Request

Պահանջատիրական ոլորտ

  • Հայ ժողովրդի տարածքային և հարակից իրավունքների առումով Թուրքիայի և այլ հաշվետու պետությունների նկատմամբ Հայաստանի և հայության մոտեցումների համատեքստը և գործողությունները.
    • Հայ ազգի գերագույն նպատակը շարունակում է մնալ վերստին իր պատմական հայրենիքում` Հայկական Բարձրավանդակում համախմբվելը, այդ տարածքում ազատորեն ինքնորոշվելով հայկական պետականության հաստատումը և մարդու ու ազգի համար ազատության պայմաններում ստեղծագործ կենսագործունեություն ծավալելը: Այս գերագույն նպատակի իրականացումը` իր պատմական իրավունքներին վերատիրացումը, Հայ ժողովրդի անօտարելի իրավունքն է:
    • Այս իմաստով նաև հայության անօտարելի իրավունքների վերահաստատման հետ կապված բոլոր հարցերը, այդ թվում` Արցախի հարցը, մեկ ամբողջություն են և, ի թիվս այլ պատճառների, առաջին հերթին հետևանք են մի քանի դար շարունակ հայության նկատմամբ նրա հայրենիքում իրականացված մեթոդական ցեղասպանության: ՈՒստի այս հարցերը պետք է լուծվեն հայության անօտարելի իրավունքների վերականգնման և ցեղասպանության հետևանքների վերացման համատեքստում, որտեղ միջազգային իրավունքը պետք է ընկալվի ու կիրառվի որպես մարդասիրության և արդարության ունիվերսալ գործիք:
    • Գոյություն ունի մեկ Հայաստան` համայն հայ ժողովրդի հայրենիքը: Իրարահաջորդ կայսերական նվաճումների հետևանքով հայության միասնական հայրենիք Հայաստանը բաժանվել է արևելյան և արևմնտյան հատվածների, սակայն չեն եղել և չեն կարող լինել «արևելահայերի հայրենիք», «Արևելյան Հայաստան» և «արևմտահայերի հայրենիք», «Արևմտյան Հայաստան» հասկացություններ: Հայաստանի գրավված և հայաթափված արևմտյան հատվածի` Արևմտահայաստանի հարցի լուծումը ամենայն հավանականությամբ կպահանջի ռազմավարական և մարտավարական յուրահատուկ մոտեցումներ, սակայն երբեք` Հայրենիքի և ազգի ամբողջականության կամ միասնականության հաշվին:
    • Այդ գերագույն նպատակին հասնելու համար անհրաժեշտ է նյութական և հոգևոր արժեքների ու ռեսուրսների ծրագրավորում  և  ուղղորդում:
    • Հայությունը գիտակցում է, որ ցանկացած քաղաքական նպատակի կամ խնդրի իրականացման հավանականությունը կախված է ներքին և արտաքին պայմաններից, պատմական պահի ընձեռած հնարավորություններից, ուժերի հարաբերակցությունից և այլն: Ներկա պատմական իրավիճակում նշյալ առումների գնահատմամբ հարկ է փաստել, որ հայ ժողովրդի իրավունքների ամբողջական վերատիրացումը հեռամետ ռազմավարական նպատակ է: Ուստի այն հնարավոր է իրականացնել տևական պատմական ժամանակահատվածում համազգային ջանքերի միասնական գործադրմամբ` փուլ առ փուլ` հարգելով ու պահպանելով այդ տարածքներում բնակվող այլ ժողովուրդների ներկայացուցիչների իրավունքներն ու շահերը:
    • Ներկայումս, հայ ժողովուրդն իր պետությունն է հաստատել պատմական հայրենիքի հայաբնակ մնացած այս փոքր հատվածի վրա: Հայրենի տարածքի, ժողովրդի և պետության այս փոքր ամբողջությունը հայ ժողովրդի կենսագործունեության ներկա պայմաններում ունի բացարձակ արժեք և անփոխարինելի նշանակություն: Գերագույն նպատակի հետապնդման ճանապարհին հայ ժողովուրդն ու հայկական առկա պետությունը չպետք է դիմեն այնպիսի քայլերի, որոնք կարող են սպառնալիք հարուցել այսօրվա ապրող հայրենիքի և պետության անվտանգության համար: Նման քայլերը ոչ միայն կվտանգեն ներկա Հայաստանին, այլև կհարվածեն գերագույն նպատակի իրականացման հնարավորություններին: Հայկական ներկա պետության կայացումն ու հզորացումը ոչ միայն ինքնըստինքյան նպատակ է, այլև գերագույն նպատակի իրականացման համար անշրջանցելի անհրաժեշտություն:
