Social

Ռազմավարական հայեցակարգը սոցիալ-մշակութային ոլորտում

 

  • Ոլորտում տիրող իրավիճակը

 

Համաշխարհային համատեքստը

  • Քաղաքակրթական ներկայիս ճգնաժամը և դրա համատեքստում տեղի ունեցող սրընթաց ու արմատական փոփոխությունները` իրենց դրսևորման կերպերի ու զարգացման հնարավոր սցենարների բարդությամբ ու բազմազանությամբ, արտացոլվում են նաև սոցիալ-մշակութային ոլորտում:
  • Այս ոլորտի հիմնական առանձնահատկությունը համաշխարհայնացումն է և դրա պայմաններում տնտեսական նոր լծակների, մասնավորապես` մտավոր սեփականության լայնամասշտաբ շահագործումը, ինչպես նաև կապիտալի կողմից այդ նոր լծակներն իր վերահսկողության տակ պահելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Այդ քայլերը հանգեցրել են կապիտալի շուկայում մշակութային մտավոր սեփականության սեկտորի առաջացմանը և դրա կարևորության աճմանը:
  • Ստեղծված իրավիճակը ձևավորում է աշխարհագրական առումով ծայրահեղորեն անհավասարաչափ զարգացող, անգամ բևեռացված համաշխարհային տնտեսություն և համապատասխանաբար` մշակութային իրավունքների, այդ թվում` մշակութային բարիքների մատչելիության բևեռացում:
  • Սա, մասնավորապես, բազմապատիկ անգամ ուժեղացնում է գոյություն ունեցող մշակութային խզվածքը և հանգեցնում այսպես կոչված բարձր և զանգվածային մշակույթների, ինչպես նաև բարձր և ցածր տեխնոլոգիական մշակույթների տրոհման: Համաշխարհայնացման ընթացքը հանգեցնում է տվյալ միտման նոր որակի, երբ ամբողջ երկրագունդը «հագնում» է բարձր և զանգվածային մշակույթների երկշերտ` «սոխակերպ» պատմուճան: Սոցիալ-տնտեսական զարգացման աշխարհագրական անհավասարությունը հանգեցնում է նաև մեկ այլ երևույթի` մշակութային ավանդական ինքնությունների սփյուռքացման, որի պարագայում երկրագունդն արդեն «հագնում» է էթնիկ բնույթի բազմաշերտ, նույնպես «սոխակերպ» մշակույթային պատմուճան:
  • Վերոհիշյալը մի կողմից հանգեցնում է մշակութային համահարթեցման, ինքնությունների և ավանդույթների զանգվածային ոչնչացման և կորստյան, որն ուղեկցվում է քայքայման գործընթացներին հատուկ մշակութային ձևախեղմամբ ու այլասերվածությամբ, իսկ մյուս կողմից` պարադոքսալ կերպով հող է նախապատրասում ինչպես մտավոր սեփականության հանրայնացման նոր ձևերի, այնպես էլ մշակութային համակեցության նոր որակի (սիմբիոզ) ստեղծման համար:
  • Հնարավոր են դառնում ինքնությունների և ավանդույթների թռիչքային նորացումներ (գլոկալականացում) (օրինակ մաորի ինքնությունը Նոր Զելանդիայում, արդիականացումը Սինգապուրում և այլն): Զուգահեռաբար տեղի են ունենում ավանդական ինքնությունների քարացում և լուսանցքայնացում (օրինակ` ԱՄՆ-ում հնդկացիական կամ մոլոկան համայքների պարագան):
  • Տե­ղե­կութային և հաղորդակցային արդի տեխ­­նոլոգիաները ստեղ­ծում են մշակույթների լայն փոխ­ազ­դե­ցու­­­թյան աննախադեպ հնարավորություններ` բազմապատկելով նաև դրա ինտենսիվությունը, ինչին անկարող են դի­մա­կա­յել սո­ցիալապես և տնտեսապես թույլ երկրները: Այս ամենի հետևանքով խախտվում է մշակույթի զարգացման ցիկլային միավորի (համամարդկային հոգևոր և նյութական մշակութային արժեքները հիմ­ն­վում են ազգային մշակութային բարձրագույն արժեքների վրա և դրանք ամբողջացնելով` հետադարձ կապի միջոցով նպաս­­տում են ազգայինի զարգացմանը) համակարգը, ինպես նաև լուրջ սպառնալիք է ստեղծվում մշակութային բազ­մա­զա­­նության համար, որը փաստորեն զոհաբերվում է համաշխարհայնացած քաղաքակրթության ձևավորման շահերին:
  • Ազգային մշակութային գործոնն անտեսելու մոտեցումը կհանգեցնի ոչ միայն ազգայինի կորստին, այլև բազմամշակութային հա­­մաշխարհայինի բնականոն զարգացման խաթարմանը: Այս գործընթացը տեղի է ունենում կենսագործունեության գրեթե բոլոր բնա­գավառներում առկա համակարգային ճգնաժամի պայմաններում:
  • Մյուս կողմից` աշխարհում հետզհետե զգալի է դառնում էթնիկական քաղաքականության` որպես տի­րապետող տեսակի վերածվելու միտումը` դառնալով համաշխարհայնացման երևույթների հետ ընդ­հարումների ու հակամարտությունների և ամբողջատիրական կառավարման նոր ձևերի հնարավոր վերադարձի հիմք, ինչը մարդկությունից կպահանջի միջազգային, ներազ­գա­յին և այլ սոցիալական հարաբերությունների տիրույթներում գտնել մարդկության ար­ժե­քա­յին նոր համակարգի ուրվագիծը որոնելու և ձևավորելու կարողություն:

 

Հայկական տիրույթը

  • Հայ ազգի` որպես օրգանական ամբողջության քաղաքական կազմակերպվածքի և դրա միջուկ պետության դարավոր անգոյությունը հանգեցրել է նրա սուբյեկտայնության նվազարկման, ինչի պատճառով ներկայիս հայը դժվարությամբ է ընկալում, հաճախ` ուղղակի չի ընկալում իր պետականության նավն ունենալու և այն իր նախաձեռնությամբ, կամքով ու գիտակցությամբ վարելու կենսական և այլընտրանք չունեցող անհրաժեշտությունը:
  • Խախտվել է ազգային աշխարհընկալման և արժեքների վրա հիմնված համապարփակ ու ներդաշնակ սոցիալ-մշակութային համակարգի ամբողջականությունը. այսօրվա իրողության մեջ դրա շատ բաղադրիչներ վերացման եզրին են և/կամ օտար գործոնների ազդեցությամբ կերպափոխվել են անճանաչելիության աստիճանի:
  • Օտար տիրապետությունների կողմից դարեր շարունակ ինտենսիվ կերպով վարվող ֆիզիկական ոչնչացման, տեղահանման, ուծացման, ազգային վերնախավի բնաջնջման, ազգային մշակույթի, նրա ժառանգության և պատմական հիշողության ոչնչացման և/կամ յուրացման ու եղծման, ավանդույթների բովանդակային խեղաթյուրման և տարատեսակ այլ ճնշումների քաղաքականությունը, որի բարձրակետը եղավ 1915 թ. ու հետագա տարիներին Օսմանյան Թուրքիայի կողմից իր տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի հայ բնակչության զանգվածային ցեղասպանության իրականացումը և նրան իր հայրենի բնօրրանի տարածքի մեծագույն մասի վրա ապրելու հնարավորությունից զրկումը, օտար երկրներ գաղթած հայությանը դրեց այդ երկրների մշակութային համակարգերի մեջ ձուլվելու և ինքնությունը կորցնելու ռեալ սպառնալիքին ենթակա վիճակի մեջ: Կատարվածն էապես դժվարացրեց համազգային, այդ թվում` մշակութային ռազմավարական խնդիրներ առաջադրելու և դրանք լուծելու, սպառնալիքներին ու մարտահրավերներին ազգովի համարժեք պատասխանելու հնարավորությունները:
  • Նշված երկու հանգամանքները էլ ավելի նպաստեցին ազգի հոգեբանության մեջ այն մտայնության արմատավորմանը, որ պետությունն ու օրենքը օտարի ձեռքին իր նկատմամբ ճնշման միջոցներ են, ուստի անհրաժեշտ է կամ որպես հայ ապրել ու գործել դրանց դեմ կամ ինքնությունը կորցնելու հաշվին համարկվել /ինտեգրվել/ օտար պետության և օրենքի տիրույթում:
  • Ցեղասպանության և այլ պատճառներով առաջացած աշխարհասփյուռ հայության ցանցային համակարգը, որն առաջիններից է աշխարհում և ցանցային սկզբունքով ձևավորվող ու գործող արդի աշխարհի պայմաններում կարող էր չարիքից վերածվել բարիքի և դառնալ հայության ռազմավարական շահերի իրացման, այդ թվում` նրա անօտարելի իրավունքների վերականգնման ունիվերսալ համակարգ, ազգային-պետական միջուկի ոչ բավարար կարողության պատճառով դեռևս չի կայացել:
  • Քաղաքական կազմակերպվածքի ու պետության անգոյության պայմաններում ազգի ինքնությունը պահպանող հաջորդ կառուցվածքային բաղադրիչը` համայնքը, նախկին ԽՍՀՄ-ի կազմում գտնվող Խորհրդային Հայաստանի, ինչպես նաև այլ խորհրդային հանրապետությունների հայության ներսում գրեթե ամբողջությամբ քայքայվեց խորհրդային ամբողջատիրության ազդեցությամբ: Մնացած հայության ներսում յուրային տարածքում համայնքներով ապրելու կենսակերպից օտար երկրներում գաղթօջախային համայնքներով ապրելու կենսակերպին անցնելու պատճառով աղավաղվեց համայնքի ներքին կերպն ու բովանդակությունը` ապագայում միասնական քաղաքական կազմակերպվածքի մեջ վերարտադրվելուն միտված վիճակից հետզհետե անցնելով պարզ ինքնապահպանման իներցիային և այս կամ այն արագությամբ անխուսափելի ուծացման:
  • Հայկական ընտանիքը, մնալով որպես ազգային օրգանիզմի` ինքնության պահպանման պարտականությունը կրող միակ ու վերջին կառուցվածքային բաղադրիչ, ստիպված իր վրա վերցրեց շատ ավելի բարդ բաղադրիչների` համայնքի ու պետության գործառույթները` օբյեկտիվորեն ըստ այդմ խեղելով ու մինիմիզացնելով դրանց մշակութային ընկալումները: Այս, ինչպես նաև իր ինքնության համակարգից չբխող և դրա պահպանումը չերաշխավորող, հաճախ` նույնիսկ վնասող օտար պետությունների տիրապետության տակ ապրելու հանգամանքները հայության շրջանում թուլացրեցին ազգային ինքնության միջուկով քաղաքական կազմակերպվածք և պետություն ունենալու կենսական անհրաժեշտության ու դրա հնարավորության գիտակցությունը: Որպես հետևանք` արմատավորվեցին արտաքին քաղաքական կողմնորոշման մտածելակերպի, իսկ հայության որոշ շերտերում` անգամ պետականամերժության ու հանրային առումով անհամարկելիության միտումներ:
  • Նշված պատճառով, ինչպես նաև օտար քաղաքական, իրավական ու կառավարման մշակույթի հենքի վրա կառուցված լինելու հետևանքով 1990 թ. անկախության հռչակումից ի վեր Հայաստանի պետական կառավարման համակարգը ձևավորվեց որպես օտարի տիրապետության գործիք, իսկ ժողովուրդը նախկինի իներցիայով շարունակեց մերժել այն` ըստ համապատասխան իրավիճակների դրսևորելով դարերի ընթացքում արմատավորված վարքագիծ ու ներքուստ ինքնօտարվելով պետական և հանրային կյանքից:
  • Պաշտոնապես մատուցվող աշխարհընկալման այժմեական դրսևորումները, մասնավորապես` նեոլիբերալիզմը, հայության միջավայրում հանգեցնում է գաղութայնացման նորագույն ձևերի և ծայրահեղ բևեռացվածության, միաժամանակ ահագնացնելով սպառողականությունն ու լուսանցքայնացումը:
  • Այս ամենի հետևանքով վտանգված է արդեն ազգային ինքնության պահպանման վերջին կռվանը` ընտանիքը, ինչին նպաստում է նաև համաշխարհայնացման ազդեցությամբ տեղի ունեցող հանրության ատոմիզացումը:
  • Սոցիալական նորմերի, դերերի, փոխհարաբերությունների և վերահսկողական ու սոցիալականացման կանոնավորման/ռեգուլացիայի մեխանիզմների իմաստով աղավաղված ու վտանգված է նաև հայ մարդու` որպես համամարդկային առումով անհատի և ինքնության մարդկային որակը, մարդու գործոնի դերը` ինչը, բացի մարդ-պետություն չափումից, դրսևորվում է նաև մարդ-տիեզերք, մարդ-ազգ, մարդ-հասարակություն, մարդ-համայնք, մարդ-ընտանիք, մարդ-մարդ, ինչպես նաև կին-տղամարդ, երեխա-ծնող, երիտասարդ-տարեց և այլ չափումներում:
  • Հայաստանի քաղաքական համակարգի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր թևերը ներկայացնող ուժերի մեծ մասը միտված են մեր կենսական կարևորության հարցերի լուծումները պարզունակ կերպով արևմտյան քաղաքակրթության տիրույթում որոնելուն, իսկ ներքաղաքական վեճերը դրան սպասարկող կա­ռույց­նե­րի դատին հանձնելուն: Հայաստանի այս իրավիճակային կառավարիչների համար մշա­կույ­թը երկրորդական է, ուստի, ինչպես մարդը, հայրենի բնությունն ու նրա հարստությունը, ստո­րա­դասվում է տնտեսական շահերին:
  • Անտեսվում են Հա­յաս­տա­նի` որպես մարդկության քաղաքակրթական բնօրրան լինելու փաստը, հայի` որպես արարող և ինքնակատարելագործվող մարդու ներդաշնակ մշա­կույթը, այդ մշակույթի հիմքի վրա ու դրա միջոցով հասարակական և պետական կյանքը լավագույնս կազ­մակերպելու բացառիկ հնարավորությունը: Որևէ համակարգային ջանք չի գործադրվում հայկական մշակույթը անհատի և ազգի հոգևոր-մշակութային պահանջները բա­վա­րա­րող գործոն դարձնելու, հայի ինքնությունը, նրա մշակույթային հո­գևոր և նյութական հարուստ ժառանգությունը պահպանելու և զարգացնելու ուղղությամբ:
  • Պետության սոցիալ-մշակութային քաղաքականությունն ուղղված է համշախարհայնացման միտումներին համապատասխանող ցածրարժեք, ստանդարտ մշակութային արտադրանքի զարգացման և տարածման գործին, մինչդեռ արարիչ և ինքնակատարելագործվող մարդու և մարդկային հանրության բարձր մշակույթը գիտակցաբար մղվում է հետին պլան, ինչի հետևանքով չի իրացվում մշակութային ժառանգությունը, չկան մշակույթի ճյուղերի պահպանման, զարգացման, մշակութային գործունեության և մշակութային ապրանքների ու ծառայությունների ստեղ­ծման, արտադրության, տարածման, մատուցման և բաշխման, ինչպես նաև դրանց մատ­չե­լիու­թյան ապահովման բավարար պայմաններ:
  • Հայաստանում հաստատված նորգաղութային կառավարման համակարգը շահարկում, արժեզրկում ու վարկաբեկում է ազգային կարգախոսներն ու խորհրդանիշները` իր հակազգային բնույթը թաքցնելու, ինչպես նաև դրանք իր առօրեական շահերին ծառայեցնելու նպատակներով: Մասնավորապես` հայաստանյան վարչախմբի շահերը ներկայացնող ձեռնածուների սեփականության ներքո գտնվող հեռուստաալիքների միջոցով ժողովրդի գիտակցության մեջ նպատակադիր կերպով ներմուծվում են դաժանության ու խաբեբայության, բռնության ու ստի, չարի ու ստրկամտության տարրեր, որոնք կոչված են խեղաթյուրելու և ապականելու ազգային արժեհամակարգն ու բարոյական նկարագիրը` ազգին վերահսկելի ու հնազանդ զանգվածի վերածելու համար: Ընդսմին, այս ծրագիրը սովորաբար իրականացվում է ամպագոռգոռ ու կեղծ ազգայնականության դիմակներով, որպեսզի հատկապես երիտասարդ սերունդը չնկատի այլասերող արժեքների ներխուժումը արտաքուստ հայկական անվանում ունեցող երեւույթների ու գործիչների կատարմամբ: Ի լրումն այս ամենի` կիրառվում է վարչախմբի հանցագործություններն ու ապիկարությունը որպես «ազգային ու հայրենասիրական», իսկ հասարակության կողմից դրանց դեմ ընդվզումը` «օտարամետ» կամ «թշնամու ջրաղացին ջուր լցնող» ներկայացնելու քարոզչական հնարքը:
  • Սոցիալ-մշակութային պրոբլեմները էապես բարդանում և նոր բացասական շերտեր են ձեռք բերում բնակչության սոցիալական ապահովման, պարենային հարցի, ինչպես նաև բնակչության հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման բնագավառներում աղետալի վիճակի պատճառով: Դրանց գումարային ազդեցությամբ ձևավորվում է մարդու բնական և բանական կենսագործունեության իրականացումը խոչընդոտող ու խափանող` ֆիզիկական ու հոգևոր առումներով հիվանդ ապրելակերպ, որի վերջնական արմատավորումը հանգեցնելու է մարդու և ազգի վերջնական դեգրադացիայի:
  • Տագնապալի են Հայաստանի բնակչության հոգեկան և ֆիզիկական առողջության ու կյանքի որակի պարամետրները: Առողջ կենսակերպը չի խրախուսվում: Ավելին` երբեմն բացահայտ, իսկ հաճախ` անուղղակի և ծածուկ կերպերով քարոզվում են առողջությունը քայքայող կենսակերպ ու սովորություններ: Երկիրը ծխողների, հատկապես մոլի ծխողների քանակով աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում, կտրուկ աճել է հարբեցողությունը, թմրամոլությունը: Հատկապես տագնապալի է այդ երևույթների դրսևորումը ավանդաբար նման սովորույթներից զերծ մնացող հայ կանանց շրջանում:
  • Հայկական մշակույթից շեղված ու որոշակիորեն աղավաղված են տղամարդու և կնոջ սոցիալական դերերը, մասամբ` նաև հայրության և մայրության կարգավիճակները, ինչպես նաև տղամարդու և կնոջ հարաբերությունները: Որպես հետևանք` որոշակիորեն կորսվել է կնոջ նկատմամբ ընտանիքում և հասարակական կյանքում բոլոր առումներով առանձնահատուկ սիրո, հարգանքի և դրական վերաբերմունքի, նրա ֆիզիոլոգիական յուրահատկություններով պայմանավորված հավելյալ կարիքները հաշվի առնելու և հոգալու ավանդույթը: Դրա փոխարեն կնոջ նկատմամբ արմատավորված վերապահ ու կանխակալ վերաբերմունքի սովորութային կարծրատիպերը հանգեցնում են նրա արժանապատվության և իրավունքների ոտնահարման: Իր հերթին` համաշխարհայնացման ընկալումների տիրույթում այդ հոռի երևույթը հաղթահարելու փորձերը հանգեցնում են մարդու, նրա ազգային և սոցիալական ինքնության խորքային քայքայման ու այլասերման: Բացի այդ, տարբեր պատճառներով կնոջ ուսերին է ծանրացել նաև սերնդի դաստիարակության պարտականության մեծ մասը, ինչը ոչ միայն հավելյալ կերպով ծանրաբեռնում է նրան, այլև տղամարդու անբավարար մասնակցության պատճառով բացասաբար է անդրադառնում սերնդի լիարժեք դաստիարակության վրա:
  • Առհասարակ` հոգևոր-մշակութային տեսակետից իմաստավորված ու գնահատված չեն մարդը, նրա արժանապատվությունն ու իրավունքները, մարդու կյանքի ու դրա որակի արժեքը, ինչը հանգեցնում է դրանց նկատմամբ սպառողական հոգեբանության առաջացման, ինչպես նաև կյանքի ապատիայի ձևավորման: Այս ամենի հետևանքով մարդն անհաղորդ է դարձել ինչպես իր, այնպես էլ դիմացինի կյանքի ու առողջության, արժանապատվության ու իրավունքների նկատմամբ և հաճախ դյուրին կերպով անցնում է դրանց դեմ ոտնձգելու սահմանը:

 

  • Եզրակացություններ
    • Նյութական աշխարհընկալման գերակայությամբ տեղի ունեցող և կենսագործունեության գրեթե բոլոր, այդ թվում` սոցիալ-մշակութային, ոլորտները ներառող նորգաղութային համակարգի հաստատմանը միտված համաշխարհայնացման համատեքստի և դրա տիրույթում առկա հայկական ազգային առանձնահատկությունների ուսումնասիրությունից պարզվում է, որ զուգահեռաբար տեղի է ունենում սոցիալ-մշակութային համակարգերի հետզհետե ահագնացող քայքայում և դրանցից էապես տարբերվող նոր համակարգերի սաղմերի ծնունդ (առայժմ` առանձին տեղերում և առանձին դրսևորումներով):
    • Մշակույթի ազատականացումը (առևտրայնացում) և տնտեսության մշակութացումը (մշակութի ճկունացում և տեխնոլոգիականացում, այդ թվում` դրանց թվանշայնացման և շտեմարանների ստեղծման, արտադրականացման, փոքր արտադրությունների և տիրաժների հնարավորության, կլաստերականացման, մեդիականացման, մտավոր սեփականության կարևորության բազմապատիկ աճման և դրա նոր ռեժիմի հաստատման միջոցով) ձևավորել են հասարակական ազատության, ինքնավարության և պատասխանատվության միանգամայն նոր վիճակ, որը մի կողմից բերում է մշակութային ստեղծագործականության և նորոգման ահռելի հնարավորություններ, իսկ մյուս կողմից` մշակութային այլասերման և/կամ քարացման հսկայական վտանգներ, որոնք կարող են հանգեցնել մարդու հոգևոր ու ֆիզիկական կենսունակության պարամետրների էական նվազման:
    • Համաշխարհայնացման համատեքստում առաջացող տեխնոլոգիականացած մշակույթների ենթամշակութային բազմազանության և դրանց արագ ու հեղեղանման փոփոխությունների կտրուկ աճման գործընթացին զուգահեռաբար տեղի է ունենում ազգային ինքնությունների զանգվածային ուծացում կամ դրանց գավառականացող ու գռեհկացող ձևերի ծիսականացում, ինչը հանգեցնում է այդ ինքնությունների բովանդակային զառամացման, քարացման ու լուսանցքայնացման և ստեղծագործական անպտղության: Այս վիճակում հայտնվող ազգի ինքնությունը կորցնում է վերարտադրողական կարողությունը` հայտնվելով այդ ազգային ինքնության միջուկի կորստի և/կամ այլասերման կամ դրա տրոհման ու էթնիկացման վտանգի առջև` երկու դեպքում էլ (չափից շատ բաց լինելու հետևանքով ինքնության միջուկի մեջ վնասակար օտար կոդի ներթափանցմամբ այլասերում կամ չափից շատ փակ լինելու հետևանքով դրա վերածում անպտոււղ ձևի) կտրվելով իր կենսունակությունը սնուցող արմատներից:
    • Նշված պատճառներով նաև հայության շրջանում է առաջացել աշխարհի պատկերի ընկալման ամբողջականության կորուստ, ինչի հետևանքով հայկական ինքնության արժեքներն այժմ լիարժեքորեն չեն գիտակցվում, հաճախ նույնիսկ մերժվում են: Նման երևույթը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ինքնության լիարժեք ճանաչողության, ուստի` նաև նրա կենսունակության ու վերարտադրողական կարողականության համար:
    • Այս ամենի հետևանքով աշխարհում և հայության շրջանում կորսվել է նաև արարող ու ինքնակատարելագործվող մարդու մշակույթի գերակա ու որոշիչ դերը:
    • Այս խորապատկերի վրա հնարավոր է դառնում մշակել և վարել տարբեր նպատակներ հետապնդող սոցիալ-մշակութային քաղաքականություններ, որոնց ընտրությունը կախված է տվյալ երկրի սոցիալ-քաղաքական առաջնահերթություններից, պայմանով, որ տվյալ սոցիալ-մշակութային ինքնությունը կրող հանրությունը գիտակցում է դրանք և համապատասխան ջանքեր է գործադրում դրանց իրականացման, մասնավորապես` սոցիալ-քաղաքական խմբերի շահերը բավարար արդյունավետություն ունեցող քաղաքական կամքի վերածելու համար:

 

  • Նպատակները

Գլխավոր նպատակը

  • Ազգային ինքնության ստեղծագործական վերարտադրողականության կարողության բացահայտում և դրա շարունակական հզորացման ապահովում:

Մյուս նպատակները

  • Հոգեպես ու ֆիզիկապես առողջ հայ մարդու ու Հայաստանի քաղաքացու և, դրանով իսկ` ազգի բնականոն ու անխափան զարգացման ապահովում:
  • Արարող և ինքնակատարելագործվող մարդու մշակույթի գերակա ու որոշիչ դերի հաստատման ապահովում:
  • Մարդկության առաջ ծառացած գերխնդիրների ձևակերպման ու լուծ­ման գործում հայության լիարժեք մասնակցության ապահովում:

 

