվածային հարվածները:
  • Վերջին շրջանի ռազմական գործողությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հակառակորդի նկատմամբ 5-րդ սերնդի համարժեք ուժի գործադրման դեպքում պատերազմի ակտիվ (հակառակորդին անդառնալի վնաս հասցնելու) փուլը տևում է առավելագույնը մեկ ամիս:
  • Ժամանակակից պատերազմում տեղեկույթի որոշիչ դերի և տեղեկութային տեխնոլոգիաների կիրառման աննախադեպ հնարավորությունների ու մեծ արդյունավետության շնորհիվ տեղեկութային օպերացիաները և տեղեկութային հակապայքարը ձեռք են բերել ապահովման գործառույթ (թերևս ավելի կարևոր, քան թիկունքային ապահովումը), իսկ որոշ դեպքերում արդեն դիտվում են որպես առանձին ինքնուրույն օպերացիաներ:
  • 5-րդ սերնդի պատերազմի առանձնահատկություններից է նաև դրա համակցումը հակառակորդի տարածքում հրահրվող և, որպես կանոն, ցանցային սկզբունքով վարվող ներքին (քաղաքացիական) պատերազմի հետ, ինչի շնորհիվ ավելի է հեշտանում պատերազմ վարողի ռազմաքաղաքական պլանների իրագործումը:
  • Տեխնոլոգիական հետամնացության և օպերատիվ-մարտավարական անհամատեղելիության պատճառով 4-րդ սերնդի ռազմարվեստը գործնականում չի կարող դիմակայել ժամանակակից պատերազմի ռազմական արվեստին: Տեղեկութային տեխնոլոգիաների, հետախուզության և կապի արդիական միջոցների դարաշրջանում, երբ կարելի է հետևել յուրաքանչյուր զինվորի գործողություններին և ղեկավարել դրանք, տարեցտարի ավելի ակնառու են դառնում 5-րդ սերնդի ռազմարվեստը որդեգրած և այդ ուղիով չընթացող պետությունների ռազմական կարողությունների միջև գոյություն ունեցող տարբերությունները:
    • Սակայն 5-րդ սերնդի պատերազմն ընդամենը ներկայի իրողություն է: Առաջիկայում ըստ էության ձևավորվում է 6-րդ սերնդի պատերազմի հարացույցը, որի ժամանակ պատերազմի դասական ձևերը գերակշիռ մասով կփոխարինվեն տեղեկութային հակամարտության ձևերով: Այդ պայմաններում տեղեկութային հակամարտության արդիական միջոցներ ունեցող երկրների ու ուժային կենտրոնների և 4-րդ սերնդի պատերազմի միջոցներ ունեցող երկրների միջև կձևավորվի անհաղթահարելի անջրպետ:

 