    • Ներկայումս համայն հայության (թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում) առաջնային և անշրջանցելի պարտականությունն է ներկա Հայաստանում ապահովել անցնող երկու տասնամյակների ընթացքում իրար հաջորդած վարչախմբերի վարած քաղաքականության աղետալի հետևանքների հաղթահարումը, ազգային և մարդկային արժեքների, արդարության և օրինականության վրա հիմնված պետականության ու առողջ հասարակության հաստատումն ու կայացումը: Հայ ժողովրդին հուզող մյուս բոլոր, ներառյալ պատմական իրավունքների վերատիրացման խնդիրների, լուծումը, կախյալ է այս հրատապ հարցի բարվոք լուծումից:
    • Եթե չի կարելի հանուն պահանջատիրության անտեսել պետական շահերը, դրանով վնասելով թե՛ մեկին և թե՛ մյուսին, նույնքան չի կարելի առկա պետության շահերի պաշտպանության ճանապարհին, կամ այդ շահերի իրացման պատրվակով, դիմել այնպիսի քայլերի, որոնք գերագույն նպատակի առումով զիջումներ են ենթադրում: Այդ նպատակից բացահայտ կամ փաստացի հրաժարումը պետք է սկզբունքորեն համարվի անթույլատրելի:
    • Բացի հարցի սկզբունքայնությունից, Թուրքիայի նկատմամբ հաշտվողական/պարտվողական քաղաքականությունը հակասում է ներկա հայկական պետության անվտանգությանը և շահերին:
    • Հայկական պետության կողմից Թուրքիայի և պահանջատիրության առումով հաշվետու այլ երկրների նկատմամբ արկածախնդրական և անհաշվենկատ քայլերից խուսափելու հրամայականը չի նշանակում, որ արտերկրահայությունը ևս պարտավոր է ցուցաբերել միևնույն զգուշավորությունը: Հայկական պետությունը և արտերկրահայությունը պետք է մշակեն և իրականացնեն տարբեր դերակատարումներով ներդաշնակ ռազմավարություն:
    • Հայկական պետության կողմից հաշվենկատ մոտեցման հրամայականը չի նշանակում, որ Հայաստան պետությունը, ողջամտության սահմաններում, հարմար պահին և միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունների կիրառմամբ պետք է հանդես չգա համապատասխան նախաձեռնություններով: Հայկական պետությունը առանձին կամ արտերկրահայության համապատասխան կառույցների հետ համակարգված ձևով, կարող է`
  • միջազգային իրավունքի շրջանակներում` պատշաճ պահին արծարծել Վիլսոնյան իրավարար վճիռը և/կամ հայց ներկայացնել Հաագայի միջազգային դատարան,
  • միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան մշակել և վարել Թուրքիայի ու պահանջատիրության առումով հաշվետու այլ երկրների տարածքում հայ ժողովրդի ազգային ու մշակութային ժառանգության պահպանման և ամբողջ աշխարհին դրա պատշաճ ներկայացման քաղաքականություն,
  • բոլոր հնարավոր ձևերով, ձևաչափերով ու մակարդակներով ձգտել համագործակցելու բոլոր շահագրգիռ ուժերի (պետություններ, կազմակերպություններ, ուժային կենտրոններ, ոչ պետական վերազգային և ազգային տարաբնույթ կազմակերպություններ և այլն) հետ` Թուրքիայի և պահանջատիրության առումով հաշվետու այլ երկրների տարածքում ինչպես հայ, այնպես էլ մյուս ազգերի ոտնահարված իրավունքների վերականգման և նրանց ազգային ու մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ,