  • Խնդիրները

Հիմնական խնդիրը

  • Անհատի, համայնքների, պետության և համազգային մակարդակներում ինքնության ստեղծագործական վերարտադրողականության աղբյուրի ու արդյունքի` հայկական մշակութային ժառանգության և նոր ստեղծվող մշակութային արժեքների «կորիզային» շտեմարանի (արժեքներ ծնելու ունակ արժեքային կոդերի բարդ ու բազմապիսի համակարգ` հայկազյան սոցիալ-մշակութային «գենոմ») ձևավորման, ամբողջացման և կիրառման ապահովում և դրա միջոցով` հայկական միջավայրում համաշխարհային սոցիալ-մշակութային անցանկալի գործընթացների և արժեքների պրոյեկտման ու յուրացման, ինչպես նաև դարեր շարունակ կրած ծանր կորուստների համախումբ ազդեցությամբ հայության սոցիալ-մշակութային ինքնության համար առաջացած սպառնալի իրավիճակի կասեցում, դրան հակառակ գործընթացի հարուցում և ցանկալի վիճակի ձևավորում, ինչը, ընդհանուր առմամբ, ենթադրում է.
  • «կորիզային» մակարդակով և խորությամբ համազգային, պետական և հասարակական չափումներում մշակութային ժառանգության և ստեղծագործականության, մշակույթի պահպանման և արդիականացման նոր ընկալման ձևավորման նպատակադրում և դրա իրագործման ապահովում,
  • մշակութային ժառանգության «կորիզային» շտեմարանի ստեղծման և ամբողջացման նպատակով փոխառությունների կատարման (գլոկալականացման) սկզբունքների և չափանիշների մշակում,
  • «կորիզային» շտեմարանի քարոզման ու մատչելիության պայմաններում պետության, շուկայի և հասարակության նոր դերի, այդ թվում` կառավարման և ֆինանսավորման նոր դրվածքի ձևավորում, ինչը, մասնավորապես, ենթադրում է արագ ու արդյունավետ որոշումների կայացման մեխանիզմների ձևավորում, այդ թվում` հետադարձ կապի ուժեղացման և կառավարման ապակենտրոնացման, նորամուծական կարողությունների զանգվածաբար մեծացման միջոցով,
  • ազգային ինքնության արդիական ու արմատական վերածրագրավորում «կորիզային» շտեմարանի հավաքման, մշակութային «չորացած» արմատների և ճյուղերի հեռացման (մահացած, ոչ արդիական ձևերից ու ծեսերից ազատման), այլ մշակույթներից անհրաժեշտ փոխառությունների կատարման, «կորիզային» շտեմարանի պահպանման, տարածման ու զարգացման (այդ թվում` կրթության, տեխնոլոգիականացման, կլաստերների ու մշակութային արտադրությունների ստեղծման ու խրախուսման միջոցով) գործունեությունը,
    • «կորիզային» շտեմարանի հիման վրա արդիական կերպերի մեջ անհատի, ընտանիքի, տարածքային, մասնագիտական ու վիրտուալ համայնքների, հասարակության և համայն հայության չափումներում ազատ հայ մարդու և ազատ ու ներդաշնակ հայ հավաքականության կայացմանն ու զարգացմանը նպաստող սոցիալ-մշակութային համակարգի և նրան համապատասխանող` հոգևոր ու ֆիզիկական առումներով ազգային առողջ կենսակերպի ձևավորում և արմատավորում,
    • սոցիալական, մշակութային, գիտակրթական և բնապահպանական ոլորտների ռազմավարությունների համադրված իրականացում` ազգի, պետության և հասարակության` դրա հետ ներդաշնակող կառուցվածք և բնույթ ունեցող սոցիալական միջավայրում, որի ունիվերսալ տարրը տարածքային, մասնագիտական, հասարակական, պետական, համազգային և այլ չափումներում գործող համայնքն է` ազատ ու ինքնիշխան սուբյեկտներից բաղկացած, հոգևոր-մշակութային և այլ ընդհանուր հատկանիշներով առանձնացող սոցիալ-մշակութային համակարգը,
    • առողջ ազգային կենսակերպի հենքի վրա առողջապահության, կրթության, գիտության, սոցիալական ու կենցաղային ենթակառույցի, այդ թվում` դրա բնակելի և հասարակական բաղադրիչների, համընդգրկուն ու արդյունավետ համակարգի ձևավորում ու զարգացում,
    • ժողովրդագրական ոլորտի առաջնային խնդիրների լուծում,
    • «կորիզային» շտեմարանի հիման վրա տղամարդու և կնոջ դերերի, հայրության և մայրության կարգավիճակների, ինչպես նաև տղամարդու և կնոջ հարաբերությունների ազգային համակարգի արդիական վերակերտում` կնոջ սոցիալական և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված արտոնությունների և դրանց մաս կազմող սահմանափակումների սահմանմամբ:

Մյուս խնդիրները

  • «Կորիզային» շտեմարանի ամբողջացում` դրա վերաբերյալ գիտական հետազոտությունների առկա արդյունքների ամփոփման և այդ ոլորտներում անհրաժեշտ նոր գիտական հետազոտությունների կատարման միջոցով:
  • «Կորիզային» շտեմարանի հիման վրա արդի պայմաններում հայ ազգի և հայ մարդու ազատ ու ստեղծագործ զարգացման արժեհամակարգային գերակայությունների, ուղենիշների, նպատակների, խնդիրների և գործողությունների համակարգի ձևավորում (այս համակարգը օպտիմալ համամասնություններով պետք է ձևավորվի մշակութային քաղաքականության համաշխարհային փորձից հայտնի ժողովրդավարական մասնակցայնության (անհրաժեշտ մասով` էլիտարության), տնտեսա-տեխնոլոգիական (անհրաժեշտ մասով` նորամուծության) և մշակութային բազմազանության (անհրաժեշտ մասով` միօրինակության) առանցքների շուրջ առաջացող «մշակութային քաղաքականությունների եռաչափ տարածության» մեջ):
  • «Կորիզային» շտեմարանի ձևավորմանը զուգահեռ` հայկական բազմամշակութային իրավիճակի (արևմտահայ և արևելահայ գրական լեզուների առկայություն, կրոնական և դավանական բազմազանություն, լեզվափոխ հայերի առկայություն և այլն) գնահատման, քարտեզագրման և վերլուծության հիման վրա դրա բաղադրիչների մշակութային կամրջման գործունեության պլանավորում և իրականացում (սա, մասնավորապես, հույժ անհրաժեշտ է ռազմավարական նշանակություն ունեցող հայրենադարձության համար նպաստավոր պայմանների ստեղծման նպատակով):
  • Մշակութային քաղաքականությունների վերոհիշյալ եռաչափ տարածության մեջ թիրախների ընտրություն և հանգրվանային հետագծի ճշգրտում:
  • Ապագա Հայաստանի և հայի սոցիալ-մշակութային կերպարների, ապագա Հայրենիքի տեսլականի ձևավորում ու դրան համապատասխան` ազգի առաքելության և պետության դերի ձևակերպում:
  • Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների ինքնությունների ըստ ամենայնի պահպանում և զարգացում:
  • Համաշխարհային մշակույթի հետ համագործակցության սկզբունքների ու ուղենիշների ձևավորում:

 

  • Սկզբունքները
    • Մշակույթի պահպանման, զարգացման և տարածման ներդաշնակ համադրություն:
    • Ազգայինի դետերմինանտություն և գերակայություն:
    • Ազգայինի և համամարդկայինի օպտիմալ սիմբիոզ` ազգային միջուկի պահպանմամբ:
    • Ավանդականի և արդիականի օպտիմալ սիմբիոզ. ավանդականի հենքի վրա` բայց արդիական կերպերի մեջ:
    • Մշակութային և առողջ ազգային կենսակերպը որպես պետության, հասարակության և անհատի կենսագործունեության բոլոր ձևերի, այդ թվում` սոցիալական ապահովման համակարգի (առաջին հերթին` դրա մաս կազմող առողջապահական ենթահամակարգի), ինչպես նաև քաղաքաշինական և սոցիալական ենթակառույցի այլ հաստատությունների ձևավորման ու զարգացման համակարգաստեղծ բաղադրիչ:

Ռազմավարական հայեցակարգի մասին

 

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Նախախորհրդարանի կազմակերպած հերթական հանրային նարկայացում-քննարկումը։ Այս անգամ Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի սոցիալ-մշակութային ոլորտը։ Ներկայացմանը հետևեցին ներկաների հարցերը և առաջարկները՝ լրամշակելու նախագիծը։

Նոր որակի հայկական պետության սոցիալ-մշակութային ոլորտը

 

Հարց ու պատասխան․ Նոր որակի հայկական պետության սոցիալ-մշակութային ոլորտը