             Հայաստանյան համատեքստը

  • Հայաստանի Հանրապետության պաշտպանական կազմակերպվածքը որոշիչ և գերակշիռ մասով ձևավորվել է ԽՍՀՄ-ի իներցիայով` առանց լուրջ գիտական ուսումնասիրությունների ու հիմնավորումների և ազգային ու տարածաշրջանային, ինչպես նաև քաղաքակրթական առանձնահատկությունների հաշվառման:
  • Վերջին տարիներին նույն կերպով նրանում կատարվում են ՆԱՏՕ-ի` ոչ լիարժեքորեն ընկալված համակարգերի բաղադրիչների ներբերումներ:
  • Նշված պատճառներով առկա պաշտպանական կազմակերպվածքը վերածվել է էկլեկտիկ կոնգլոմերատի:
  • Բացի այդ, առկա պաշտպանական կազմակերպվածքը ստեղծվել և գործառում է նյութական, քանակա-ռեսուրսային մտածելակերպի հիման վրա, ինչը պետությանն ի սկզբանե զրկում է ավելի մեծ նույնաբնույթ պարամետրներ ունեցող հավանական հակառակորդի հարձակումից ինքնուրույն կերպով պաշտպանվելու հնարավորությունից:
  • Երկիրը պաշտպանական ոլորտում որևէ պարամետրով ինքնաբավ չէ: Փաստացի չկա պաշտպանական արդյունաբերություն: Պաշտպանական կրթության համակարգը չի կայացել. ռազմավարական մակարդակի համար անգամ չկան գիտաուսումնական և նյութատեխնիկական նախադրյալներ, այդպիսի նախադրյալների խիստ անբավարար լինելու պատճառով օպերատիվ-մարտավարական մակարդակում առկա սաղմնային վիճակը զարգացման հեռանկար չունի, իսկ մարտավարական մակարդակում առկա հաստատությունների տված կրթության որակը շատ ցածր է: Մինչ օրս ոչինչ չի արվել ռազմական գիտության կայացման համար, իսկ պաշտպանական գիտության մասին անգամ պատկերացում չկա: Այդ ոլորտի մասնագիտական շերտ և ենթակառուցվածք չի ձևավորվել և ըստ էության, բացի առանձին անհատների կատարած սակավաթիվ փորձերից, ռազմական գիտության ուղղությամբ հետազոտություններ չեն կատարվում:
  • Պաշտպանական կազմակերպվածքը հետամնաց է և շատ պարամետրներով, հատկապես` տեղեկութային բաղադրիչի (տեղեկութային գիտատեխնոլոգիական բազա և ռեսուրսներ, տեղեկութային անվտանգության և պայքարի միջոցներ) մասով չի համապատասխանում անգամ 4-րդ սերնդի պատերազմի պահանջներին: Մինչդեռ առաջիկա տասնամյակի ավարտին 5-րդ սերնդի պատերազմի մակարդակին չհասնելու պարագայում այդ անջրպետի հաղթահարումը կդառնա գրեթե անլուծելի խնդիր, ինչի հետևանքով հայությունն ու Հայաստանը ստիպված կլինեն հրաժարվել ռազմավարական շահեր հետապնդելու հեռանկարից:
  • Պաշտպանական կազմակերպվածքը հիմնված է միայն 4-րդ սերնդի պատերազմի դասական բաղադրիչների վրա, չունի փոքր տարածք և նվազ պաշտպանական ներուժ ունեցող երկրի համար կենսականորեն անհրաժեշտ տարածքային պաշտպանության համակարգ և ոչ համաչափ, այդ թվում` ցանցային պատերազմ վարելու միջոցով, 5-րդ սերնդի պատերազմ վարող հակառակորդի տեխնոլոգիական կամ 4-րդ սերնդի պատերազմ վարող հակառակորդի քանակա-ռեսուրսային գերազանցությունը հավասարակշռելու այլ կարողություններ:
  • Որպես այս ամենի հետևանք` պետությունն իր պաշտպանական անվտանգության ռազմավարությունը ստիպված է լինում կառուցել որևէ հզոր ուժային կենտրոնի շահերի ու գերակայությունների տիրույթում` հաշտվելով հետնապահի կարգավիճակին և իրեն մշտապես ենթարկելով այդ ուժային կենտրոնի շահերին ու գերակայություններին զոհաբերվելու ռեալ վտանգին, որը պատմական օրինաչափությամբ նախանշված որոշակի պարբերականությամբ կրկնվող ռազմաքաղաքական իրավիճակներում անխուսափելիորեն վերածվելու է իրականության:
  • Պետության ինքնիշխանության ռեալ խոչընդոտի է վերածվել օտարերկրյա պետության` Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության ստորաբաժանումների (Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի զորամասեր) կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի նախկին ԽՍՀՄ հատվածի պաշտպանության հանգամանքը:
  • Հայաստանի տարածքում գտնվող ռուսաստանյան ռազմակայանն իրականում ապահովում է միայն Ռուսաստանի շահերը և որևէ կերպ միտված չէ Հայաստանի շահերին: Բացի այդ` նույնիսկ ցանկության պարագայում այն իր կառուցվածքի, կազմի և զինվածության ոչ բավարար պարամետրների պատճառով ի վիճակի չէ ապահովելու երկու պետությունների միջև առկա պայմանագրային պարտավորություններով սահմանված իր նախանշանակումը` Ռուսաստանի Դաշնության ռազմավարական շահերի իրացումը և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հետ միասին Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը:
  • ՀԱՊԿ-ի շրջանակներում և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն իրականացվում է Հայաստանի նկատմամբ միակողմանի թելադրանքի տրամաբանությամբ: Հայաստանն ըստ էության չի մասնակցում այդ համագործակցության օրակարգի և ձևաչափի որոշմանը: Որպես արդյունք` ՀԱՊԿ-ի շրջանակներում Վարշավյան պայմանագրի ձևաչափի վերականգնման միտումները սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, իսկ ՆԱՏՕ-ն Հայաստանին վերածում է իր աշխարհաքաղաքական շահերի սպասարկուի:

 

  • Եզրակացություններ
    • Առաջատար պետությունները և ռազմաքաղաքական դաշինքները տիրապետում են 5-րդ սերնդի պատերազմի վարման միջոցներին ու ռազմարվեստին և սահուն կերպով անցում են կատարում դեպի տեղեկութային հակամարտության առանցքի շուրջ վարվող 6-րդ սերնդի պատերազմի միջոցների ու ռազմարվեստի յուրացման և կիրառման փուլ: Դրա հետևանքով նրանց և 4-րդ սերնդի պատերազմի միջոցների ու ռազմարվեստի վրա հիմնված պետությունների, այդ թվում` Հայաստանի, միջև կարող է առաջանալ անհաղթահարելի անջրպետ:
    • Հայաստանի պաշտպանական կազմակերպվածքը հետամնաց, թույլ և ոչ արդյունավետ է անգամ 4-րդ սերնդի պատերազմի չափանիշներով:
    • Հայաստանը, զրկված լինելով 5-րդ սերնդի պատերազմի միջոցներին ու ռազմարվեստին տիրապետող պետությունների ու ռազմաքաղաքական դաշինքների, ինչպես նաև 4-րդ սերնդի պատերազմի համեմատաբար ավելի զարգացած և/կամ ավելի շատ միջոցներ ունեցող պետությունների հավանական հարձակումներից պաշտպանվելու հնարավորությունից, իր պաշտպանական անվտանգության ռազմավարությունը ստիպված է լինում կառուցել որևէ աշխարհաքաղաքական հզոր ուժային կենտրոնի շահերի ու գերակայությունների տիրույթում` հաշտվելով հետնապահի կարգավիճակին և իրեն մշտապես ենթարկելով այդ ուժային կենտրոնի շահերին ու գերակայություններին զոհաբերվելու ռեալ վտանգին:
    • Այս ամենից հետևում է, որ ներկայիս պայմաններում Հայաստանն ի վիճակի չէ լիարժեք կերպով երաշխավորելու իր պաշտպանական անվտանգությունը, և, առավել ևս` պաշտպանական բաղադրիչի մասով ապահովելու Հայաստանի և հայության հեռանկարային ռազմավարական շահերի իրացումն ու նպատակների իրագործումը, ինչպես նաև դրանցից բխող խնդիրների լուծումը:

 

  • Նպատակը
    • Հայաստանի պաշտպանական անվտանգության լիարժեք կերպով երաշխավորման և պաշտպանական բաղադրիչի մասով Հայաստանի ու հայության հեռանկարային ռազմավարական շահերն արտահայտող նպատակների իրագործման և դրանցից բխող խնդիրների լուծման ապահովումը:

 

  • Խնդիրները

          Հիմնական խնդիրը

  • Անհրաժեշտ մակարդակով և տեմպերով 6-րդ սերնդի պատերազմի չափանիշներին հասնելու միտվածությամբ պաշտպանական ներուժի գեներացում ու շարունակական զարգացում:

             Մյուս խնդիրները

  • Հայաստանի ռազմական պարտության բացառում, ինչը ենթադրում է.
  • ՀՀ-ի վրա զինված հարձակման և ՀՀ տարածքում ռազմական գործողությունների վարման հնարավորինս բացառում:
  • ՀՀ-ի վրա զինված հարձակման սպառնալիքի դեպքում նախահարձակ լինելու, նախականխիչ հարվածներ կիրառելու, ՀՀ-ի վրա զինված հարձակման դեպքում ռազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու ու հակառակորդին իր տարածքում խաղաղության հարկադրելու, ինչպես նաև հակառակորդին անդառնալի վնաս հասցնող հարվածներ կիրառելու հնարավորությունների ստեղծում և դրանց հարաճուն զարգացման ապահովում:
    • Զինված հարձակումից Հայաստանի բնակչության, տարածքի և ինքնիշխանության պաշտպանություն, ինչպես նաև նրա պաշտպանական կենսունակության ապահովում, ինչը ենթադրում է.
  • Ժամանակակից նորագույն սպառազինությամբ, տեխնիկայով ու տեխնոլոգիաներով հագեցած և համապատասխան ռազմարվեստին տիրապետող Զինված ուժերի ձևավորում ու դրանց արդյունավետ կիրառման ապահովում:
  • Պետության, ազգի և տարածքի պաշտպանական պատրաստում:
  • Հայաստանի և հայության դեմ ուղղված ոչ զինված գործողությունների (տեղեկութային պատերազմ, կառավարման, տնտեսական, ֆինանսական և այլ համակարգերի դեմ ուղղված գործողություններ) նախականխում, կանխում, կասեցում, չեզոքացում, դրանց հետևանքների վերացում, ինչպես նաև այդ գործողությունների աղբյուրների դեմ պատասխան միջոցների ձեռնարկում:
  • Տեղեկութային պայքարի կարողությունների ու մեխանիզմների գեներացում և դրանց արդյունավետ կիրառման ապահովում:
    • Արդյունավետ պաշտպանական կազմակերպվածքի ձևավորում և դրա գործառման ապահովում, ինչը ենթադրում է.
  • Որակական պարամետրների գերակայության և դրանց հարաճուն զարգացման ապահովում:
  • Կոպիտ ուժի ու մեղմ («խելացի») ուժի օպտիմալ հարաբերակցության ապահովում և դրանց համադրված զարգացում ու կիրառում:
  • Մարդկային գործոնի դերի վերաիմաստավորում և դրա արդյունավետ կիրառման ապահովում:
  • Պաշտպանական կազմակերպվածքում պետության կառավարման մոդելին համապատասխան պաշտպանության իրականացման և պաշտպանության իրականացման ապահովման համակարգերի, Զինված ուժերի հրամանատարական շղթայի և պաշտպանական կազմակերպվածքի ղեկավար շղթայի, որոշումների տարբերակների մշակման, դրանց կայացման ու կատարման համակարգերի գործառութային դերաբաժանում և լիազորությունների որոշակիացում:
  • Ազգային աշխարհընկալման ու շահերի մեկնակետից մարդկային, ազգային, տարածաշրջաային և համաշխարհային գործոնների, այդ թվում` ռազմական թատերաբեմի և ռելիեֆի առանձնահատկությունների հաշվառմամբ պաշտպանական ռազմավարության մշակում և իրականացում:
  • Զինված ուժերում միանձնյա կառավարման և ինքնուրույնության ու ազատության սկզբունքների օպտիմալ հարաբերակցության ապահովում և դրանց համադրված զարգացում ու կիրառում:
  • Պաշտպանության կազմակերպման գործում պետության և նրա այլ ինստիտուտների արդյունավետ ու համակարգված ներգրավում և դրանց հնարավորությունների օպտիմալ և արդյունավետ գործադրում:
  • Զինված ուժերի համալրման, պահեստազորի և մոբիլիզացիոն այլ ռեսուրսների ձևավորման, զարգացման ու գործադրման, պաշտպանական կրթության, կադրերի ընտրազատման ու պաշտոնեական առաջխաղացման համակարգերի ու մեխանիզմների օպտիմալացում և դրանց հնարավորությունների զարգացում;
  • Մարդու կյանքի և արժանապատվության` որպես բարձրագույն արժեքների առաջնահերթ պաշտպանության, իրավունքի ու օրենքի գերակայության և Զինված ուժերի քաղաքական չեզոքության ու դրանց նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ապահովում:
    • Համազգային պաշտպանական ներուժի առավելագույն կարողությունների (բովանդակ զորության) գեներացում և դրա արդյունավետ կիրառման ապահովում, ինչը ենթադրում է.
  • Ազգի և պետության բովանդակ պաշտպանական ներուժի ու ռեսուրսների առավելագույնս մոբիլիզացում, զարգացում և կատարելագործում, դրանց առավելագույն ինքնաբավության ապահովում ու սիներգիկ օգտագործում:
  • Հայրենիքի պաշտպանության և նրա պաշտպանական ներուժի հզորացման գործում առանց սեռի խտրականության ՀՀ բոլոր քաղաքացիների պարտադիր և օտարերկրյա պետությունների քաղաքացի ու քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերի կամավոր մասնակցության ապահովում` սեռի, տարիքի, առողջական վիճակի, հոգեբանական, ֆիզիկական, մասնագիտական որակների ու կարողությունների հաշվառմամբ և օպտիմալ օգտագործմամբ:
    • Ինքնաբավության և արտաքին ներուժի անհրաժեշտ կիրառման ապահովում, ինչը ենթադրում է.
  • Բավարար պաշտպանական ներուժի և կենսունակության ապահովում:
    • Առավելապես Հայաստանի պաշտպանական կազմակերպվածքի միջոցով պաշտպանության նպատակների իրագործում և դրանցից բխող խնդիրների լուծում:
    • Պաշտպանական կարիքների ռազմավարական մասի ապահովում ներքին ուժերի և ռեսուրսների հաշվին:
    • Դաշնակցային և համագործակցային ներուժի անհրաժեշտ ներգրավում ու զարգացում և դրա արդյունավետ կիրառման ապահովում:
    • Առաջատար միջազգային փորձի անհրաժեշտ ներբերում, տեղայնացում և դրա արդյունավետ կիրառման ապահովում:

 

  • Սկզբունքները
    • Մարդու իրավունքների և ժողովրդավարության գերակայություն:
    • Ազգային շահի գերակայություն:
    • Ազգային, աշխարհաքաղաքական և աշխարհագրական առանձնահատկութ-յունների հաշվառում:
    • Որակական գործոնի գերակայություն:
    • Համազգային ներուժի առավելագույն ներգրավում:
    • Արդյունավետություն:
    • Ինքնաբավություն:
    • Անհրաժեշտ համագործակցություն:

 

  • Հիմնական գործողությունները
    • Իրականացնել ՀՀ գործող պաշտպանական կազմակերպվածքի ռազմավարական վերանայում և դրա արդյունքների ու սույն Ռազմավարական հայեցակարգի նպատակների և խնդիրների հաշվառմամբ մշակել Հայաստանի պաշտպանական կազմակերպվածքի հետամնացությունը հաղթահարելու, այն 5-րդ սերնդի պատերազմի մակարդակի հասցնելու (հետագայում սահուն կերպով 6-րդ սերնդի պատերազմի մակարդակին հասցնելու միտվածությամբ) և շարունակաբար կատարելագործելու երկարաժամկետ պլան:

Նշված Պլանին համապատասխան`

  • Մշակել և ընդունել ՀՀ Պաշտպանական ռազմավարություն, Ռազմական ռազմավարություն (Ռազմական դոկտրին) ու այլ անհրաժեշտ ռազմավարական փաստաթղթեր,
  • պաշտպանական ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենքներ և այլ իրավական ակտեր.
  • ձեռնամուխ լինել Պլանի և դրա հիման վրա մշակված ռազմավարական փաստաթղթերի ու իրավական ակտերի պահանջների կատարմանը` ըստ այդմ ճշգրտելով պաշտպանական ոլորտի բոլոր ծրագրերը, պլաններն ու միջոցառումները, առաջին հերթին ուշադրություն դարձնելով պաշտպանական կրթության, պաշտպանական արդյունաբերության և պաշտպանության տեղեկութային բաղադրիչի (տեղեկութային գիտատեխնոլոգիական բազա և ռեսուրսներ, տեղեկութային անվտանգության և պայքարի համակարգեր) զարգացմանը:
    • Ձեռնամուխ լինել ազգային աշխարհընկալման ու արժեքների վրա հիմնված, ազգային-ազատագրական առաքելության գիտակցությամբ և զորային եղբայրության ոգով տոգորված Զինված ուժերի շինարարությանը` առաջին հերթին ըստ այդմ արմատապես վերանայելով համազորային և մարտական կանոնագրքերը:
    • Զինված ուժերը համալրել համընդհանուր զորակոչի, պայմանագրային ծառայության և միլիցիոնային բանակի սկզբունքների օպտիմալ հարաբերակցության որոշման ու դրանց համադրված կիրառման հիման վրա` պրոֆեսիոնալ ստորաբաժանումների ձևավորմանը զուգահեռ կրճատելով զորակոչի հիման վրա իրականացվող պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մինչև 1 տարի, այդպիսի ծառայությունը վերածելով մարտական պատրաստման գործընթացի (միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում այդ կոնտինգենտին ներգրավելով մարտական առաջադրանքների կատարման մեջ):
    • Մշակել և իրականացնել ազգային ընտրախավի մեծ մասին և հատկապես` հատուկ օժտված անձանց պաշտպանական կազմակերպվածքում, հիմնականում` Զինված ուժերում ներգրավելու, մտավորական սպայի կերպար ձևավորելու քաղաքականություն:
    • Ստեղծել կանանց զինվորական ծառայության համար անհրաժեշտ պայմաններ:
    • Մինչև ուսման ավարտը բացառել հատուկ օժտված երիտասարդների և աղջիկների զորակոչը:
    • Մշակել պաշտպանական արդյունաբերության և տեղեկութային անվտանգության ու պայքարի համակարգերի զարգացման և/կամ օտարերկրյա աղբյուրներից դրանց ձեռքբերման, ինչպես նաև համատեղ արտադրության ծրագրեր և ձեռնամուխ լինել դրանց կատարմանը:
    • Վերանայել Զինված ուժերի կառուցվածքը. զորատեսակների և միավորումների հրամանատարությունները տարանջատել Զինված ուժերի գլխավոր շտաբից և դրանց միավորմամբ ստեղծել Զինված ուժերի կառավարման օպերատիվ կենտրոն, Զինված ուժերի գլխավոր շտաբը վերածել մտքային-խորհրդատվական և մոնիտորինգային մարմնի, ինչպես նաև անցնել բրիգադային համակարգի:
    • Ստեղծել տարածքային պաշտպանության համակարգ և ռազմական սպառնալիքներին համապատասխան ժամանակակից պարամետրներով սարքավորել ՀՀ տարածքը, ինչպես նաև զարգացնել ոչ համաչափ, այդ թվում` ցանցային պատերազմի կարողություններ:
    • Ստեղծել կիբեռանվտանգության և կիբեռ պատերազմի հատուկ նշանակության ուժեր:
    • Ձևավորել և գործադրել Զինված ուժերի բոլոր կազմերի զինծառայողներին (շարքայինից մինչև բարձրագույն) իրենց իրավասություններին համապատասխան որոշումների կայացման և կատարման գործընթացներում առավելագույնս ներգրավելու, ինքնուրույն մտածելու և ազատորեն գործելու հնարավորություններ և մեխանիզմներ:
    • Հիմնովին վերանայել Զինված ուժերի կենցաղի ու առօրյա գործունեության կազմակերպումը, մասնավորապես` վերացնելով մարդուն, հատկապես շարքային կազմի ներկայացուցիչներին ռեսուրսի վերածող, նրանց անհատականությունից, մարդկային սոցիալիզացման բնականոն հնարավորությունից ու միջավայրից ի սկզբանե զրկող զորանոցային համակարգը և ընտանիքի մոդելով ստեղծել զինծառայողների կացարաններ` ըստ այդմ կազմակերպելով նրանց կենցաղը:
    • Սահմանապահ գործառույթը փոխանցել Զինված ուժերին և սահմանապահ զորքերը ներառել Զինված ուժերի կազմում:
    • Վերացնել Ոստիկանության զորքերը` դրանց գործառույթները վերապահելով Ոստիկանության պրոֆեսիոնալ ստորաբաժանումներին:
    • Վերացնել ռազմական արդարադատության անհարկի գոյություն ունեցող տարրերը` զինվորական դատախազությունը ու ռազմական ոստիկանությունը, որպես իրական գործառույթներով չծանրաբեռնված և ըստ այդմ` կոռուպցիոն ռիսկի աղբյուր դարձած մարմիններ, իսկ զինվորական հանցագործությունների գործերով մինչդատական վարույթն իրականացնել ընդհանուր իրավապահ համակարգի միջոցով:
    • Ստեղծել Զինված ուժերի պարեկա-պահակային ծառայություն` զինվորական կարգապահության ապահովման նպատակով:
    • Կազմակերպել և իրականացնել պաշտպանությանը հասարակության համընդհանուր պատրաստում` համապատասխան մշակույթի գեներացմանը համընթաց բոլոր չափահաս քաղաքացիներին փուլ առ փուլ զենք կրելու իրավունքի տրմամբ և զենքի հատկացմամբ: Այդ գործընթացում կամավոր սկզբունքներով հնարավոր մասով ներգրավել արտերկրում բնակվող հայերին:
    • Ձևավորել և կիրառել դպրոցականների, նախազորակոչային տարիքի պատանիների ու աղջիկների հայրենասիրական դաստիարակության, Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստման գործուն համակարգեր: Այդ գործընթացում հնարավոր մասով ներգրավել արտերկրաբնակ հայերին:
    • Ձեռնամուխ լինել ժամանակակից միջազգային պարամետրների ու ազգային առանձնահատկությունների հաշվառմամբ պաշտպանական գիտության ու կրթության և կադրերի ընտրազատման ու առաջխաղացման համալիր համակարգի ստեղծմանը` այն վերածելով երկրի նույնաբնույթ համակարգի օրգանական բաղադրիչի:
    • Վերանայել օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ՀՀ Զինված ուժերի համար կադրերի պատրաստման քաղաքականությունը` այդ տարբերակով կադրեր պատրաստելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
    • Վերանայել պաշտպանական ոլորտում ՀՀ համապատասխան միջազգային պարտավորությունները, այդ թվում`
  • դադարեցնել անդամությունը ՀԱՊԿ-ին և նրա հետ համագործակցել երկկողմ ձևաչափով,
  • վերանայել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ձևաչափը,
  • դադարեցնել կամ կասեցնել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը,
  • դադարեցնել Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ ուժերի առկայության վերաբերյալ միջազգային պայմանագրերի գործողությունը և այդ ուժերը դուրս բերել Հայաստանի տարածքից,
  • դիտարկել Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի պահպանման նպատակահարմարությունը և դրական որոշման դեպքում վերանայել դրա նպատակները, խնդիրները, կազմը, կառուցվածքը և տեղակայման պայմանները:

Ռազմավարական հայեցակարգի «Պաշտպանական» ոլորտ

Վարուժան Ավետիսյանը և Ժիրայր Սեֆիլյանը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ներկայացնում են ՀՀ (Արցախը ներառյալ) պաշտպանական կազմակերպվածքը Հայաստանի ու հայության գոյության և զարգացման, ինչպես նաև նրանց նպատակների իրագործման երաշխիքի վերածելու ռազմավարական ծրագիրը:

Նոր որակի հայկական պետության պաշտպանական ոլորտը

Նոր որակի հայկական պետության պաշտպանական ոլորտը. Հարց ու պատասխան

Word ձևաչափ՝ ՌՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ
Ppt ձևաչափ՝ ՌՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