  • հետամուտ լինել Արևմտահայաստանում մնացած կամ արտագաղթած ծպտյալ և կրոնափոխ հայերի մասին իրական տվյալների ձեռքբերման և ներուժի գնահատմանը,
  • ակտիվ դերակատարություն ունենալ բնիկ ժողովուրդների իրավունքների հետապնդմանն ու կազմակերպանը` ինչպես հարևան, այնպես էլ այլ պետություններում,
  • միջազգային իրավական հնարավորությունների  իրագործումը ծրագրավորել   ամբողջ աշխարհում (սեփականության  պաշտպանության, մարդու իրավունքների, կրոնական իրավունքների, մշակույթային իրավունքների, ռազմական հավասարակշռության,   նոր պետական խմբավորումների  կանոնակարգման  և այլն  ոլորտներում),
  • առավել վտանգված համայնքների կարգավիճակ ձևավորել համահայկական և համաշխարհային մարդասիրական համակարգում,
  • Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում` գլխավոր նպատակ համարել կատարվածի` Թուրքիայի կողմից ճանաչումն ու պատասխանատվություն կրելու պատրաստակամության ստանձնումը,
  • այդ հարցում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ առնչություններում`
  • խնդիրը ներկայացնել որպես մարդկության դեմ կատարված ոճրի նկատմամբ դիրքորոշվելու պարտավորություն,
  • ցեղասպանության փաստը չճանաչողներին և չդատապարտողներին դնել մարդասիրական արժեհամակարգ չունեցող պետություններ համարվելու պատասխանատվության առջև,
    • սոսկ ճանաչումը համարել անբավարար և շեշտել դատապարտման անհրաժեշտությունը,
  • ճանաչման և դատապարտման գաղափարը չֆետիշացնել և ինքնանպատակ չդարձնել,
  • զգուշանալ հայոց ցեղասպանության և ընդհանրապես հայկական հարցերը տերությունների կողմից այլ նպատակների համար որպես խաղաթուղթ օգտագործելուց և պայքարել նման միտումների դեմ,
  • ճանաչել և դատապարտել այլ ժողովուրդների ցեղասպանությունները, նպաստել այլ պետությունների կողմից նույնն անելու գործընթացին,
  • պետական և հասարակական մակարդակներով ողջունել և քաջալերել կապերի հաստատումը թուրքական հասարակության համեմատաբար առաջադեմ և առողջ ներկայացուցիչների հետ` մշտապես առաջ մղելով այն միտքը, որ նրանք որպես ժողովրդավար, առաջադեմ, ազատամիտ կարող են համարվել միայն ժամանակ, երբ բացահայտորեն կճանաչեն հայոց ցեղասպանության փաստը և դրա հետևանքները հաղթահարելու անհրաժեշտությունը:
    • Այս ամենի հաշվառմամբ և մերժելով այլատյացության սերմանումը` իրավատիրության ու պահանջատիրության առումով հայկազուն նոր սերունդներին պետք է դաստիարակել պատմական ճշմարտության, գիտակցության, արդարության և արժանապատվության սկզբունքների հիման վրա:

Ռազմավարական հայեցակարգի «Պահանջատիրական ոլորտ»

 

Մարտի 18-ին տեղի ունեցավ հանրային քննարկում-ներկայացում «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Համազգային հարցերի Պահանջատիրություն և Հայաստան-սփյուռք ենթաոլորտները» թեմայով:

Բանախոս՝ Ալեք Ենիգոմշյան

Միջոցառումը նվիրված է Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման Ռազմավարական հայեցակարգի նախագծի հանրային ներկայացման և քննարկումների շարքի հերթական Համազգային հարցերի ոլորտին։

Word ձևաչափ՝ Համազգային հարցեր. Պահանջատիրական ոլորտ